Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 24,2009 00:00

ԱՅԱԹՈԼԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՕԲԱՄԱՅԻՆ

Երեկ Իրանում տեղի ունեցավ 93-ամյա Հադիջու Սագաֆիի հուղարկավորության արարողությունը: Նա իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլա Հոմեյնիի այրին էր: Թաղման արարողությունը ղեկավարում էր Իրանի ներկայիս հոգեւոր առաջնորդ Այաթոլա ալի Համենեին: Վերջինս մարտի 21-ին, ելույթ ունենալով Նովրուզի՝ պարսկական Նոր տարվա տոնակատարության ժամանակ, նշեց, որ իրանական հեղափոխության 30 տարվա ընթացքում ժողովուրդը ավելի է ուժեղացել, դիմակայել է եւ շարունակելու է դիմակայել, եթե Միացյալ Նահանգները չփոխի իր մոտեցումները: «Այժմ Միացյալ Նահանգները հանդես է գալիս փոփոխությունների կարգախոսով, բայց իրականում մենք չենք տեսնում փոփոխությունների նշաններ: Ասացեք, թե ի՞նչն եք դուք փոխել, դուք վերացրե՞լ եք Իրանի դեմ ռեպրեսիվ պատժամիջոցները, ապաշրջափակե՞լ եք ԱՄՆ-ում բռնագրավված մեր կապիտալները, դուք դադարեցրե՞լ եք մեր երկրի դեմ թշնամական քարոզչությունը, դուք դադարեցրե՞լ եք սիոնիստական ռեժիմի անվերապահ աջակցությունը»,- հարցնում էր Այաթոլա Համենեին: Նա հայտարարեց նաեւ, որ եթե Միացյալ Նահանգները փոխվի, ապա իրենց վարքն էլ կփոխվի: Նրա խոսքերով. «Իրանը չի մոռանա, որ ամերիկացիները սատարում էին Սադամ Հուսեյնին՝ 1980-88թթ. իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, չեն մոռանա նաեւ 1988 թվականին Պարսից ծոցում իրանական քաղաքացիական ինքնաթիռի վրա հարձակումը ամերիկյան նավից, ինչը դարձավ 290 մարդու մահվան պատճառ»,- հիշեցրել է Իրանի հոգեւոր առաջնորդը:

ՇԵՂՎԵԼ ԷՐ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՒՂՂԱՀԱՅԱՑԻՑ

\"\"Շաբաթ օրը Մուրմանսկի մարզի նահանգապետ Յուրի Եվդոկիմովը հրաժարական տվեց: Թեեւ, ըստ պաշտոնական ձեւակերպման, նա դիմում գրեց պաշտոնից ինքնակամ հրաժարվելու վերաբերյալ, «Կոմերսանտ» թերթը նշում է, որ հրաժարականի պատճառը Մուրմանսկի քաղաքապետի ընտրությունների ընթացքն էր: Եվդոկիմովը ընտրապայքարում պաշտպանում էր իր նախկին տեղակալ, անկուսակցական Սերգեյ Սուբոտինին, իսկ «Եդինայա Ռոսիան» ցանկանում էր, որ քաղաքապետ դառնա իր ներկայացուցիչ Միխայիլ Սավչենկոն: Նախընտրական թոհուբոհի մեջ նահանգապետն իրեն թույլ տվեց բավականին կոշտ արտահայտություններ իշխող կուսակցության հասցեին, որի անդամն է նա հանդիսանում: Առաջին փուլում աննշան առավելությամբ հաղթեց Սավչենկոն, սակայն մարտի 15-ին կայացած 2-րդ փուլի արդյունքներով քաղաքապետ դարձավ անկուսակցական թեկնածուն: Սավչենկոն կարծես պատրաստվում էր դիմել դատարան՝ բողոքելով նահանգապետի անօրինական գործողությունների դեմ: Եվդոկիմովն իրավունք չուներ ընտրությունների օրը զբաղվել նախընտրական քարոզչությամբ, սակայն հետագայում իշխող կուսակցության ներկայացուցիչն ընդունեց իր պարտությունը, քանի որ, ըստ դիտորդների, կոնֆլիկտի շարունակությունը ոչ մեկի համար ձեռնտու չէ: Գումարած դրան, Պետական Դուման շուտով օրենք է ընդունելու, համաձայն որի՝ քաղաքային Դումային հնարավորություն է տրվելու ազատվել անհաճո քաղաքապետերից: Եթե Սուբոտինը լեզու չգտնի նոր նահանգապետի հետ, ապա նրան կարելի է աշխատանքից հանել առանց դատական քաշքշուկի:

ՈՒՂՂՈՒՄ

«Առավոտի» 2009 թվականի մարտի 19-ի համարի 11-րդ էջում հրապարակված «Առաջարկում է խարակիրի անել» լուրում նշված է, թե AIG ամերիկյան ապահովագրական ընկերությունը ճգնաժամի պայմաններում պետությունից ստացել է $170 միլիոն, որից, սակայն, $165 միլիոնը տվել է իր աշխատակիցներին: «Առավոտի» օմբուդսմանին զանգած ընթերցողը կարծում էր, որ այստեղ փաստական սխալ կա՝ AIG-ը ստացել է ոչ թե $170 միլիոն, այլ, իր հիշելով, մի քանի մլրդ: «ՂՌվՈվր» ինտերնետային կայքում (https://www.finansmag.ru/news/8382) ճշտեցինք, որ 2008 թվականի սեպտեմբերից սկսած, ԱՄՆ կառավարությունը AIG ընկերությանը օգնություն է ցուցաբերել, որի ընդհանուր չափը կազմում է արդեն մոտ 180 միլիարդ դոլար: Հայցելով բոլոր ընթերցողների ներողամտությունը՝ շնորհակալություն ենք հայտնում ուշադիր ընթերցողին:

Ուղղումը պատրաստել է «Առավոտի» ընթերցողների խմբագիր Մեսրոպ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել