Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒ

Մարտ 24,2009 00:00

Օրերս Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի մաթեմատիկայի դասախոս Արթուր Սարգսյանի «Դասավանդման եւ դաստիարակության մեթոդիկա» մասնագիտությամբ՝ մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության հրապարակային պաշտպանությունը: «Մանկավարժական տեխնոլոգիաների կիրառությունը որպես մաթեմատիկայի դասավանդման արդյունավետության բարձրացման գործոն» թեմայով ատենախոսության ղեկավարն էր մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուբեն Սարգսյանը:

«Հեղինակը քննարկել է այնպիսի հարցեր, որոնք իսկապես ուշադրության են արժանի, եւ կա ինքնուրույն հետազոտություն, հեղինակը չի անտեսել սեփական խոսք ասելու անհրաժեշտությունը: Հետազոտողի լաբորատորիան եղել է դպրոցը եւ մանկավարժը, չի եղել սեղանը, աթոռը, գրիչը»,- սկսեց պաշտոնական ընդդիմախոս, մանկ. գիտ. դոկտոր Արամ Աբրահամյանը, ում անընդհատ ընդհատում էր մանկ. գիտ. թեկնածու Սերգեյ Մանուկյանը, պնդելով, որ նրա նշածները արտագրած մտքեր են: Ընդդիմախոսն, ի պատասխան, ասաց. «Հարգելի Մանուկյան, Դուք գիտեք, որ ես Ձեր խոսքի տակ մնացող տիպը չեմ: Իմ ընկերներին մի գաղտնիք եմ ուզում ասել, որ աշխատանքը դրական գնահատել եմ, հիմք ընդունելով Ձեր տեսակետը, որ որպես փորձագետ աշխատանքը խիստ դրական եք գնահատել»: Խոսելով աշխատանքի առավելություններից՝ ընդդիմախոսը նշեց նաեւ, որ ատենախոսությունում կան նաեւ թերություններ, որոնք ազդում են ատենախոսության թե՛ գիտական, թե՛ մանկավարժական որակի վրա, բայց ընդհանուր առմամբ ատենախոսությունը բավարարում է ներկայացվող պահանջներին, եւ ինքը գտնում է, որ խորհուրդը սխալված չի լինի, եթե քվեարկի ատենախոսության օգտին: Իսկ Ս. Մանուկյանը հակադարձեց. «Ժամանակին պետք է կանգնեցնել, որ չարտագրեն, թող մեկն ասի, որ ես այսքան ժամանակ ինչ-որ միտք արտագրել եմ»: Ավելի ուշ նա ասաց. «Աշխատանքը պետք է հանել պաշտպանությունից, որովհետեւ թերություններ շատ կան, հեղինակը լավ աշխատող է, պետք է նրան ժամանակ տալ, թերությունների պատճառը գիտական ղեկավարի վատ մասնակցության պատճառով է եղել»: Նրան խորհրդի նախագահի տեղակալ Լեմս Ներսիսյանն արգելեց խոսել: Ի պատասխան՝ ընդդիմախոսն ասաց. «Է՞ս է ձեր կազմակերպած պաշտպանությունը, ամոթ է` սա ի՞նչ բան է, ես ձեր տուն չեմ եկել, կարող եմ 3 անգամ էլ ելույթ ունենալ, տեսնում ենք, թե ինչպիսի նախագահ եք եւ ինչ եք գրել, պաշտպանությունը կարող է 5 ժամ էլ տեւել, այդ որտե՞ղ է գրված, որ պետք է մի անգամ ելույթ ունենալ: Մարդը ուսումը եւ դաստիարակությունը իրարից չի տարբերում, խոսում եք խմբային դաստիարակության մասին, երբ որ խոսքը խմբային ուսուցման մասին է»: Քվեարկության արդյունքում խորհրդի 14 անդամներն էլ կողմ քվեարկեցին, 350 կմ ճանապարհ կտրած Արթուր Սարգսյանն էլ ստացավ մանկ. գիտ. թեկնածուի աստիճանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել