Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՄԻՏՈՒՄԸ

Մարտ 25,2009 00:00

\"\"«Վեցի» գործով պաշտպանները համարում են, որ Վճռաբեկ դատարանի կայքէջում հրապարակված ապատեղեկատվությունը բացահայտեց մեղադրողների ու դատավորի ծրագրած «դավադրություններից»
եւս մեկը:

Երեկ «Հայացք» ակումբում Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով «Յոթի» գործով մարտի 23-ին վերսկսված դատական նիստը մինչեւ ապրիլի 1-ը հետաձգելու մասին դատարանի որոշման շարժառիթներին, հայտարարեց, որ թեեւ դատավորը նիստը հետաձգելու իր որոշումը պատճառաբանել էր մեղադրողի միջնորդությամբ, այն է՝ «որպեսզի մեղադրող կողմը իր դիրքորոշումը հստակեցնի մեղադրանքի վերաբերյալ», այդուհանդերձ, «նույն օրը դատախազության կայքէջում տեղադրվեց նիստը հետաձգելու շարժառիթների վերաբերյալ մի հաղորդագրություն, որն ակնհայտ կեղծիք է պարունակում»:

Այդ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է, թե, քննարկելով մեղադրողների միջնորդությունը, եւ նկատի ունենալով, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, եւ եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու եւ նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն», ուստի՝ դատարանը բավարարել է մեղադրող կողմի միջնորդությունն ու հետաձգել դատական նիստը:

«Առավոտը» փորձեց պարզել, թե ինչ է կատարվել իրականում, որովհետեւ մարտի 23-ի դատական նիստում մեղադրողն, իսկապես առանց որեւէ հոդված վկայակոչելու, դատարանին պարզապես միջնորդել էր իրեն ժամանակ տրամադրել ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 6 ամբաստանվողների մեղադրանքների վերաբերյալ իր դիրքորոշումը հստակեցնելու համար: Նախ, պարզվեց, որ Ա. Մուսինյանի վկայակոչած հաղորդագրությունը տեղադրված է ՀՀ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջում: Վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ Ալինա Ենգոյանը, ի պատասխան մեր հարցադրմանը, պնդեց, որ մարտի 23-ի դատական նիստը դատավորը հետաձգել է, նկատի ունենալով «մեղադրող կողմի՝ միջնորդության մեջ մատնանշված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը», եւ ղեկավարվել է նույն օրենսգրքի 313-րդ հոդվածով: Ա. Ենգոյանը պարզաբանեց, որ թյուրընկալման արդյունք է այն, թե, իբր, մեղադրողը դատը հետաձգելու իր միջնորդությունը պատճառաբանել է նրանով, որ «ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել…» եւ այլն: Ըստ Ենգոյանի՝ կայքէջում դատախազի մատնանշած հիշյալ հոդվածն ինքն է ավելի «բացված տեքստով» տեղադրել՝ հասկանալի մատուցելու համար: Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ առկա՝ «ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում» ձեւակերպմանը, ապա Ա. Ենգոյանը դա այսպես բացատրեց. «Դա կարող է վերաբերել ՔՕ 225 եւ 300 հոդվածներում տեղի ունեցած փոփոխություններին եւ լրացումներին»:

«Վեցի» գործով պաշտպանները, սակայն, Վճռաբեկ դատարանի կայքում հայտնված եւ խառնաշփոթ առաջացրած հաղորդագրությունը միայն որպես «ապատեղեկատվություն» չէ, որ որակեցին: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նկատեց, որ իրականում այնպիսի միջնորդություն, ինչպիսին ներկայացվել է կայքում, մեղադրողի կողմից դատարանում չի հրապարակվել. «Մեղադրողը որեւէ հոդված չի վկայակոչել: Նա պարզապես միջնորդել է դատական նիստը հետաձգել, որպեսզի օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների հետ կապված մեղադրանքների վերաբերյալ դիրքորոշում հստակեցնի»: Ստ. Ոսկանյանը չբացառեց, որ հրապարակված տեղեկատվությունը, թերեւս, ավելի վաղ է նախապատրաստված եղել, որը հրապարակվել է սխալմամբ:

Գործով մեկ այլ պաշտպան՝ Հովիկ Արսենյանն էլ, խոսելով պաշտոնական կայքում տեղադրված ապատեղեկատվության մասին, կարծիք հայտնեց, թե դա միայն մեկ բան է նշանակում. «Իշխանությունները համաձայնեցված ու արագացված տեմպերով ուզում էին հասնել դատաքննության փուլ եւ հրապարակել մեղադրական եզրակացությունը, որը միանշանակորեն հիմք կտար վկայակոչելու հենց այդ՝ 309.1-րդ հոդվածը: Դա պահված տարբերակ է եղել, որը թյուրիմացաբար հրապարակվել է կայքէջում: Սա բացահայտումն է այն պլանավորած ծրագրի, որն իրենց՝ մեղադրողներին ու դատավորին, իրագործել չհաջողվեց, եւ դատավարությունն այդպես էլ դատաքննության փուլ չմտավ»: Պաշտպան Հ. Արսենյանի պնդմամբ, ՔՕ 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխությունների արդյունքում հստակ է, որ հիշյալ հոդվածներով մեղադրվող 6 ամբաստանվողների, նաեւ հետախուզման մեջ գտնվող 3 անձանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, եւ վերացվեն նաեւ նրանց խափանման միջոցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել