Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏՈՐԵՆ, ՏՂԱՆԵՐԻ ՆՈՐ ԹԻՄ Է ՀԱՎԱՔԱԳՐՎԵԼ

Մարտ 24,2009 00:00

Բայց Բուխարեստում մեդալների հույսեր, այդուհանդերձ, կան

\"\"
Հայաստանի չեմպիոնուհիներ (ձախից՝ աջ) Մելինե Դալուզյանը,
Նազիկ Ավդալյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը:

Երեկ ծանրամարտի Հայաստանի տղաների ազգային հավաքականը մեկնեց քաղաք Աբովյան, որտեղ անցկացնելու է ապրիլի 4-ին Ռումինիայի մայրաքաղաքում մեկնարկող Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստության վերջին փուլը:

Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հավաքականին ճանապարհելուց հետո պատասխանեց «Առավոտի» հարցերին:

– Եզրափակիչ հավաք մեկնողների մեջ մեր օլիմպիական մեդալակիրներին, որոնք ազգային հավաքականի հիմնական անդամներն են, չտեսանք: Ինչո՞ւ:

– Այո: Այս անգամ Եվրոպայի առաջնություն մեկնում են տարիքով ավելի երիտասարդ եւ համեմատաբար մրցակցական պակաս փորձ ունեցողները: Բուխարեստում մեր հանրապետությունից մրցահարթակ մտնելու է վեց հոգի՝ 69 կգ քաշայիններ Գեւորգ Կակոյանը (Վեդի) եւ Ահարոն Միրզոյանը, 85 կգ քաշայիններ Արամ Անդրիկյանը (Սեւան) եւ Գեւորգ Պողոսյանը (Էջմիածին), Արթուր Բաբայանը (Վանաձոր)՝ 105 կգ եւ Ռուբեն Ալեքսանյանը (Արարատ)՝ +105 կգ: Ամբողջական թիմով՝ ութ հոգով, մեկնելու խնդիր չկար: Բայց գերադասել ենք նրանց, ովքեր ի վիճակի են պահանջվող մակարդակով ճակատամարտ տալ ծանրաձողի եւ մրցակիցների հետ:

– Ի՞նչ է պատահել մեր առաջատարների հետ:

– 77 կգ քաշային կարգում Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը, մեկը՝ մեջքի վնասվածքից, մյուսը՝ ծնկի վիրահատությունից հետո վերականգնվում են, 69 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը հիմա նշագեղձերի խնդիր ունի, դրա համար էլ չի կարող մասնակցել Եվրոպայի առաջնությանը, իսկ 85 կգ քաշային Տիգրան Մարտիրոսյանը բացի այն, որ Հայաստանի առաջնությունում թեթեւ վնասվածք ստացավ, նաեւ հոգեբանական վերականգնման կարիք ունի:

– Կարելի՞ է ասել, որ Եվրոպայի առաջնություն մեկնում ենք կիսով չափ փոխարինող կազմով:

– Ընդհանուր առմամբ՝ կարելի է: Բայց, կարծում եմ, ավելի լավ կլինի ասել՝ նոր թիմով:

– Եվ ի՞նչ:

– Արդեն ասացի, որ տղաների մի մասը համեմատաբար պակաս մրցափորձ ունի: Բայց նրանք թրծվել են մեծահասակներից ցածր տարիքային խմբերում: Եվ իրենց վատ չեն դրսեւորել: Հայ մարզասերը սովորել է, որ վերջին տարիներին մեր ծանրորդները միջազգային պաշտոնական մրցումներից վերադառնում են մեդալների հարուստ ավարով: Այս անգամ մեծ խոստումներ տալ չեմ ուզում: Բայց պիտի ասեմ, որ անգամ այս կազմով, մեդալների հույսեր, ճիշտ է՝ ոչ այն քանակի, ունենք: Տղաներն այսօրվա դրությամբ լավ մարզավիճակում են, ու Եվրոպայի մեծահասակների առաջնությունը նրանց համար ինքնադրսեւորվելու, հնարավորությունների առավելագույնը դրսեւորելու հիանալի առիթ է: Ի վերջո, մի օր նրանց հերթը գալո՞ւ է:

– Հիմա եկեք խոսենք մեր աղջիկների մասին:

– Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նազիկ Ավդալյանը մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ արդեն մի քանի օր է՝ ինչ ուսումնամարզական հավաքի են մեկնել Թեոդոսիա: Մշտապես կապի մեջ ենք: Ամեն բան լավ է, մարզվում են ըստ ծրագրի:

– Իսկ Մելինե Դալուզյա՞նը, որը մեր հավաքականում այդ երեք «հարվածային ուժերից» մեկն է:

– Մելինեն դեռ Հայաստանում է՝ Գյումրիում: Նա նախապատրաստվում է անհատական ծրագրով, բայց բժիշկների հսկողության ներքո: Ֆեդերացիան մարզչական խորհրդի հետ նպատակահարմար է գտել Պեկինի օլիմպիական խաղերից անմիջապես առաջ ի հայտ եկած հիվանդությունից հետո, թեեւ բժիշկների հավաստմամբ ամեն բան արդեն ետեւում է մնացել, մի վերջին անգամ էլ համոզվել, որ նրա մոտ ամեն բան կարգին է: Փառք Աստծո, այսօրվա դրությամբ Դալուզյանը առողջության հետ կապված խնդիրներ, կարծես, չունի եւ օրեցօր բարելավում է մարզավիճակը: Հույս ունենք, որ նա Բուխարեստում կմիանա հավաքականի իր թիմակիցներին ու նրանց հետ միասին կպայքարի ամենաբարձր տեղերի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել