Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մարտ 24,2009 00:00

Երեւանի Մամուլի ակումբը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ օրերս Աղվերանում կազմակերպել էր

սեմինար՝ նվիրված Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների լուսաբանմանը:

Զեկուցմամբ հանդես եկան ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը, իրավագետ, «Ժողովրդավարություն» հ/կ-ի փոխնախագահ Հրայր Թովմասյանը, ԵՄԱ տեղեկագրի խմբագիր Էլինա Պողոսբեկյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Երկիր Մեդիա» TV-ի հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Սեմինարի ընթացքում մասնակիցներն անդրադարձան օրենսդրությանը ՏԻՄ ոլորտում, Երեւանի կարգավիճակի փոփոխությանը եւ մայրաքաղաքային իշխանությունների մայիսի 31-ի ընտրություններին, ՏԻՄ ընտրությունների ժամանակ Հայաստանի TV-ների կողմից արդիական խնդիրների լուսաբանման դիտարկման արդյունքներին, ՏԻՄ ընտրությունների լուսաբանման միտումներին, փորձին ու առանձնահատկություններին՝ առանձին լրատվամիջոցներում, խոսք գնաց նաեւ ՏԻՄ ընտրությունների համատեքստում մամուլի ինքնակարգավորման դերի մասին: Ներկայացվեցին նաեւ ԵՄԱ-ի դիտարկումները՝ կապված Հայաստանի TV-ների կողմից արդիական խնդիրների լուսաբանմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Նշենք, որ 2008 թ. սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը ԵՄԱ-ն իրականացրել է հայաստանյան 11 հեռուստաալիքի կողմից ՏԻՄ ընտրությունների լուսաբանման դիտարկում: Դիտարկման խնդիրն էր բացահայտել Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների հետաքրքրության աստիճանը՝ ընտրարշավի, ինչպես նաեւ Հայաստանի համայնքների, տարածաշրջանների արդիական խնդիրների նկատմամբ, որոնք, ինչպես ենթադրվում է, պետք է հայտնվեին ՏԻՄ թեկնածուների ուշադրության կենտրոնում: Դիտարկման առարկա են եղել լրատվական, լրատվավերլուծական ծրագրերի հիմնական թողարկումները եւ բանավեճային հաղորդումները Հայաստանի 11 հեռուստաալիքներում՝ «Հ1», «հ2», «ԱԼՄ», «Արմենիա», «Շանթ» եւ մարզային հեռուստաալիքներից՝ «Շիրակ», «Ցայգ», «ԳԱԼԱ», «Լոռի», «ՄԻԳ», «ՍՈՍԻ»: ԵՄԱ-ն նաեւ սոցիոլոգիական հարցում է անցկացրել այն քաղաքներում, որտեղ հեռարձակվում են հետազոտված TV-ները (Երեւան, Գյումրի, Վանաձոր, Կապան):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել