Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում էլ են անտառ «մորթում»

Մարտ 24,2009 00:00

Մինչ պատկան կառույցները աշխատում են մոռացության տալ Լոռու մարզի Դսեղի անտառներում ապօրինի հատումների մասին ԶԼՄ-ների ահազանգերը, մենք ապօրինությունների մասին նոր տեղեկություններ ենք ստացել: Այս անգամ՝ Դիլիջանի անտառների «սպանդի» մասին է: Խմբագրության ստացած նամակը ներկայացնում ենք առանց միջամտության:

«Հարգելի խմբագրություն, մի քանի անգամ նամակների միջոցով դիմել ենք իրավապահ մարմիններին, բնապահպանության նախարարություն՝ Դիլիջանի անտառների պահպանման համար, բայց ոչ մի արդյունք չենք ստացել: Կտրվում են 300-400 տարեկան կաղնի ծառեր: 2008-ից մինչեւ այսօր կտրվել եւ հնձվել է 2500-3000 հատ կաղնի ծառ: Մենք սունկ հավաքողներ ենք եւ դա տեսնում ենք համարյա ամեն օր: Այս բոլորը կատարվում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառների վերահսկողության պետ Արթուր Գեւորգյանի եւ Դիլիջանի լեսխոզի դիրեկտոր Աշոտ Դավթյանի գլխավորությամբ: Արթուր Գեւորգյանը նախկինում եղել է Դիլիջանի լեսխոզի դիրեկտորի տեղակալ, իսկ այժմ նախարարությունում է եւ «կռիշ» է կանգնած Աշոտ Դավթյանի գլխին, որը հնձել է տալիս կաղնու անտառները: Ուզում ենք ձեզ տեղեկացնել, որ «գայլին» նշանակել են ոչխարների պահապան, այսինքն, Արթուր Գեւորգյանը՝ Դիլիջանի անտառների վրա: Ասեմ ձեզ, որ կտրվում են «Պարզ լճի» (Ուրթի) անտառները, պատրաստել են ճանապարհներ Արամի դաչում, Թոթի դաչում, Գողի անտառում, Շամախյանի եւ Դիլիջանի անտառներում: Հաղարծնի անտառում այնքան է հնձվել, որ ազատել են անտառապետին՝ Ռուսլան Հարությունյանին եւ Հաղարծինի անտառապետ են նշանակել դատախազի եղբայր Գագիկ Անդրիկյանին, որպեսզի ծածկադմփոց անեն, խախտումները չհայտնաբերելու համար: Բոլոր խախտումներին տեղյակ են իրավապահ մարմինները, չեն բացահայտում, որովհետեւ եկամտի աղբյուր է այդ: Անտառը լի է թափված ծառերով, բայց մեզ չեն թողնում մեր վառելու համար դուրս հանենք առանց փողի, իսկ իրենք «գայլի» միջոցով կտրում են դարավոր կաղնիները:

Մեր կարծիքով, այս ամենը կատարվում է առանց նախարարի գիտակցության, որովհետեւ նախարարն իր ելույթներում տեր է ամեն մի ճյուղի, ամեն մի ծառի համար:

Մենք մեր անունները չենք գրում, որովհետեւ վախենում ենք ընկնենք լրագրողների օրը՝ «ծեծկռտուքի»:

Հարգելի խմբագրություն, հուսով ենք, որ ձեր թերթի միջոցով ձեռք կառնեք հնարավոր միջոցներ՝ Դիլիջանի անտառները փրկելու համար:

Հաղարծինի մի խումբ բնակիչներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել