Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՆԱՑԱԾՆԵՐԻՑ» ԱՌԱՋԻՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

Մարտ 24,2009 00:00

\"\"«Կուբանի երիտասարդ բալետ» խմբի մենապարող եւ փորձավար Լեւոն Համբարձումյանը հանդես կգա հայրենիքում

Երեւանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում 1999-ին բալետի արտիստ Լեւոն Համբարձումյանի առաջին բեմելից հետո դասական արվեստի երկրպագուները մեծ հույսեր կապեցին արտիստի հետ: Նա հանդես եկավ բալետային գրականության լավագույն գործերի գլխավոր մենապարերում, այդ թվում՝ Խոզե՝ Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն», Արմեն, Գիքո՝ Ա. Խաչատրյանի «Գայանե», Ալբերտ՝ Ադանի «Ժիզել», Բազիլ՝ Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետներում: Շուրջ 5 տարի, հենց նրա անունը հայտնվում էր ազդագրերում, ներկայացումներն անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: 2006 թ. Կրասնոդարի Գ. Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայի հրավերով Լ. Համբարձումյանը մեկնեց աշխատանքի՝ որպես «Կուբանի երիտասարդ բալետ» խմբի մենապարող եւ փորձավար: «Առավոտի» հետ զրույցում արտիստը նշեց, որ հայրենիքում էլ ինքն իր բեմական կյանքից երբեք չի դժգոհել. «Երեւանում պարել եմ երազածս մենապարերը, իսկ Կրասնոդարում դրանց գումարվեց նաեւ Տիբալդը՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետում»: Այս օրերին էլ ընդգրկված եմ աշխարհահռչակ Յուրի Գրիգորովիչի երեւանյան «Սպարտակում», աշխատում եմ Հռոմի տիրակալ Կրասոսի մենապարի վրա»: Իսկ թե ինչու է արտիստը վերադարձել հայրենիք, հարազատ թատրոն, մեր զրուցակիցն ասաց. «Հայտնի է, որ հայկական բալետը 3-րդն է՝ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի դպրոցներից հետո: Ինչ վերաբերում է Կրասնոդարի երկրամասին, այն աշխարհով մեկ թնդում է առաջին հերթին Յուրի Գրիգորովիչի «Պրեմիերա» օպերայի եւ բալետի թատրոնով: Ինձ համար Կրասնոդարում հաճելի էր, որովհետեւ հանդիպեցի Կուբանի վաստակավոր արտիստ Մելքոն Խաչիկյանին, որը հինգ եւ ավելի տարիներ աշխատում է այնտեղ: Կուբանի բալետային խումբն էլ ղեկավարում է Հայաստանից 80-ականների կեսերից հրավիրված Գարիկ Խաչիկյանը: Շփվեցի նաեւ մոսկվաբնակ կոմպոզիտոր Ռուբեն Զատիկյանի հետ, որի երաժշտությամբ ճանաչված բալետմայստեր Վալերի Անուչինը բեմադրեց Սերգեյ Եսենինի կյանքի վերջին տարիների մասին պատմող «Սեւ մարդը» ժամանակակից բալետը, որտեղ հանդես եկա հենց Սեւ մարդու դերապարով: Ի դեպ, այս գործը ներկայացված է 2010 թ. կայանալիք «Ոսկե դիմակ» հեղինակավոր մրցանակաբաշխությանը: Վերադառնալու վերջնական որոշումս կայացրի այն պահին, երբ պետք է ծնվեր որդիս: Ինչո՞ւ նա ծնվեր օտար հողում: Ի վերջո, իմ հանդիսատեսն էլ հայրենիքում է: Եվ այսպիսով, վերադարձիցս հետո առաջին անգամ կներկայանամ «Սպարտակում»:

Զրույցի ընթացքում Լ. Համբարձումյանը նշեց մեր օրերում դասական բալետի դուրս մղվելու փաստի մասին. «Դասականը մնում է դասական, բայց հայ հանդիսատեսին անհրաժեշտ է նաեւ կրթել ժամանակակից բալետով: Հանդիսատեսը նորություն է ուզում: Մինչ մեկնելս ճանաչված երաժիշտ, երգիչ Արման Էլբերտի հետ մտմտում էինք աստվածաշնչյան թեմայով բալետի շուրջ, որի մասին այսօր խոսելը դեռ վաղ է: Նշեմ միայն, որ այն կլինի ռոք բալետ՝ պարի, խոսքի, թատրոնի, բեմում տեղադրված էկրանային համակարգի եւ այլնի ինքնատիպ համադրում»:

Նկարում՝ Լեւոն Համբարձումյանը՝ Սեւ մարդու դերապարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել