Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՔԱՐՈԶՉՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Մարտ 25,2009 00:00

Մի քանի լրատվամիջոցներ հրապարակեցին տեղեկություններ, որ ՀՀԿ ներկայացուցիչներն արդեն իսկ այցելում են բնակարաններ՝ ստորագրություններ հավաքելով «100 տոկոսանոց ցուցակների» ներքո: Այդ ցուցակներում, որոնց լուսանկարներն էլ են հրապարակվել՝ քաղաքացիները երաշխավորում են, թե իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին, եւ նշում իրենց անուն-ազգանունը, հասցեն եւ հեռախոսահամարը: Իսկ «Ա1+»-ը հրապարակել էր նման ստորագրություններ հավաքող ՀՀԿ շտաբի ներկայացուցչի հետ հարցազրույց, որը նաեւ ֆինանսական օգնություն էր առաջարկել Պուշկինի փողոցի շենքերից մեկի բնակիչ Լիլիթ Հարությունյանին՝ տվյալների դիմաց: «Ես էլ այսպես եմ փող աշխատում: Գնում եմ տներ, 100 տոկոսանոց ցուցակում լրացնում եմ այն մարդկանց տվյալները, ովքեր Բեգլարյանին են ընտրելու: Հարցնում եմ՝ եթե Բեգլարյանի համակիրներն են, միանգամից լրացնում եմ, եթե ոչ՝ ֆինանսական օգնություն եմ առաջարկում»,- ասել էր ՀՀԿ շտաբի անդամը, որը խնդրել էր չհրապարակել իր անունը:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս «100 տոկոսանոց ցուցակների» մասին տեղեկություններին՝ ասաց. «ՀՀԿ-ն քարոզչություն կիրականացնի օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում: Կարծում եմ, ցուցակների մասին այդ տեղեկատվությունն իրականության հետ որեւէ կապ չունի՝ երեւում են հակաքարոզչության տարրեր ՀՀԿ-ի դեմ: Գտնում եմ, որ կոռեկտ չէ առանց անուններ հրապարակելու մեղադրանքներ ներկայացնելը: Սա հակաքարոզչության մի ձեւ է. կարող էր ինչ-որ մեկը տները մտնել՝ ասել, թե ես ՀՀԿ-ից եմ, ընտրեք Գագիկ Բեգլարյանին: Քաղաքացիներն էլ կզանգեն ու կբողոքեն, որ իրենց անհանգստացնում են: Այդպես կարող են մեր տուն էլ մարդ ուղարկել՝ ասել, թե ՀՀՇ-ից ենք՝ ընտրեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, լավ իմանալով, որ ես կարող եմ թեկուզ իմ շրջապատում ասել, որ մեր տուն մարդ էին ուղարկել՝ քարոզչություն անելու կամ գումար առաջարկելու»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել