Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՏԱՐԵԴԱՐՁ

Մարտ 24,2009 00:00

Էջմիածնի քաղաքապետի հաշվետվությանը շատերն էին սպասում, որովհետեւ տեղական ինքնակառավարման պատմության մեջ թերեւս առաջին դեպքն էր լինելու, որ քաղաքապետը համայնքի ֆինանսական շարժի մասին պետք է հաշվետվությամբ հանդես գար հրապարակայնորեն՝ բաց եւ թափանցիկ: Եվ շաբաթ օրը՝ մարտի 21-ին, շատերն էին գնացել հաշվետվություն լսելու: Դահլիճը լցվել էր. մարդկանց հետաքրքրում էր, թե իրենց հարկ ու տուրքից գոյացած բյուջեն ինչի՞ վրա են ծախսում, ինչպե՞ս են ծախսում, ինչքա՞ն են ծախսում:

Հաշվետվության նկատմամբ հասարակության հետաքրքրությունը մեծացրել էին հատկապես խոսակցություններն այն մասին, որ սոցօգնության նպատակով բյուջեից խոշոր չափի գումարներ են դուրս գրվում, որոնց չնչին մասն է միայն հատկացվում դիմումատուներին, իսկ մնացածը գրպանվում է: Տրամադրված, որ քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ուր որ է՝ լումա առ լումա կներկայացնի համայնքի բարեկարգման ու կանաչապատման, ինչպես նաեւ այլ աշխատանքների վրա ծախսած գումարները, վերջ կդնի այն խոսակցություններին, որոնք ցեխ են շպրտում իր բարի անվան վրա, էջմիածինցիներն անհամբեր սպասում էին նրա ելույթին: Բայց՝ ի՜նչ ելույթ, ի՜նչ հաշվետվություն…

Փաստորեն, քաղաքապետը կատակ էր արել… Էս ժողովուրդն էլ կատակին չի դիմանում: Երբ հաշվետվության մասին նախապես հայտարարված միջոցառումը սկսվեց, պարզվեց, որ ոչ մի հաշվետվություն էլ չկա: Պարզապես՝ քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավար Ռուբեն Շարբաթյանի ծննդյան տարեդարձն էր, ու քաղաքապետը ցանկացել էր նրան շնորհավորել՝ հաշվետվության անվան տակ անակնկալ միջոցառում մատուցելով: Բան ու գործ թողած-եկած էջմիածինցիները զարմացած իրար էին նայում: Հիասթափված, խաբված ու ծիծաղելի վիճակի մեջ հայտնվածներին ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան ծափահարել ու շնորհավորել մաեստրո Ռուբեն Շարբաթյանին՝ տարեդարձի առիթով: Կարծիք կա, թե տեղի ունեցածը Ռուբեն Շարբաթյանին վաստակած հանգստի ուղարկելու միջոցառում էր:

Իսկ հաշվետվությունը՝ մի ուրիշ անգ ամ: Երեւի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել