Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՅՔԱՅՈՒՄ

Մարտ 24,2009 00:00

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

\"\"Հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական հայաստանյան վերջին տեղաշարժերը, որոնց հերթագայության անհեթեթությունը սպառնում է վերածվել օրինաչափության, վկայում են, որ սկսում են քայքայվել հանրային եւ պետական կյանքի հիմնասյուները: Հայաստանը կանգնած է ազգային անվտանգության բարդագույն խնդիրների առջեւ, որոնց լուծման ուղիների փնտրտուքի համար անհրաժեշտ ժամանակը սպառնալիորեն փոքր է: Իրադարձությունների շրջապտույտը մեր հասարակական-պետական կյանքը այնպիսի հիմնային փոփոխությունների է ենթարկել, որ միայն հանճարեղ ալքիմիկոսը կարող է կանխել նրա հետագա քայքայումը:

1.

«Մենք չափազանց լուսավորված ենք, որպեսզի չտեսնենք հետեւանքները»

Հայաստանի քաղաքական կյանքում ալքիմիկոսներ չկան: Նրանցից ոմանք սոփեստներ են, ընդ որում՝ փիլիսոփայական այդ ուղղության ուշ շրջանի ներկայացուցիչներ, որոնց Արիստոտելը որակել էր որպես «կեղծ իմաստնության» ներկայացուցիչներ: Իսկ որպես կանոն, հայաստանյան քաղաքական գործիչները արհեստավորներ են, որոնց խնդիրները չափազանց փոքր են ու նեղ, որպեսզի դրանք հնարավոր լինի դիտարկել մեծ ձեռնարկումների եւ նպատակների տիրույթում:

Քաղաքական դաշտում իրավիճակն առավել հստակվեց եւ պարզ դարձավ վերջին մեկ տարվա քաղաքական փոթորկից հետո, երբ ալեբախումներից հանդարտված ափերին երեւաց քաղաքական դաշտի այն պատկերը, որը ցրում է լավատեսական վերջին հույսերը: Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ մեր երկրի անկմանը սկսել են սոփեստաբար նայել ոչ միայն երկրի ներսում, այլեւ նրա սահմաններից դուրս: Իրավիճակը ծայրահեղ բարդանում է նրանով, որ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներում անսպասելիության գործոնը շարունակաբար աճում է, թեպետ իրադարձությունների հնարավոր կանխատեսելիության կորագիծը կարող է թեւաթափ անել յուրաքանչյուրին:

2009-ի քաղաքական տարին սկսվեց հունվարյան նստաշրջանում ԵԽԽՎ աղմկահարույց բանաձեւի եւ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել-չզրկելու հնարավոր որոշման քննարկումներով: ՀՀ ԱԺ պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկելու որոշումը վերահաստատում է այն պատմական իրողությունը, որ հարյուր տարվա ընթացքում Եվրոպայից հնչած միակ աղաղակը՝ «Արեւելքում մեր քույրն է մեռնում», դարձավ եվրոպական հումանիզմի, արժեքների ու քաղաքակրթության միակ դրսեւորումը հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ:

Խնդիրը բնավ այն չէր, որ հայաստանյան պատվիրակությունն այնպիսի քաղաքական արժեք ու նշանակություն ուներ, որ նրա քվեարկության իրավունքի պահպանումը կամ զրկումը կարող էր փոխել քաղաքական գործընթացների ուղղությունը Հայաստանում: Քավ լիցի: ԵԽԽՎ որոշումը քաղաքական նշանակություն եւ հետեւանքներ չունեցավ, մանավանդ որ, ԵԽԽՎ-ի արդարամտության հանդեպ Հայաստանում շատերն էին թերահավատ: Սակայն այդ որոշումը փոխեց հասարակական հարաբերությունների որակը Հայաստանում: Դրանք դարձան ավելի հուսահատական ու կոշտ, իսկ հուսահատությունը միշտ էլ ելք է որոնում ագրեսիվության ձեւով: Միաժամանակ, ԵԽԽՎ այդ որոշումը քաղաքական հետեւանքներ կունենա հենց Եվրոպայի համար, Եվրոպայի, որը կորցնում է քրիստոնեական իր դեմքն ու արժեքները անմեղին, տուժածին, զոհին աջակցելու, նրան բիրտ ուժից ու անարդարությունից պաշտպանելու իրավունքը:

Միաժամանակ, ԵԽԽՎ-ի ցանկալի որոշմանը հասնելու ձգտումը Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության մոտ աստիճանաբար վերածվում էր ուժի ցուցադրման, եւ եթե իշխանությունը առանձնապես չոգեւորվեց ձայնի իրավունքի պահպանմամբ, քանի որ թափած ջանքերը ջլատել էր իշխանությանը, ապա նույնը չի կարելի ասել ընդդիմության մասին, որը համոզված էր, որ ԵԽԽՎ-ն այս անգամ բավարար սկզբունքայնություն կդրսեւորի Հայաստանի մասով իր իսկ սահմանած պահանջների հանդեպ: Թվում էր, թե ընդդիմությունն իր հետագա գործողությունները պայմանավորել էր բացառապես Եվրախորհրդի որոշմամբ, եւ տեւական ժամանակահատված ընդդիմության ներկայացուցիչները չէին կարողանում պատասխանել հետագա գործողությունների մասին տրվող հարցին:

2009 թ. փետրվարին ավարտվեց հայաստանյան ընդդիմության եւ իշխանության գործունեության մեկ տարվա շրջափուլը: ՀՀ նախագահի ընտրություններից հետո հայաստանյան իշխանությանը չհաջողվեց հասնել իր լեգիտիմության ընդունմանը հասարակության կողմից: Վիճահարույց ընտրությունների ստվերը, մարտիմեկյան արյունալի իրադարձությունները, քաղաքական բանտարկյալների գոյությունը, բազմակարծության բացակայությունը հայաստանյան հեռուստաեթերում, կոռուպցիայի աղետաբեր աստիճանը, անօրինականության եւ անպատժելիության մթնոլորտը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստվերը դարձան այն խութերը, որոնց բախվելով, Սերժ Սարգսյանի իշխանությունը կամ չէր կարողանում առաջ ընթանալ եւ կամ կորցնում էր ուղղությունը՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով ստորջրյա վտանգավոր հորձանուտներում: Նախագահի ընտրություններից մեկ տարի անց Սերժ Սարգսյանը չկարողացավ հաստատել իր իշխանությունը: Թեպետ հանուն ճշմարտության պիտի ասել, որ հանրության այն հատվածը, չնայած չէր ընտրել Սարգսյանին, սակայն ընտրություններից հետո հույս ուներ, որ նա այնուամենայնիվ ստիպված կլինի փոփոխություններ իրականացնել երկրում ոչ միայն այն պատճառով, որ դրանց անհրաժեշտությունը պատմական հրամայականի է վերածվել Հայաստանում, այլ իր իսկ իշխանությունը պահպանելու համար: Սակայն ինքնապահպանության տարրական բնազդը, որը հատուկ է ցանկացած իշխանության, լքել էր Սերժ Սարգսյանին: Առաջին փոփոխություններից մեկը, որն ուզում էր տեսնել հանրության հատկապես ընդդիմադիր հատվածը, հեռուստաեթերի, ավելի որոշակի՝ Հանրային հեռուստաընկերության փոփոխությունն էր, ղեկավարության եւ բովանդակության առումով: Որոշ ժամանակ թվում էր, թե այստեղ փոփոխություններն ուղղակի հետաձգվում էին, համենայնդեպս այդ էին վկայում շրջանառվող լուրերը, սակայն շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի պարզ դառնա, որ փոփոխություններ չեն կատարվելու: Մինչդեռ հանրային հեռուստաեթերը հասարակական եւ պետական կյանքի առողջացման նախակարապետը պիտի լիներ:

Փոփոխությունների փորձերը ձախողվեցին կամ չիրականացվեցին նաեւ մյուս ոլորտներում, ինչի հետեւանքով խորացող արատավոր երեւույթների պղպջակները սկսեցին միմյանց ետեւից պայթել՝ ի ցույց դնելով հասարակական, տնտեսական, քաղաքական, պետական կյանքի ապականվածությունը:

Սերժ Սարգսյանը ազատ չարձակեց նաեւ իր քաղաքական հակառակորդներին, եւ պարզ դարձավ, որ նրա անձնական որակները գերիշխում են պետական գործչի նրա պարտքի գիտակցության հանդեպ:

Մյուս կողմից՝ կոռուպցիան սկսեց քայքայել պետական եւ հանրային կյանքի մյուս բոլոր դեռեւս առողջ պահպանված մասերը: Կոռուպցիոն ռիսկերի եւ հորձանքի ալիքները իրենց առաջին ավերները գործեցին ամենազգայուն ոլորտներում՝ դատաիրավական եւ կրթական համակարգերում:

Այսեւայլ ներքին բացասական ազդակների ուժգնությունը հասել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դարպասներին: Իսկ «մենք չափազանց լուսավորված ենք, որպեսզի չտեսնենք հետեւանքները»,- ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի դեռեւս 18-րդ դարում իր երկրի մասին արված ձեւակերպումն արդիական է նաեւ 21-րդ դարի Հայաստանի համար:

2.

«Քաղաքականությունը հնարավորի արվեստ չէ.

քաղաքականությունն անհնարինի արվեստ է»

ՀՀ քաղաքացիների մի զգալի հատված 2009 թ. մարտի 1-ը դիմավորեց իրարամերժ զգացումներով ու կանխատեսումներով, որոնք ծնունդ էին առել անորոշության նույն հողից: Զգալով եւ տեսնելով սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական ճգնաժամի հորձանքը, մի կողմից՝ անզորության եւ թերահավատության, մյուս կողմից՝ հույսի եւ վճռականության զգացումներով էին նրանք գնում մարտիմեկի արյունոտ տարելիցին մասնակցելու: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտակցում էր, որ հասարակության մեծ մասը մարտի 1-ի հանրահավաքին մասնակցելու է համընդհանուր անորոշության ճիրաններից ազատվելու համար: Որպես ողջամիտ քաղաքական գործիչ, Տեր-Պետրոսյանը եւս անցանկալի որոշակիությունը գերադասում է երկարաձգվող անորոշությունից: Ըստ այդմ՝ նա այլեւս չէր կարող անվերջ երկարաձգել իրենից ակնկալվող պատասխանները: Հանրահավաքի իր ելույթում, ներկայացնելով երկրում մեկ տարվա ընթացքում ստեղծված իրավիճակն ու առաջացած հետեւանքները, Տեր-Պետրոսյանն արձանագրում էր. «Բանտերը շարունակում են լցված մնալ շինծու մեղադրանքների հիման վրա քրեական հետապնդման ենթարկված մեր տասնյակ ընկերներով: Ամբողջ մի տարի իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների՝ մարդասպանների, հրձիգների, խանութներ թալանողների բացահայտման ուղղությամբ… Քաղաքապետարանը 94 անգամ ապօրինաբար մերժել է հանրահավաքներ եւ երթեր անցկացնելու մեր իրավունքը: Հեռուստատեսությունն, իր բոլոր ալիքներով, վերածվել է պետության բացարձակ վերահսկողության տակ գտնվող ստորաքարշ քարոզչամեքենայի: Ոստիկանությունը բազմիցս բռնություններ է կիրառել ինքնաբուխ եւ ոչ զանգվածային միջոցառումների մասնակիցների նկատմամբ… Հարյուրավոր մարդիկ քաղաքական նկատառումներով ենթարկվել են պաշտոնական կամայականությունների, հեռացվել աշխատանքից կամ կորցրել իրենց բիզնեսը…» (https://www.lragir.am):

Մեկ տարվա իրողությունների եւ հետեւանքների արձանագրմամբ եւ դրանց տրված գնահատականներում Լեւոն Տեր-Պետրոսյանը չնկատեց, որ Հայաստանում առկա իրավիճակը ոչ թե Սերժ Սարգսյանի հաղթանակն է, այլ իր քաղաքական պարտությունը: Մեկ տարվա քաղաքական երերուն իրավիճակում Տեր-Պետրոսյանը չկարողացավ եւ ոչ մի քաղաքական հաղթանակի հասնել: Նրա ամենամեծ պարտությունն իր քաղաքական համախոհների եւ զինակիցների շարունակվող ազատազրկումն է: Մարդկանց, որոնք ի տարբերություն իրեն, հավատում էին հայկական հեղափոխության անհրաժեշտությանը եւ այն իրականացնելու համար համախմբել էին հենց իր շուրջը:

Հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաջորդ ընդգծումը Հայաստանին սպասվող «հումանիտար աղետն էր», «որի լուծումը գերբնական ճիգեր է պահանջելու թե իշխանությունից, թե հասարակությունից»: «Երկիրն, իմ խորին համոզմամբ, ուղղակի գլորվում է վիհը: Շատ շուտով կառավարությունն ստիպված է լինելու հրաժարվել դրամի փոխարժեքի արհեստական պահպանման քաղաքականությունից: Ընդ որում, դրամն արժեզրկվելու է ոչ թե սահուն կերպով, ինչպես տեղի ունեցավ ռուսական ռուբլու պարագայում, այլ պարզապես գահավիժելու է»: Տեր-Պետրոսյանի այս չարագուշակ կանխատեսումն իրականացավ արդեն մեկ օր անց, թեպետ շրջանառվող լուրերի համաձայն կառավարությունը տարադրամի լողացող կուրսի իրականացումը հետաձգել էր մինչեւ հանրահավաքը: Սակայն կարեւորը ոչ այնքան Տեր-Պետրոսյանի կանխատեսումն էր, որքան այն, որ վերջինս այդեւայլ պատճառները չի համարում իշխանափոխության հուժկու ազդակ: Նա գրեթե համոզված է, որ այդօրինակ իրավիճակը վաղ թե ուշ կքայքայի իշխանական համակարգն այն աստիճան, որ դրանից հետո իշխանափոխության իրականացումը սոսկ պարզ տեխնոլոգիայի խնդիր կլինի:

ՀՀ առաջին նախագահի նախասիրած արտահայտությունը եղել եւ մնում է՝ «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է»: Սակայն Բիսմարկի այս հայտնի դրույթը 20-րդ դարում նոր սրբագրումներ ստացավ՝ շտկումներ մտցնելով կարծրացած քաղաքական դոգմաներում եւ նոր որակի քաղաքական գործընթացներ նախանշեց: «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ չէ. քաղաքականությունն անհնարինի արվեստ է»՝ Վացլավ Հավելը այսպես վերաձեւակերպեց այն՝ սկիզբ դնելով նոր քաղաքական գործընթացների եւ Արեւելյան Եվրոպայի քաղաքական քարտեզի փոփոխման:

Անշուշտ, հնարավորը կարող են իրականացնել շատերը: Անհնարինն իրականացնում են միայն ընտրյալները:

Շարունակությունը՝ հաջորդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել