Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԸ

Մարտ 25,2009 00:00

\"\"Դատելով հնչած հայտարարություններից՝ թյուր պատկերացումներ կան Երեւանի ավագանիների լիազորությունների եւ իրավունքների վերաբերյալ:

Երեւանի ավագանու ընտրությունների սկսված գործընթացը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից դիտարկվում է բացառապես քաղաքական հարթության մեջ՝ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հետ նույն տրամաբանության մեջ: Սակայն արդյոք Երեւանի ավագանին իրո՞ք քաղաքական մարմին է:

Այո՛, հաշվի առնելով, որ այդ մարմինը լինելու է Երեւանի յուրօրինակ խորհրդարանը: Ավագանու անդամի եւ ԱԺ պատգամավորների համար սահմանված օրենսդրական դրույթներում անգամ կա որոշ նույնականություն: Ասենք, ավագանու անդամի լիազորությունները նույնպես կարող են վաղաժամկետ դադարեցվել, «եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»: Կամ՝ ավագանու անդամն էլ չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների, «ինչպես նաեւ ավագանիում հայտնած կարծիքի համար, եթե այն քրեորեն հետապնդելի արարք չէ»: Ավագանու մեջ էլ են լինելու խմբակցություններ, (ի դեպ, ավագանու անդամը կարող է դուրu գալ խմբակցությունից), 4-ից ոչ ավելի մշտական հանձնաժողովներ:

Բայց քաղաքական մարմին լինելու հարցի պատասխանը բացասական է, եթե հաշվի առնենք այն լիազորությունները, որոնք ավագանու համար սահմանված են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» oրենքով: Իսկ այս օրենքով առավելագույնս հստակեցվել ու սահմանվել է ամեն ինչ: Անգամ նշել են, որ ավագանու եւ քաղաքապետի նստավայրն Արգիշտիի փողոց 1 հասցեում է, իսկ Երեւանի պաշտոնական համացանցային կայքն է՝ www.yerevan.am: Այնպես որ՝ եթե այդ կայքէջի անունը հանկարծ փոխվի՝ դա կլինի օրենքի խախտում:

Սակայն դառնանք ավագանուն, որն, ըստ օրենքի՝ պիտի վերահսկողություն իրականացնի քաղաքապետի գործունեության նկատմամբ: Ավագանու լիազորությունները, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» oրենքով, 36-ն են: Թերեւս ամենակարեւորներն են՝ ավագանին ընտրում է քաղաքապետին եւ կարող է որոշում ընդունել քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ:

Բացի այդ՝ ավագանին որոշում է Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը:

Ավագանին uահմանում է տեղական հարկեր եւ տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց uահմանում է վճարներ, որոշում Երեւանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգը: Կարող է որոշում կայացնել վարկերի, փոխատվությունների ներգրավման վերաբերյալ:

Այս քաղաքային խորհրդարանն է որոշում Երեւանի զարգացման ծրագրերը, Երեւանի բյուջեն եւ դրա փոփոխությունները: Նաեւ վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ եւ կարող է վերացնել բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ քաղաքապետի որոշումները:

Օրենքում կան ավագանու երկու լիազորություններ, որոնք թերեւս փոքր-ինչ քաղաքական են: Նախ՝ ավագանու անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող է նշանակվել տեղական հանրաքվե: Սակայն նաեւ սահմանված է, որ այդ հանրաքվեի «արդյունքները պարտադիր բնույթ չունեն»: Եվ երկրորդը՝ ավագանին «Երեւանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ»:

Սակայն մնացած լիազորությունները էլի զուտ համայնքային նշանակության են: Այսպես՝ ավագանին որոշում է ընդունում Երեւանի փողոցների, հրապարակների, զբոuայգիների, Երեւանի ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանումների վերաբերյալ: Նաեւ սահմանում է առեւտրի եւ սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը: Բացի այդ՝ «Որոշում է ընդունում Երեւանում ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության լրացուցիչ պայմանների վերաբերյալ»:

Ընտրողները պիտի շահագրգռված լինեն, որ մայիսի 31-ի ընտրություններում հաղթեն հատկապես այն քաղաքական ուժերը, որոնք կարեւորում են բնապահպանական խնդիրները: Քանի որ հենց ավագանին է, որ որոշում է կայացնելու Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնների վերաբերյալ եւ սահմանելու քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին: Ավագանին որոշում է ընդունում Երեւանի գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ:

Մի քանի մեջբերումներ էլ անենք ավագանու՝ օրենքով սահմանված իրավունքներից: Ավագանու անդամն իրավունք ունի «ելույթ ունենալու ավագանու, ավագանու հանձնաժողովների նիստերում, հարցեր տալու: Կատարելու Երեւանի բնակիչների ընդունելություն, կազմակերպելու հանրային հանդիպումներ: Առաջարկություններ ներկայացնելու ավագանու նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ: Ավագանու եւ քաղաքապետի որոշումները կամ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, եթե խախտվել են նրա՝ որպես ավագանու անդամի, իրավունքները: Ավագանու անդամների 1/5-ը, ինչպես նաեւ յուրաքանչյուր խմբակցություն կարող է դիմել վարչական դատարան՝ ավագանու եւ քաղաքապետի ակտերի իրավաչափությունը վիճարկելու հարցով»:

Այսքանն է: Հիմա հարցական է, թե նախ՝ ինչո՞ւ է ընդամենը 65 անդամ ունեցող այս մարմնի համար ՀՀԿ-ն առաջարկել 180, իսկ ՀԱԿ-ը՝ 167 թեկնածուներ: Բայց ամենակարեւոր հարցն է, թե վերոթվարկյալ զուտ տեղական ինքնակառավարման խնդիրներ լուծող մարմնում ի՞նչ արդյունավետությամբ պիտի գործեն քաղաքական գործիչներն ու արվեստագետները, որոնցով լեցուն են ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական ուժերի ցուցակները:

Հ. Գ. Այլ հարց է Երեւանի քաղաքապետը, որի լիազորություններն ու իրավունքներն այս օրենքով զգալիորեն մեծացել են, եւ սա դառնալու է առավել ընդգծված քաղաքական պաշտոն: Այս մասին՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել