Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐ, ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԱԿ-Ը

Մարտ 24,2009 00:00

Ի հեճուկս մարքսիստ Դավիթ Հակոբյանի, որը «իրենց սոցիալիստ հռչակածներին»՝ Սոցիալիստական կոնֆերանսի անդամներին, կոչ արեց իրենից սոցիալիստ չլինել եւ ՀԱԿ-ի շրջանակներում գործելով՝ նախ ազատվել այս իշխանություններից, հետո նոր մտածել նոր քաղաքական-հասարակական ֆորմացիային անցում կատարելու մասին, նախորդ ուրբաթ կոնֆերանսի անդամները «Սոցիալիստական հռչակագիր» անվամբ մի փաստաթղթի նախագիծ են ընդունել, որում, մասնավորաբար, ասված է. «Մենք տեսնում ենք, որ կապիտալիստական համակարգը, հատկապես դրա ամենամերկ ու հարյուրամյակների ընթացքում կոմպենսացիայի մեխանիզմներ ստեղծել չհասցրած հայկական տարբերակն այժմ աշխարհում հայտնվել է ճգնաժամի, իսկ Հայաստանում՝ ակնհայտ աղետի առջեւ: Ուստի հարաբերական բարելավումների ու բուրժուա-դեմոկրատական հեղափոխության փուլը Հայաստանում մենք համարում ենք ուշացած եւ ոչ ակտուալ: Մենք պնդում ենք, որ միայն երկրի ու հասարակության անհապաղ անցումը սոցիալիստական արժեքներին, այսինքն՝ հասարակության գիտակցված կառուցվածքին, կարող է փրկել մեր երկիրը, ստեղծել մեր ապագան»: Սոցիալիստները գտնում են, որ ինքնագիտակցման ու ինքնակայացման համար հասարակությունը պետք է ունենա վերահսկողության սեփական, անկախ մարմիններ, որոնք չեն փոխարինում պետական մարմիններին, ավելին՝ վերադաս ու հսկող են պետական բյուրոկրատիայի նկատմամբ: «Այդ նպատակով էր ժամանակին ստեղծվել Հայոց Համազգային Շարժումը, իսկ այժմ հռչակված է Հայոց Ազգային Կոնգրեսը: Առաջինը հետագայում վերածվեց իշխող կուսակցության՝ պետապարատի մի մասի: Երկրորդի դեպքում էլ չեն բացառվում նման զարգացումները»: Ուստի սոցիալիստները կոչ են անում, որպեսզի «ՀԱԿ-ը վերածվի մշտական գործող Ազատ Սահմանադիր ժողովի, որի միջոցով հասարակությունը մշտապես, այլ ոչ միայն ընտրապայքարի ժամանակահատվածում, հսկողություն կիրականացնի պետության գործունեության հանդեպ, ինչպես նաեւ կմշակի հասարակության զարգացման հիմնարար արժեքներն ու կձեւավորի դրանցից բխող ռազմավարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել