Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐԸ ԹԱՓՈՒՐ ԵՆ ՄՆՈՒՄ

Մարտ 24,2009 00:00

Նախագահի վերահսկողականի ուսումնասիրությունները՝ ասպիրանտուրայի «մասով»

«Առավոտում» (19.03. 08թ.) տպագրված «Ինչպե՞ս կբաշխվեն ասպիրանտական տեղերը» հոդվածում տեղեկացվել է ասպիրանտուրայի դիմորդների շրջանում եղած լարվածության մասին, որը պայմանավորված էր օտար լեզուների եւ ինֆորմատիկայի գծով քննությունների, ասպիրանտական տեղեր իջեցվելու եւ այլնի շուրջ մտահոգությամբ: ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության հետբուհական մասնագիտական կրթության բաժնի պետ Մարգարիտա Գրիգորյանն էլ, պատասխանելով «Առավոտի» հարցին, ասել էր, թե յուրաքանչյուր տարի ասպիրանտուրայի գծով առկա տարկետման իրավունքով մոտ 224 տեղ է հատկացվում, իհարկե՝ տարեցտարի այդ թիվը որոշ շեղումներ է ունենում եւ ասպիրանտական տեղերի տրամադրումն անպայման համաձայնեցվում է պաշտպանության նախարարության հետ: Ավելի ուշ հավելել էր. «Տրամադրվում են նաեւ անվճար, բայց հեռակա տեղեր, որոնք չունեն տարկետման իրավունք, ուստի այդ տեղը զբաղեցրած անձը, ի տարբերություն առկայի, կրթաթոշակ չի ստանում: Կան նաեւ հեռակա վճարովի տեղեր, որոնց դեպքում վարձավճարները սահմանվում են բուհերի կողմից»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի, ելույթ ունենալով ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փաստել էր, թե երիտասարդ կադրերի բացակայությունը բացատրվում է ասպիրանտական տեղերի սահմանափակությամբ, հեռակա ուսուցման համար նախատեսված տեղերը լիարժեք չեն օգտագործվում։ Նախագահը նշել էր, որ շատ դեպքերում ասպիրանտուրան դառնում է զինվորական ծառայությունից խուսափող երիտասարդների հավաքատեղի. «Ասպիրանտուրա ավարտած երիտասարդներից շատերը ոչ միայն չեն աշխատում մասնագիտությամբ, այլ ընդհանրապես չեն զբաղվում գիտությամբ»։

Պատահական չէ, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի համապատասխան հանձնարարագրով 2008-09 ուստարվա ասպիրանտուրայի (հեռակա ուսուցման) ընդունելության քննությունների ուսումնասիրություններ էին անցկացվել: Պարզվել է, որ մասնագիտական առարկաներից ընդունելության քննություններ հանձնելուց հետո թափուր են մնացել հետեւյալները՝ ԵՊՀ՝ 20 տեղ, ՀՊՃՀ՝ 11 տեղ, ԵրՊՃՇՀ՝ 3 տեղ, Ագրարային համալսարան՝ 5 տեղ, Մանկավարժական՝ 1, Կինոյի եւ թատրոնի ինստիտուտ՝ 1, ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ 4 տեղ, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպություններ՝ 16 տեղ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտկազմակերպություններ՝ 1 տեղ, ՀՀ գյուղնախարարության գիտական կազմակերպություններ՝ 2 տեղ, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գիտական կազմակերպություններ՝ 1 տեղ, ՀՀ ոստիկանական ակադեմիա՝ 2: Փաստորեն, թափուր է մնացել 67 տեղ: Այդքան մարդ չի ընդունվել ասպիրանտուրա: Ավելի ուշ՝ թափուր մնացած տեղերը վերաբաշխվել-հարմարեցվել են այլ մասնագիտությունների գծով: Օրինակ, ԵՊՀ թափուր մնացած 20 տեղերից 6-ը վերաբաշխվել է հետեւյալ կերպ՝ տեսական ֆիզիկա (3 տեղ), միջազգային իրավունք (2 տեղ), բժշկական հոգեբանություն (1 տեղ): Կամ թափուր մնացած ընդհանուր տեղերից մեկը հատկացվել է Երեւանի պետական լեզվաբանական համալսարանին՝ «Գերմաներեն լեզու» մասնագիտությամբ: Չնայած վերաբաշխմանը, էլի թափուր է մնացել 56 տեղ(՞): Օրինակ, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտ ոչ ոք չի ընդունվել, չնայած նախապես 1 տեղ էր հատկացվել, նույնը վերաբերում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության նախապես հատկացված 1 տեղին եւ Ոստիկանական ակադեմիայի 2 տեղին: Այսպիսով, նախապես հատկացված 145 տեղերից հեռակա անվճար ասպիրանտուրա է ընդունվել 89 դիմորդ եւ թափուր է մնացել 56 տեղ:

Ըստ նախագահի վերահսկողականի անցկացրած ուսումնասիրության, թափուր տեղերի մեծ քանակությունը հիմնականում պայմանավորված է օտար լեզվի անցողիկ շեմը չհաղթահարելով: Ի դեպ, ասպիրանտուրայի «մասով» էլ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը խախտումներ է թույլ տվել. «Համաշխարհային պատմություն» մասնագիտությամբ դիմորդ Աննա Գաբրիելյանը օտար լեզվի (անգլերեն TOEFL ծրագրով) քննության արդյունքում հավաքել է 453 միավոր, այն դեպքում, երբ անցողիկ շեմը 500-ն էր: Բայց սա չի խանգարել, որ նրան թույլատրեն մասնակցել ընդունելության մասնագիտական քննությանը, որից նա նույնիսկ ստացել է «լավ» գնահատական եւ, բնականաբար, ընդունվել ասպիրանտուրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել