Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԵԼԻՑ

Մարտ 25,2009 00:00

Այսօր լրացավ Անդրանիկ Մարգարյանի մահվան 2-րդ տարին: Այս առթիվ նպատակահարմար գտանք վերահրապարակել երկու տարի առաջ նրա մասին տարբեր մարդկանց հայտնած կարծիքներից մի քանիսը, որոնք տպագրվել են «Առավոտում»:

Եվրոպական տարածաշրջանային համալսարանի ուսանող Ռաֆիկ Մադաթյան. «Նա իր գործունեության ընթացքում աչքի ընկավ միայն մարդկային բարձր հատկանիշներով ու վայելեց շրջապատի եւ ամբողջ ժողովրդի համակրանքը եւ հարգանքը: Անձամբ ես Ավան համայնքում եմ բնակվում եւ տեսել եմ, թե մարդիկ իրեն ինչպես էին սիրում եւ հարգում՝ որպես քաղաքացի եւ պետական գործիչ»:

ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի խորհրդի անդամ Արամ Իսակյան. «Պարոն վարչապետին ճանաչում եմ շատ վաղուց, Անկախության բանակի առաջին իսկ օրերից, նա մեր ղեկավարը չէր, մեր ընկերն էր, մեր թիկունքը, եւ նրա մահով մեր բոլորի թիկունքը թուլացավ, քանի որ նա սարի պես կանգնած էր մեր՝ հասարակ հանրապետականներիս թիկունքին»:

ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցի խորհրդի անդամ Աղվան Մինասյան. «Անդրանիկ Մարգարյանին ճանաչել եմ 90-ականներից, այս կորուստը շատ ծանր է ինձ համար, նա լավ ընկեր էր եւ լավ մարդ: Ամեն մեր հանդիպումը տնավարի, ջերմ հանդիպում էր, ինքը մեզ համար երբեք զբաղված չէր, ինչպես շատ այլ պաշտոնյաներ: Մենք ինչ-որ պաշտոն կամ այլ բան իրենից չենք սպասել, մերը պարզ, մարդկային հարաբերություններն էին»:

ՀՀԿ Արմավիրի մարզի լիազոր ներկայացուցիչ Նորիկ Դանիելյան. «Նա մեզ համար ոչ թե ղեկավար էր, այլ լավ ընկեր էր, մենք Աշոտ Նավասարդյանին կորցնելուց հետո քայլել ենք Անդրանիկ Մարգարյանի հետ: Նա շատ լավ գիտեր, որ մենք իր զինվորներն ենք: Ինքը անձամբ եղել է մեր տանը եւ ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ, մեր տղաների հետ: Նրա սիրած կենացը մարդ լինելու կենացն էր, ասում էր՝ մարդ լինենք եւ իրար չդավաճանենք: Մեկնումեկիս տուն մտնելիս չէր թողնում, որ իրար խառնվեինք, ասում էր՝ մենակ հացուպանիր եւ սոխ: Մի անգամ վատ բան էի ասել վարչապետի հասցեին, բայց ուրիշների պես վարչապետը ոչ թե քինախնդրություն դրսեւորեց եւ «մուռ հանեց», այլ ընկերական զրուցեց եւ ասաց, որ եթե մի սխալ բան տեսնում եմ, ավելի ճիշտ կլինի՝ անձամբ իրեն ասեմ եւ ոչ թե ուրիշների մոտ խոսեմ: Եվ հետո ոչ մի անգամ ինձ դա չհիշեցրեց: Ինքը իսկական, մեծատառով մարդ էր»:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյան. «Մեր հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը կմնա որպես մարդկային բարձր արժանիքներով օժտված մարդ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել