Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ԶԱՎՐԻԿ ՊԱՊԻ ՍՐԲԱՏԵՂԻՆ

Մարտ 24,2009 00:00

«Ժամանակին այս տարածքում գոմ է եղել, իսկ այդ գոմի մի անկյունում՝ մոմ վառելու տեղ: Ես փոքր էի, եւ ամեն անգամ հետաքրքրությամբ հետեւում էի, թե ինչպես են ծնողներս երկյուղածությամբ մոմ վառում ու աղոթում այդ փոքրիկ անկյունում»,- պատմում է Զավեն Աբրահամյանը, որին ճանաչողները Զավրիկ պապ են կոչում:

Հետագայում Զավրիկ պապը որոշում է այդ գոմի փոխարեն սրբատեղի սարքել՝ «Թուխ մանուկ»: Գոմի հատակը անհարթ էր, եւ նա որոշում է լցնել այդ փոսը: Մի օր էլ երազ է տեսնում, ինչն էլ թույլ չի տալիս նրան հարթեցնել հատակը:

«Երազիս այս տեղը տեսա՝ չորս կողմը վառված մոմեր էին դրված: Մի պահ շատ վախեցա, մտածելով, որ պաժառ ա ընկնում: Բայց երբ մոտեցա՝ տեսա, որ հինգ կին չոքած աղոթք էին անում. երեքը ներսում էին, երկուսը՝ շեմքի մոտ: Շեմքին նստած կանանցից մեկը իմ հարեւանուհին էր: Նա նայեց ինձ եւ ասաց, որ փոսը թողնեմ այնպես, ինչպես կա: Հետո նրանք հինգն էլ շտապով դուրս եկան, ես էլ արագ-արագ գնացի նրանց հետեւից: Բայց երբ ուզում էի դուրս գալ, չկարողացա, որովհետեւ իմ առջեւ մեծ պարիսպ առաջացավ: Ես մնացի մենակ եւ դուրս գալու ոչ մի հնարավորություն չունեցա»,- պատմում է Զավրիկ պապը:

Այդ երազից հետո նա սկսում է սարքել սրբատեղին: Պապը հավատում է երազներին եւ կարծում է, որ դրանք միշտ էլ իրականանում են, որովհետեւ Աստված է դրանք ուղարկում: Այդ իսկ պատճառով Զավրիկ պապը փոսը թողնում է այնպես, ինչպես որ կար: Երազում տեսած պարիսպը նա որպես նշան է ընդունում եւ սկսում է պարսպապատել սրբատեղին:

Փոքրիկ սրբավայրի պատերն ամբողջությամբ ծածկված են սրբապատկերներով, խաչերով եւ աղոթագրքերով, որոնցից որոշները Զավրիկ պապն է դրել, իսկ մեծ մասը՝ հավատացյալները: «Հավատքով մարդիկ շատ կան, որ գալիս են էստեղ աղոթում ու հոգեկան հանգստություն գտնում: Նրանք էլ իրենց հետ որպես նվեր նկարներ, գլխաշորեր են բերում կամ պարզապես գալիս են մոմ վառելու: Կարեւորը, որ էդ ամեն ինչը հավատքով է արվում»:

Զավրիկ պապը ամեն օր պարտադիր գալիս է իր «Թուխ մանուկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել