Լրահոս
Օրվա լրահոսը

Երազկոտների ու տաքարյունների համագումարը

Մարտ 24,2009 00:00

«Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանն ընտրվեց ՄԻԱԿ գլխավոր քարտուղար:

\"\"«Մենք երիտասարդ ենք, երազկոտ եւ տաքարյուն, բայց, ի տարբերություն մեր տարեկիցների ու ավագների, չենք խորշում ընդունել, որ թույլ ենք տալիս սխալներ, որոնց վրա էլ սովորում ենք»,- օրերս Իջեւան քաղաքում կայացած Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) 3-րդ հերթական համագումարի ընթացքում հայտարարեց ՄԻԱԿ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Սամվել Ֆարմանյանը։ Համագումարի ընթացքում տեղի ունեցան ՄԻԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրություններն ու բանաձեւի ընդունումը, ըստ որի՝ ՄԻԱԿ-ը պատրաստակամություն է հայտնում սատարել քաղաքական բարեփոխումների նախաձեռնությունն ու ազդարարում էվոլյուցիոն սերնդափոխության անհրաժեշտության մասին։ Ս. Ֆարմանյանն իր հաշվետու զեկույցում խոստովանեց. «Շատ բան չեմ հասցրել անել, բայց այս մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում փորձել եմ ազնվորեն, իմ հնարավորությունների սահմաններում, նպաստել կուսակցության առաջընթացին ու առաջխաղացմանը։ Վստահ եմ, որ նորընտիր քարտուղարը նույնպիսի պատասխանատվությամբ կստանձնի իր դերն ու պարտականությունները»։

ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում միակ թեկնածուն «Հազարամյակների մարտահրավերներ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանն էր, որը եւ միաձայն ընտրվեց։ Ըստ նրա՝ «Պաշտոնավարմանս ընթացքում կիրառելու եմ ՄԻԱԿ-ի խորհրդում եւ քարտուղարությունում ընտրված իմ գործընկերների հետ կոլեգիալ ղեկավարում, կենտրոնանալու եմ նաեւ ՄԻԱԿ-ի կադրային քաղաքականության զարգացման ու կայացման վրա»։

Համագումարին հաջորդած ասուլիսի ժամանակ նորընտիր քարտուղարը լրագրողներին ասաց, որ «Հազարամյակների մարտահրավերներն» իր պետական վճարովի աշխատանքն է, իսկ կուսակցականը կդառնա իր հասարակականն ու անվճարը։ «Այս պաշտոնում հիմնական մարտահրավերը տեսնում եմ որակյալ կադրային քաղաքականության մեջ, ինձ համար սկզբունք կընտրեմ որակը, ոչ թե քանակը, եւ զանգվածային կդարձնեմ ՄԻԱԿ-ը։ Իմ քարտուղարության օրոք նոր կադրերն ազատ կլինեն կուսակցական պարտականություններից, միայն ընտրության օրը ձայն կտան ՄԻԱԿ-ին»։ Լրագրողի հարցին՝ ունենալո՞ւ են մասնակցություն Երեւանի քաղաքապետի ընտրություններին, Ա. Հովսեփյանն անկեղծացավ. «Մեզ քաղաքապետի ընտրությունները չի հետաքրքրում, պատրաստվում ենք հերթական խորհրդարանականին»։

ՄԻԱԿ-ականները խոսեցին արտաքին ու ներքին քաղաքականությունից եւ քաղաքականության մեջ երկրորդ սերնդի բարեփոխումներից։ ՄԻԱԿ խորհրդի անդամ Գերասիմ Բարսեղյանը դա շոգեքարշի օրինակով բացատրեց. «Այն մի օր մեզ կօգնի հասնել ժողովրդավարկան բարեփոխումների վերջին հանգրվանին»։ Ոչ կուսակցական փորձագետ Տիգրան Ջրբաշյանն էլ հավելեց. «Բարեփոխումները ցավոտ են լինելու, պետական այրերին առաջարկում եմ միջոցները կենտրոնացնել այդ ցավերն առավել խոցելիների համար մեղմելու նպատակով»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել