Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՐՔԸ ՄԻՇՏ ԷԼ ՊԵՏՔ Է

Մարտ 24,2009 00:00

100-ամյա գրադարանի օգնությամբ 47 հոգի գիտական աստիճան է ստացել

\"\"\"\"
Հայկուշ Շաքարյանն է 100-ամյա գրադարանի այսօրվա «տիրուհին»,
իսկ սրանք գրադարանի առաջին գրքերն են:

Այս տարի լրանում է Ալավերդու «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող գիտատեխնիկական գրադարանի ստեղծման 100-ամյակը: 1909 թվականի մարտին Ալավերդու պղնձաձուլական գործարան փորձաշրջանի ժամանած մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված մասնագիտական փոքրիկ գրադարանը սկզբում տեղավորվել է գործարանի գլխավոր ինժեների առանձնասենյակի պահարանում: «Գրքերը հիմնականում ֆրանսերեն եւ անգլերեն էին, որոնք անհասկանալի ու անմատչելի էին տեղացիների համար, գրագետ մարդիկ էլ քիչ էին»,- այսպիսի հիշողություն է թողել նորաստեղծ գրադարանի մասին անվանի մետալուրգ, ինժեներ Վախթանգ Զարապովը: 100-ամյա գրադարանի առաջին գրքերն այսօր առանձին գրապահոցում են պահվում:

Գրադարանը մեծացել, սեփական տարածք է ստացել խորհրդային տարիներին: Այժմ գրական ֆոնդը 110 հազար գիրք է, գումարած գիտատեխնիկական հաշվետվություններ, թարգմանություններ, մասնագիտական եւ տեխնիկական ամսագրեր, պարբերական մամուլ: 100-ամյա կյանքի ճանապարհին բացառիկ է եղել գիտատեխնիկական գրադարանի դերը որակյալ մետալուրգներ պատրաստելու գործում:

«Գրադարանը իմ լավ բարեկամն ու ընկերն է, որն ինձ ուղեկցել է իմ ողջ կյանքի ընթացքում»,- գրադարանի տպավորությունների գրքում գրել է լեռնամետալուրգիական կոմբինատի էլեկտրոլիզի արտադրության պետ վաղամեռիկ Աշոտ Մկրտումյանը: Այսօրվա հաճախորդներից է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության մետալուրգիական արտադրամասի պետի օգնական Վարուժան Հարությունյանը. «Երկու տարի է՝ օգտվում եմ գրադարանից, շատ գոհ եմ: Գիրքը միշտ էլ պետք է, կարծում եմ՝ ինտերնետը չի կարող փոքրացնել գրքի պահանջը, հատկապես նախկին գրականության պահանջը, որի մասին այսօր ինտերնետից չես կարող իմանալ»:

Թե ստեղծման առաջին օրերին, թե այսօր գրադարանից օգտվում են ոչ միայն մետալուրգները: 1970-ից այս գրադարանը տարածաշրջանում բազային եւ հենակետային գրադարան է եղել: Ընթերցողների թիվն այստեղ խորհրդային տարիներին հասել է 1200-ի, ներկայումս 800 է: Գրադարանը կապված է եղել 108 հրատարակչությունների եւ գրքի առաքման կենտրոնների հետ, գրականությունն ամբողջությամբ տեխնիկական է, ունի մետալուրգիական եւ գիտության առանձին ճյուղերի վերաբերյալ գրականություն: Կոմբինատի 47 աշխատողներ գրադարանի օգնությամբ պաշտպանել են թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ:

«Գրադարանից ակտիվորեն օգտվում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանը: Նրա ձեռքին այս պահին 15 մասնագիտական գիրք կա: Շատ են օգտվում նաեւ պղնձաձուլական գործարանի արտադրության պետ Նիկոլայ Պետրովիչը, բոլոր արտադրամասերի պետերը, շարքային աշխատողները: Մեր ընթերցողներն են նաեւ տարածաշրջանի միջնակարգ մասնագիտական հաստատությունների, բուհերի եւ հատկապես Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողները»,- ասում է գրադարանի աշխատակցուհի Հայկուշ Շաքարյանը:

Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը անորոշ է դարձրել ընկերության ճակատագիրը, ու անորոշ է նաեւ գրադարանի ապագան: Այս մասին խոսելիս՝ գրադարանի աշխատակցուհին նկատեց. «Անցած ծանր տարիներին գրադարանից ոչինչ դուրս չի գնացել եւ ոչինչ չի պակասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել