Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԳԸ-ն մերժե՞լ է

Մարտ 24,2009 00:00

\"\"ԵՊՀ ուսանողուհու դժգոհությունները՝ «Առավոտին»

ԵՊՀ ուսանողուհիներից մեկը նամակով դիմել է «Առավոտի» խմբագրություն, որտեղ դժգոհություն է հայտնում, թե ինքը որոշել է հետաքրքրվել ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության աշխատանքներով (ՈՒԳԸ), բայց մերժում է ստացել: Ուսանողուհին նամակում ներկայացել է, բայց հարգելի պատճառներով չենք նշում նրա անունը: Նամակագիրը գրում է. «ՈՒԳԸ-ի նպատակն է գիտական ոլորտում քայլեր անելիս աջակցել ուսանողներին, փորձել գիտական կադրերի աճ ապահովել, կազմակերպել գիտաժողովներ եւ այլ գիտական միջոցառումներ: Ստացվում է, որ ես, օրինակ, չեմ կարող մասնակցել ՈՒԳԸ-ի աշխատանքներին, քանի որ գիտական ընկերության ընկերական շրջապատից չեմ»: Այս դժգոհությունը փոխանցեցինք ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Կարլեն Խաչատրյանին: Նա պատասխանեց. «Նման բան չէր կարող լինել, քանի որ ՈՒԳԸ-ի աշխատանքներով հետաքրքրված ցանկացած ուսանող, որն ուզում է աջակցել մեր խնդիրների իրագործմանը, հնարավորություն ունի մասնակցելու մեր աշխատանքներին»: Նամակում ուսանողուհին նշել է իրեն մերժելու պատճառը. «Ես փորձեցի ներգրավվել ՈՒԳԸ-ում, բայց քանի որ ֆակուլտետի ՈՒԳԸ-ում հավաքված ուսանողների մեջ չկայի, ինձ ասացին, որ ուշացել եմ: Իսկ մի՞թե ՈՒԳԸ-ն բոլոր ուսանողների համար չէ, մի՞թե յուրաքանչյուր ուսանող չի կարող լինել ՈՒԳԸ-ական»: Այս կապակցությամբ էլ Կ. Խաչատրյանն ասաց. «Մերժում չի եղել, ուղղակի երկու տարին մեկ ֆորմալ առումով ՈՒԳԸ-ն վերաձեւավորվում է՝ կանոնադրային պահանջի համաձայն: Ֆակուլտետային ՈՒԳԸ-ի անդամներին, ըստ կանոնադրության, նշանակում են ամբիոնները, դեկանը հաստատում է վերջնական ցուցակը, որից հետո դա անում եմ ես, եւ ընտրվում է ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահն ու քարտուղարը: Ուստի, եթե այդ կառույցը արդեն ձեւավորված է լինում եւ ինչ-որ ուսանող ուզում է մտնել այդտեղ, նա ֆորմալ առումով չի կարող դրա անդամ դառնալ, բայց այդ ուսանողին հնարավորություն է տրվում մասնակցել ՈՒԳԸ-ի նիստերին, առաջարկություններ անել, որոշ դեպքում միջոցառումների կազմակերպման պատասխանատու լինել»: Իսկ նամակագիր-ուսանողուհին գալիս է հետեւյալ եզրակացության. «Ստացվում է, որ ՈՒԳԸ-ին ձեռնտու է իրեն «հավատարիմ» մարդիկ հավաքել, բայց ոչ թե գործերն առաջ տանելու, այլ՝ ոչինչ չանելու համար: Եթե անգամ աշխատում են, ապա բացի ընկեր-ախպեր ուսանողներից, մյուսները չեն կարող անգամ ՈՒԳԸ-ի անունը տալ: Եթե իրենցից չես, ապա չես մասնակցի միջոցառումներին կամ էլ ապագա «գիտական կադրերի» ցանկում չես հայտնվի»: Կ. Խաչատրյանը մեկնաբանեց. «Մեր հասարակության մեջ արմատավորված է, որ ինչ լինի՝ դժգոհեն: Երբ 2006-2008-ը ՈՒԳԸ-ն չէր աշխատում, բոլորը դժգոհում էին: Բայց այսօր, երբ այն լավ էլ աշխատում է, կրկին մարդիկ բողոքում են: Կա մարդկային որոշակի տիպ, որ ինչ էլ լինի՝ միեւնույն է, դժգոհելու է: Լավ կլիներ, որ այդ ուսանողը ոչ թե ձեզ նամակ գրեր, այլ գար մեզ մոտ: Միգուցե ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահին է մոտեցել եւ մերժում ստացել, բայց 99%-ով վստահ եմ, որ նման բան լինել չէր կարող»: Իսկ ուսանողուհին նամակն ավարտում է այսպես. «Հարգելի՛ «Առավոտ», եթե այստեղ չգործի «մենք մերոնցով» սկզբունքը, ուսանողներն ավելի շատ տեղեկացված կլինեն եւ ավելի ակտիվ: Ինձ նման քանի˜ ուսանող է հայտնվել նույն իրավիճակում… Թվում է, անիմաստ ժամանակ են վատնում, իսկ ՈՒԳԸ-ն պարզապես ընկերներին համախմբող առիթ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել