Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խեղկատակություններ»

Մարտ 25,2009 00:00

Պարույր Հայրիկյանը՝ առաջիկա ընտրությունների եւ հանրային խորհրդի մասին

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ չկարեւորելո՞վ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունները՝ իր ղեկավարած կուսակցությունը չի մասնակցում դրանց: «Հետաքրքիր է, որ ժողովրդավարության որոշակի փուլ անցած Հայաստանը ուղղակի ժողովրդավարությունը փոխարինել է անուղղակի ժողովրդավարությամբ: Այսինքն՝ ուղղակի նախագահ կամ համայնքապետեր ընտրելու փորձ ունեցող Հայաստանը, չգիտես ինչու, որոշել է Երեւանում անուղղակի ձեւով քաղաքապետ ընտրել: Սա նողկալի էր հենց սկզբից իր նկատառումների պատճառով»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Ընդհանրապես, Հայրիկյանն ասում է, որ իրենք թե տեսականում, թե գործնականում պատրաստ են այդ ընտրություններին մասնակցել, բայց քանի որ «նման խեղկատակություններ՝ հետին նկատառումներ կան», նպատակահարմար են գտել չմասնակցել: Այս հարցը քննարկվել է նաեւ յոթնյակում, եւ բոլորն էլ նույն համոզմունքն են արտահայտել. «Կիսատ-պռատ ժողովրդավարություն կայացնելու գործընթացին չենք մասնակցում, քանի որ դրանից ՀՀ-ում ոչինչ չի փոխվելու»: Իսկ ՀԱԿ-ի մոտեցումը, թե կայանալիք ընտրությունները քաղաքական նշանակություն ունեն, Հայրիկյանը չի կիսում. «Սա մի մեծ գյուղի ընտրություն է: Տվյալ դեպքում այդ համայնքը Երեւանն է: Այս ընտրությունները հետաքրքիր են բարոյակրթիչ տեսանկյունից: Բայց անգամ ամենաբարեկիրթ ընտրությունների արդյունքում էլ դա իր բարեկրթիչ դերից ավելին ունենալ չի կարող Հայաստանի քաղաքական, պետութենական կյանքում»:

«Առավոտի» դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ եթե անգամ պատշաճ քանակով ավագանիներ ունենա ընդդիմությունը մայրաքաղաքի կառավարման մարմնում, ապա ի զորու կլինի փոխել աշխատանքների որակը, Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Նախ եւ առաջ, որակ փոխելու ցանկություն ունեցողները իրենցից պետք է որակ ներկայացնեն՝ գրագիտություն եւ անցած ճանապարհ: Դեմոկրատիայի նկատմամբ իրենց ունեցած հավատը պիտի գործով ապացուցեին: Իրենք ունեցել են իշխանություն եւ ավելի լավը չեն եղել, քան ներկայիս իշխանությունը, ավելին՝ նույն թիմն են, ու մեկը մեկի հետ կարծես մրցում է, թե ինչպես կարելի է ժողովրդավարության հերն անիծել՝ նկատի ունեմ անցած բոլոր համապետական միջոցառումները: Ընդունենք, ընդդիմությունը վերցնում է ավագանու տեղերի մեծամասնությունը եւ իրենք լավ էլ որակ ունեն՝ քաղաքական կյանքում դա բան փոխո՞ւմ է»:

Քանի որ վերջերս իրականացավ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը՝ հանրային խորհուրդ ստեղծելու վերաբերյալ, եւ քանի որ այդ առիթով նախագահի մոտ տեղի ունեցած նախնական մեկ-երկու հանդիպումների մասնակցել է նաեւ ԱԻՄ նախագահը՝ հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կարծիք ունի Հայրիկյանն այդ կառույցի ձեւավորման վերաբերյալ: «Այդ կառույցը չի կարող քաղաքական գործչի իդեալ լինել, քանի որ այն ընդամենը խորհրդատվական մարմին է եւ որեւէ լծակ չունի: Եթե ես գնում եմ այդ խորհրդում աշխատելու, նշանակում է՝ որպես քաղաքական գործիչ ինձ ամբողջովին սպառել եմ եւ հաճույք եմ զգում նաեւ որպես հասարակական գործիչ աշխատելու մեջ կամ փորձում եմ օգտակարություն գտնել, քանի որ քաղաքական գործիչը պայքարում է պետութենական գործունեության ընթացքում լծակներ ձեռք բերելու համար: Եթե պիտի տեսակետ հայտնեմ, դա շատ լավ անում եմ նաեւ հիմա՝ առանց այդ խորհրդում մասնակցություն ունենալու: Որպես հավաքական մարմին՝ վատ չէ, բայց լուրջ հույսեր կապել՝ նշանակում է քաղաքական գործիչ չլինել եւ հավակնություններ չունենալ: Քաղաքական լծակների տիրող մարդկանց դու կարող ես քո՝ քաղաքական գործչի դիրքերից բան բացատրել, պարտադիր չէ դրա համար խորհուրդ ստեղծել: Իմ կուսակցությունն իմ խորհուրդն է, որը նաեւ ճանապարհ է անցել եւ մարդկանց որոշակի գաղափարներ տարածելու եւ դրանցում համոզելու փորձ էլ ունի»,- ասաց Հայրիկյանը: Նկատեցինք, որ նախագահի կողմից նշանակվածների թվում է նաեւ ՀՔԴՄ-ի ղեկավար Խոսրով Հարությունյանը՝ Հայրիկյանի ներկայիս գործընկերը: «Որպես անհատ, քաղաքական գործիչը կարող է ուրիշ բաներ անել, բայց եթե ուզում է հասարակության մեջ բան փոխել՝ քաղաքական գործչի ասպարեզն իր կուսակցությունն է»,- եղավ արձագանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել