Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 24,2009 00:00

Գնում են դեպի դիկտատո՞ւրա

Եվրոպացի մի շարք պաշտոնյաներ շարունակում են բացասաբար արձագանքել Ադրբեջանում մարտի 18-ին ընդունված սահմանադրական փոփոխություններին, չբացառելով, որ Եվրոպայի խորհուրդը կարող է քննարկել կառույցին այդ երկրի հետագա անդամակցության հարցը: Եվրախորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Յան Միքլեֆը, մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում մտահոգություն է հայտնել հատկապես նախագահ Իլհամ Ալիեւի ցմահ պաշտոնավարման հեռանկարի առնչությամբ, հայտարարելով, որ դա կարող է երկիրը տանել դեպի բռնապետություն: «Մենք գիտենք, որ եթե նախագահության ժամկետը չունի որեւէ սահմանափակում, ապա նախագահը կարող է վերածվել դիկտատորի»,- ընդգծել է Եվրախորհրդի պաշտոնյան:

Հարցազրույցում Միքլեֆը հիշեցրել է նաեւ, որ տարիներ առաջ, Եվրախորհրդին անդամակցելով, Ադրբեջանը ստանձնել է ժողովրդավարության սկզբունքներին հետեւելու պարտավորություններ, մինչդեռ նման քայլերը հակասում են այդ պարտավորություններին:

Միքլեֆը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների կիրառումը կարող է հանգեցնել Եվրոպայի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ադրբեջանական պատվիրակության ձայնի իրավունքի կասեցմանը, ավելին՝ կարող է քննարկման դրվել նաեւ Եվրախորհրդին Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը: «Մենք արդեն որոշել ենք, որ եթե Ադրբեջանի իշխանությունները չկատարեն իրենց պարտավորությունները, եթե հստակ հասկացնեն, որ չեն պատրաստվում հետեւել մեր առաջարկներին, Կոնգրեսը կսկսի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների կասեցման գործընթացը»,- ասել է Միքլեֆը, հավելելով, որ համապատասխան քայլերը Կոնգրեսը կարող է ձեռնարկել արդեն ապրիլի սկզբին կայանալիք հանդիպմանը:

Վրաստանում ճնշում են ընդդիմությանը

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Դեմոկրատական շարժում- միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեի ամուսինը՝ սահմանապահ ոստիկանության նախկին ղեկավար Բադրի Բիցաձեն (նկարում), մեղադրել է Վրաստանի նախագահին իր ձերբակալությունը կազմակերպելու ծրագրերի մեջ: «Նախագահն արդեն հանձնարարել էր ներքին գործերի նախարարին՝ ձերբակալել ինձ, ինչի մասին ինձ ասել է հենց ինքը՝ նախարարը, որն ինձ զանգել եւ զգուշացրել է»,- հայտնել է Բիցաձեն: Ըստ «Ռեգնում» գործակալության՝ վերջինս հայտնել է նաեւ, որ նախարարը խորհուրդ է տվել իրեն մեկ ամսով լքել երկիրը: Ավելի վաղ ձերբակալվել են Բուրջանաձեի կուսակցության 10 ակտիվիստներ, որոնց մոտ զենք է հայտնաբերվել: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Բիցաձեն զինված ջոկատներ է ստեղծում ապրիլի 9-ին նախատեսված ընդդիմության հանրահավաքին մասնակցելու համար:

Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆին կոչ է արել ընդդիմությանը՝ այդ հանրահավաքի ընթացքում դուրս չգալ Սահմանադրության շրջանակներից: Դիվանագետը, որը նշանակալի դեր է խաղացել Շեւարդնաձեի պաշտոնանկության հարցում, հայտարարել է, որ իշխանությունն ու ընդդիմությունը պետք է պատասխանատվություն վերցնեն Վրաստանի ժողովրդի առջեւ եւ ապահովեն, որ բողոքի ակցիաները անցնեն խաղաղ: «Մենք համագործակցում ենք Սահակաշվիլու կառավարության հետ, նույնն անում էինք նաեւ Շեւարդնաձեի դեպքում: Մենք չունենք Վրաստանի նախագահի մեր սեփական թեկնածուն: Մեր թեկնածուն Վրաստանի ժողովուրդն է»,- նշել է Թեֆը:

Հունգարիայի վարչապետը հրաժարական տվեց

\"\"Շաբաթ օրը Հունգարիայի վարչապետ Ֆերենց Դյուրչանը (նկարում) իր Սոցիալիստական կուսակցության համագումարում հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ի չիք դարձրեց նրա կառավարության անցկացրած բարեփոխումները: Ժամանակակից Հունգարիայի պատմության մեջ միակ վարչապետը լինելով, որը 2006 թվականին 2-րդ ժամկետով էր ընտրվել այդ պաշտոնում, նա այժմ ռեկորդային ցածր վարկանիշ ունի: «Ես լսել եմ, որ ինձ համարում են քաղաքական համագործակցության գլխավոր խոչընդոտը՝ իշխող կայուն մեծամասնություն ստեղծելու համար,- ասել է Դյուրչանը:- Ես հուսով եմ, որ դա իրականում այդպես է, եւ հենց դրա համար էլ բոլորին ազատում եմ այդ խոչընդոտից: Ես առաջարկում եմ ձեւավորել նոր կառավարություն՝ նոր վարչապետով»: Նախկին վարչապետն առաջարկեց այդպիսի կառավարություն ստեղծել մոտակա 2 շաբաթվա ընթացքում, սակայն, ըստ «Գազետա» թերթի, դիտորդները թերահավատ են վերաբերվում նման հեռանկարին, նշելով, որ իշխող կուսակցությունն այլեւս չի ունենա խորհրդարանում այն մեծամասնությունը, որն ուներ վերջին տարիների ընթացքում: Թերթը նշում է նաեւ, որ, ի դեմս Դյուրչանի, Ռուսաստանը կարող է կորցնել լավ գործընկերոջ, քանի որ մայիսի 28-ին Մոսկվայում վարչապետը մեծ պատրաստակամությամբ ստորագրել էր Sorth Stream գազատարի կառուցման վերաբերյալ պայմանագիր, համաձայն որի՝ ռուսաստանյան գազը Սեւ ծովի հատակով պետք է տեղափոխվի Եվրոպա, այդ թվում՝ նաեւ Հունգարիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել