Լրահոս
Օրվա լրահոսը

Սնահավատությունից՝ ամուսնություն

Մարտ 24,2009 00:00

«Ով ուզում է ամուսնանալ՝ թող Ավագ հինգշաբթի գնա Մայր աթոռ»

«Խավարման օրը մենք բոլորս գնում ենք եկեղեցի եւ սպասում, թե ով ում է ծակելու: Երեք տարի առաջ նա ինձ ծակեց եկեղեցում, եւ հենց դա պատճառ հանդիսացավ, որ մենք ամուսնանանք: Հենց այդ օրվանից մենք իրար ուրիշ աչքերով սկսեցինք նայել»,- պատմում է Արմինե Սիմոնյանը, որն իր ամուսնուն՝ Արթուր Ավետիսյանին, առաջին անգամ հանդիպել է Մեծ Պահքի շրջանի Ավագ հինգշաբթի օրը, որը նվիրված է Քրիստոսի վերջին ընթրիքին: Այդ օրը առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սբ. պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն, իսկ Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, ինչը վերաբերում է Ավագ ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Սակայն Ավագ հինգշաբթին շատ երիտասարդների համար այլ խորհուրդ ունի: Երբ Խավարման կարգի ժամանակ եկեղեցիներում անջատվում են լույսերը, երիտասարդները սկսում են իրար գաղտնի ծակել տարբեր փոքրիկ եւ սուր իրերով: «Ամբողջ իմաստն այն է, որ աղջիկը պետք է շրջվի եւ տեսնի, թե ով է իրեն ծակում: Միայն այդ դեպքում Աստված կմիացնի այդ երկու սրտերը: Իմ բախտը այնքանով բերեց, որ ես միանգամից ճանաչեցի ինձ ծակող տղային: Նա մեր հարեւանի տղան էր, սակայն մինչեւ այդ օրը մենք ընդամենը լավ ընկերներ էինք: Իսկ այդ օրվանից մեր մեջ սեր առաջացավ, ինչի վկան այսօր մեր փոքրիկ Աշոտիկն է»,- պատմում է Արմինեն: Նա համոզված է, որ եթե այդ օրը Արթուրն իրեն չծակեր, նրանք երբեք չէին ամուսնանա: Ըստ նրա, ով ուզում է ամուսնանալ՝ պետք է Ավագ հինգշաբթի գնա Մայր աթոռ: Իսկ երբ Արմինեն փոքրիկ Աշոտիկին էր կերակրում, Արթուրը ծիծաղով ու ցածրաձայն պատմեց. «Ինչ ծակել, ինչ բան… Ես երկար ժամանակ սիրահարված էի Արմինեին: Այդ օրն էլ տեսա, որ եկեղեցի է գնում: Հետեւից գնացի ու նրան ծակեցի: Հետո էլ երբ սկսեցի սեր խոստովանել, նա այնքան հավատաց այդ ամենին, որ մի քանի օրից ընդունեց առաջարկությունս»:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի քահանաներն այս երեւույթը անվանում են սնահավատություն եւ մեկնաբանում դրա առաջացման պատճառները: Ըստ նրանց՝ պատճառներից մեկն այն է, որ Էջմիածնում երիտասարդներն իրենց ժամանցը չեն կարողանում ճիշտ կազմակերպել, քանի որ բացակայում են մշակութային եւ ժամանցային տարբեր կառույցներ: Անգամ երբ դպրոցում երեխաները դասերի չեն նստում, եկեղեցուց բացի՝ ուրիշ գնալու տեղ չեն ունենում: Այդ է պատճառը, որ զուտ եկեղեցական արարողությունների մեջ անգամ երիտասարդները ստեղծում են իրենց հետաքրքրող իրավիճակներ: Հոգեւորականները չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է երիտասարդության հոգեբանությունից հանել այս սնահավատությունը: Նրանք հույս ունեն, որ իրար ծակելուց եւ սիրահարվելուց բացի, յուրաքանչյուր երիտասարդ, ով այդ օրը ոտք կդնի եկեղեցի, կհիշի Ավագ հինգշաբթիի իրական խորհուրդը: Իսկ Ավագ շաբաթվա հիմնական արարողություններն սկսվում են Ավագ հինգշաբթի օրը, որին հաջորդող Ավագ ուրբաթը խորհրդանշում է Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը եւ արդար հոգիների ազատումը: Ըստ եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Իսկ Կիրակի օրը Հայաստանյայց առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաեւ Զատիկ, ինչը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Այս տարի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը նշվելու է ապրիլի 12-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել