Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 24,2009 00:00

Սյուզի Կենտիկյանը պահպանեց գոտիները

\"\"Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA/WIBF վարկածներով մինչեւ 50,8 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի չեմպիոն երեւանցի Սյուզի Կենտիկյանը, որը բնակվում եւ մարզվում է Գերմանիայում եւ այս մարզաձեւի կարիերան սկսել է այնտեղ, Համբուրգի «Sporthalle» սրահում ամերիկուհի Ելենա Ռիդի հետ չեմպիոնական տիտղոսների համար մենամարտում պահպանեց գոտիները՝ մրցավարների միաձայն որոշմամբ միավորների բացահայտ առավելությունով հաղթելով նրան:

«Առավոտի» շաբաթ օրվա համարում նշել էինք, որ չնայած ռինգում Ռիդի մականունը «Տիկնիկ» է, իսկ Սյուզիինը՝ «Մարդասպան թագուհի», Կենտիկյանին դժվարին մարտ էր սպասվելու եւ հնարավոր էր, որ նոկաուտ չգրանցվեր: Եվ չէինք սխալվել: Մրցակիցները ռինգում անցկացրին հատկացված բոլոր տասը ռաունդները, որոնց ավարտին միայն հայտնի դարձավ, որ կողային երեք մրցավարներն էլ բացահայտ առավելությամբ՝ 100:90, 100:90, 100:91, հաղթանակը շնորհել են Սյուզի Կենտիկյանին:

Խիտ շարքերով

Ֆրանսիայում շարունակվող շախմատի 18-րդ «Amber» գերմրցաշարի մասնակիցները երեկ հանգստանում էին:

Մինչ այդ կայացած ութերորդ տուրում Լեւոն Արոնյանը այս էլ որերորդ անգամ իր առավելությունն ապացուցեց Ադրբեջանի լավագույն շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ՝ «կույր» շախմատում նրան պարտության մատնելով, իսկ «արագ» շախմատում եւս կես միավոր նրան բաժին հանելով: Նույն օրը երկու մրցաշարերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ: «Կույր» շախմատ. Անանդ-Կրամնիկ՝ 1:0, Կամսկի-Կարյակին՝ 1/2, Լեկո-Յուե՝ 1/2, Կարլսեն-Տոպալով՝ 1:0, Իվանչուկ-Մորոզեւիչ՝ 1:0: «Արագ» շախմատ. Կրամնիկ-Անանդ՝ 1/2, Ռաջաբով-Արոնյան՝ 1/2, Կարյակին-Կամսկի՝ 1:0, Յուե-Լեկո՝ 1/2, Տոպալով-Կարլսեն՝ 1/2, Մորոզեւիչ-Իվանչուկ՝ 1/2:

Ութ տուրից հետո աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները մրցաշարային աղյուսակում դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ:

1. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 10,5 միավոր

2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 10,0

3. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 10,0

4. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 9,5

5. Պետեր Լեկո (Հունգարիա) 8,5

6. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 7,5

7. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) 7,5

8. Գատա Կամսկի (ԱՄՆ) 7,5

9. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 6,5

10. Սերգեյ Կարյակին (Ուկրաինա) 6,5

11. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 6,5

12. Վան Յուե (Չինաստան) 5,5:

Այսօր կայանալիք իններորդ տուրում հանդիպելու են Տոպալովն ու Անանդը, Մորոզեւիչն ու Արոնյանը, Կրամնիկն ու Իվանչուկը, Կարյակինն ու Կարլսենը, Ռաջաբովն ու Լեկոն, Յուեն ու Կամսկին:

Մերժման պատճառը մեծ կուրծքն էր

\"\"Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բրիտանացի մոդել եւ մարզուհի Սառա Բլյուդենին արգելել են մասնակցել բռնցքամարտի մրցումներին՝ կրծքի պատճառով:

25-ամյա Սառան մարզական կեցվածքը պահպանելու նպատակով բռնցքամարտով զբաղվել սկսել է երկու տարի առաջ: Իսկ հետո որոշել է ուժերը փորձել սիրողական բնցքամարտի մրցումներում: Այդ նպատակով նա համապատասխան հայտ է ներկայացրել Անգլիայի սիրողական բռնցքամարտի ասոցիացիա (ABA), որտեղից, սակայն, մերժում է ստացել:

Պատճառը եղել է այն, որ Բլյուդենը 2003 թվականին կուրծքը մեծացնելու նպատակով պլաստիկ վիրահատություն է արել: ABA-ի ներկայացուցիչների խոսքերով, հաճախակի հարվածները կարող են կրծքի իմպլանտների դիրքի փոփոխման, պայթելու եւ այլ վտանգների պատճառ դառնալ: Ի պատասխան, Սառան պատրաստակամություն է հայտնել մենամարտերի ժամանակ կուրծքը պաշտպանող ռետինե հատուկ գոտի կրել: Սակայն նրան պատասխանել են, որ այդ պաշտպանական միջոցների արդյունավետությունը նրա պարագայում լրացուցիչ ուսումնասիրման կարիք ունի: Իսկ այդպիսի ուսումնասիրությունների ֆինանսավորումը որոշ ժամանակ առաջ դադարեցվել է՝ սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի պահանջով:

Ք. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել