Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԶԳԵՍՏՆ ԷԼ Է «ԲԱԽՏԱՎՈՐ» ԼԻՆՈՒՄ

Մարտ 24,2009 00:00

Ըստ հարսանյաց սրահների աշխատակիցների, եթե հաջողակ հագուստ չեղավ՝ ամիսներով կմնա մանեկենի վրա

Հավանաբար բոլոր աղջիկների երազանքն էլ նույնն է՝ պսակվելիս կրել հարսանեկան ամենաշքեզ զգեստը: Գուցե տարիներ առաջ հարսանեկան զգեստին շատ քչերն էին մեծ նշանակություն տալիս, բայց այսօր պատկերն այլ է: Եթե նախկինում հայ աղջիկները հարսանեկան զգեստ ընտրելու այնքան էլ մեծ առաջարկ չունեին, ապա այսօր ճիշտ հակառակն է:

«Հարսիկ», «MS», «Փարիզ», «Աելիտա», «Սվետլանա», «Նարոտ», «Աֆրոդիտե»… թվարկվածներն այն բազմաթիվ հարսանյաց զգեստներ ու նմանատիպ պարագաներ տրամադրող սրահներից մի քանիսի անուններն են, որոնք հարսնացուներին առաջարկում են բազմապիսի հագուստներ: Ինչպիսի՞ն է հայուհիների ճաշակը հարսանյաց զգեստ ընտրելիս, ի՞նչն են կարեւորում հագուստի մեջ եւ ի՞նչ քմահաճույքներ ունեն, հարսանյաց հագուստների գնային համակարգը համապատասխանո՞ւմ է հայ փեսացուների գրպանի պարունակությանը. այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ՝ շրջելով քաղաքի մի քանի հարսանյաց սրահներով: Օրինակ, «Հարսիկ» հարսանյաց սրահի մենեջեր Ռուզաննայի ձեւակերպմամբ՝ հասարակության մեջ ձեւավորված կարծիքն այն մասին, թե բոլոր հայուհիները միօրինակ են, նույն ճաշակի տեր՝ սխալ է. «Ընդհանրապես հայուհիները միմյանցից շատ տարբեր են, դա նկատվում է հատկապես վերջին մի քանի տարվա ընթացքում: Գալիս եւ այնպիսի զգեստ են ուզում, որը կտարբերվի սալոնում առկա բոլոր զգեստներից: Հայուհիների մեջ նկատվում է այդ նրբանկատությունը, ամեն մի մանրուքի ուշադրություն են դարձնում եւ կարելի է ասել, որ բոլորն էլ, ժողովրդի լեզվով ասած, շորասազ են եւ բոլորին էլ շատ է սազում հարսանյաց հագուստը…»: Ինչ վերաբերում է հարսնացուների քմահաճություններին՝ Ռուզաննան ասաց. «Հարսնացուները շատ քմահաճ են դարձել, եթե նախկինում միայն սպիտակ զգեստներին էին ուշադրություն դարձնում, ապա այսօր ընտրում են տարբեր գույնի զգեստներ: Գունային մեծ փոփոխություն կա, այսօր արդեն մեծ տեղ են տալիս մարմնագույնին, պատահել է նաեւ կարմիրին, երկնագույնին, մի խոսքով, բացի սեւից՝ բոլոր գույներն էլ ընտրում են: Մեծ նշանակություն են դարձնում նաեւ հագուստի ձեւին: Ես նկատել եմ, երբ հարսնացուները մտնում են սրահ, անմիջապես հայացքով փնտրում են ուռուցիկ զգեստներ, սակայն այս տարի ակտուալ են ուղիղ հարսանյաց հագուստները»:

«Աֆրոդիտե» հարսանյաց սրահի մենեջեր Էլիզայի խոսքով էլ՝ հայուհիները վերջին վեց ամիսների ընթացքում դարձել են ավելի պարզ եւ հասարակ. «Ասում են՝ որքան մարդ, այնքան ճաշակ: Այս տարի մեր աղջիկները մի տեսակ համեստացել են՝ գերակշռող մասը ընտրում է դասական ոճի հագուստ, բայց կան շատ աղջիկներ, որ ամեն ինչում ձգտում են առանձնահատուկ լինել, չկրկնվել՝ հագուստից մինչեւ տարոսիկներ: Կան նաեւ այնպիսիները, որ ինչ էլ առաջարկես՝ համաձայնում են՝ միայն թե սպիտակ լինի եւ հարսի զգեստ կոչվի, բայց նրանք, կարելի է ասել, բացառություններն են: Գովելի է նաեւ այն փաստը, որ այսօր արդեն աղջիկների ցանկությամբ է զգեստն ընտրվում եւ ոչ թե սկեսուրի, ինչպես նախկինում էր»:

«Աելիտա» սրահի աշխատակցուհի Արմինեն քմահաճությունների մասով նկատեց. «Հարսնացուները պահանջում են այնպիսի զգեստ, որ իրենց թերությունները կծածկի, որ թմբլիկ չերեւան…»:

«Նարոտ» սրահի տնօրեն Արմինեն էլ ասաց. «Աղջիկները հիմնականում նշանակություն են տալիս զգեստի՝ իրենց նիհար ցույց տալուն, ասում են՝ այնպիսի զգեստ եմ ուզում, որ հանկարծ ինձ չչաղացնի, կառուցվածքս էլ գեղեցիկ երեւա: Ես 12 տարի արդեն այս ոլորտում եմ եւ նկատել եմ ճաշակի մեծ փոփոխություն: Այն հարսնացուները, ովքեր ավելի հասուն տարիքում են ամուսնանում՝ մեղմ հագուստներ են նախընտրում, ովքեր ավելի երիտասարդ են՝ թռվռուն, թեթեւ, որքան հնարավոր է բաց հագուստներ են ուզում: Օրինակ, անձամբ ես դեմ եմ թափանցիկ սեղմիրաններին (կորսետ), որովհետեւ ներքնազգեստի տպավորություն է թողնում եւ պատշաճ չէ այդպես եկեղեցի մտնելը»:

Ինչպես պարզեցինք սրահներից, հարսանյաց հագուստները հիմնականում վարձույթով են տրվում: Օրինակ, «Նարոտ» սրահում զգեստի վարձակալությունն արժե 30 000-ից մինչեւ 200 000 դրամ, «Աֆրոդիտե» սրահում՝ 30 000-ից մինչեւ 270 000, «Հարսիկում»՝ 60 000-ից մինչեւ 600 000 դրամ: Վաճառքի դեպքում զգեստը գնողը ստիպված է վճարել վարձույթի եռապատիկը: Ըստ «Նարոտ» սրահի տնօրենի. «Հարսանյաց զգեստը թանկ չի կարող լինել, այն չի աշխատի, քանի որ մեր հայերը 700-800 հազար դրամ ծախսում են ուտելիքի վրա եւ ընդամենը 100 դոլար տրամադրում հարսի շորին»: Մեր զրուցակիցները նաեւ նշեցին, որ հագուստների վաճառք Հայաստանում գրեթե չի իրականացվում: «Նարոտի» տնօրենի խոսքով, վաճառք իրականացվում է միայն այն դեպքում, երբ հարսնացուն պետք է դուրս գնա հանրապետությունից: «Հարսիկ» սրահի աշխատակցուհին էլ կատակով մեկնաբանեց. «Վաճառքը ձեռնտու չէ. նույն այդ գնորդը օրեր անց բերում է հագուստը եւ խնդրում, որ նորից այն դնենք վարձույթի՝ ի շահ իրեն»:

Ինչ վերաբերում է հագուստների վարձույթի հաճախականությանը, «Հարսիկ» սրահի մենեջերն ասաց. «Հագուստները լինում են աշխատող կամ չաշխատող, կա հագուստ, որն ընդամենը մեկ անգամ է վարձույթով տրվել, կան այնպիսի հագուստներ, որ մինչեւ 14 անգամ տարել են: Այստեղ խնդիրն այն է, որ ամեն վարձելու հետ հագուստի գինը հաջորդի դեպքում ընկնում է, օրինակ, եթե 600 հազարանոց զգեստը մեկ անգամ տանեն, մյուս անգամ ես այն չեմ կարող նույն գնով տալ, գինը մինչեւ 500 000 կիջնի: Իսկ թե վնասված էլ վերադարձնեն, այդ դեպքում կտրուկ եւ շատ է իջնում հագուստի գինը: Այնպես որ, հարսանյաց զգեստն էլ ունի բախտ, եթե հաջողակ հագուստ եղավ՝ շատ գումար կաշխատի, եթե ոչ՝ տարիներով կմնա մանեկենի վրա կախված ու ոչ ոք ուշադրություն չի դարձնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել