Կայքէջի «թարմացում»
Մարտի 20-ին «Միասին» հասարակական կազմակերպության պաշտոնական կայքէջում «Հաճախակի տրվող հարցեր» բաժնում, «Կաշառակեր դասախոսներ» ակցիայի հետ կապված՝ «Ընդդիմադիր հայացքներ ունեցող երիտասարդական միավորներին արգելվում է նմանատիպ ակցիաներ անցկացնել, իսկ «Միասին»-ին թույլատրվել է, որովհետեւ այն իշխանամե՞տ է» հարցին ի պատասխան զետեղվել է հետեւյալ նախադասությունը. «Միասին»-ին չի թույլատրվել այսպիսի ակցիաներ իրականացնել եւ մեր գործունեությունը հանդիպում է մշտական հակազդեցության՝ հատկապես բուհական ղեկավարության եւ կոռումպացված ուսխորհուրդների կողմից»: «Առավոտի» տեղեկություններով, չանցած վայրկյաններ, զանգեր են հնչում «ՄԻԱԿ» կազմակերպության ղեկավար Լեւոն Մարտիրոսյանին, որը խոստանում է կայքէջից հանել «ապուշությունը»: «Միասին»-ի կայքէջում նույն տեղում, նույն հարցի տակ տեղադրվում է հետեւյալը. «Միասին»-ին չի թույլատրվել այսպիսի ակցիաներ իրականացնել եւ մեր գործունեությունը հանդիպում է մշտական կատաղի հակազդեցության բուհական շրջանակների կողմից»: Ի հայտ է գալիս «ակցիայի պապան» եւ մի քանի ժամվա ընթացքում «կոռումպացվածները» դառնում են «շրջանակ»: Հայտնի է, որ ուսխորհուրդները «ՀՀԿ-ի ջահելներն» ու «բազեներն» են, ու նրանք պահանջում են հանդիպում «Միասին»-ի ղեկավարների՝ հորեղբոր որդիներ Հակոբ եւ Տիրան Հակոբյանների հետ: «Առավոտի» տեղեկություններով, երեկոյան, Լեւոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ, նրանք մտնում են «Ջազվե» սրճարան: Սկսվում է քաշքշուկ՝ ուսխորհրդի տղաների եւ ակցիայի տղաների միջեւ: Միջադեպի ժամանակ վնասվածք է ստանում բուհերից մեկի ուսխորհրդի նախագահի տեղակալը: Ուսանողները, դրանից զայրացած, ջարդում են «ՄԻԱԿ»-ի գրասենյակը: «Առավոտի» աղբյուրի պնդմամբ՝ գործին խառնվում է ՀՀ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, որը խոստանում է պատժել «Միասին»-ի Հակոբյաններին: Պաշտոնական որեւէ ամփոփագրում «ՄԻԱԿ»-ի գրասենյակի եւ սրճարանի ծեծկռտուքի մասին ոչինչ չկար: Տեղեկատվության ճակատագիրը կապված է Հակոբյանների հարցի լուծումից: