Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ 8 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ

Մարտ 24,2009 00:00

«Օդնոկլասնիկի գործի» դատաքննությունն ավարտվեց

\"\"
Վ. Աբրահամյանը հրապարակեց դատավճիռը:

Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Վարդան Աբրահամյանի, երեկ հրապարակեց «Օդնոկլասնիկ» սրճարանի ծեծկռտուքի արդյունքում սպանված Անդրանիկ Բաբայանի գործով դատավճիռը: Սահակ Ազիզբեկյանը դատապարտվեց 8 տարի 6 ամիս ազատազրկման, Սամվել Ալիխանյանը՝ 2 տարի 6 ամսվա, իսկ Արմեն Սարգսյանը՝ 6 ամսվա ազատազրկման: Տուժող Աբել Միքայելյանը եւ տուժող Անդրանիկ Բաբայանի իրավահաջորդը քաղհայց չէին ներկայացրել:

Դատավճռի հրապարակումից հետո զրուցեցինք Անդրանիկի հարազատների հետ: Նրա կինը՝ Աննա Մովսիսյանն, ասաց, որ իր համար այդպես էլ անհայտ մնաց, թե ովքեր, ինչու եւ որտեղ են իր ամուսնուն սպանել, քանի որ եղել է արագացված դատաքննություն, ընդամենը 3 նիստ, որոնցից միայն առաջին նիստի օրվա եւ ժամի մասին են իրենք պատշաճ ծանուցվել: «Ոչ վկաներ բերեցին, ոչ բան, ոչ մի մանրամասնություն չգիտենք: Իրենք ինչ ուզեցին՝ արեցին: Ինձ թվում է՝ այս ամենը շոու էր, նույնիսկ մեղադրյալները հենց իրենք չէին, ինձ թվում է՝ նրանք «ախրանայի» աշխատող էլ չէին: Պարզապես մարդիկ էին, ովքեր իրենց վրա էին վերցրել մեղքը: Հնարավոր չէր, որ էդ ֆիզիկական տվյալներով անձն իմ ամուսնուն կարողանար էդ վիճակին հասցնել»,- ասաց Աննա Մովսիսյանը, ավելացնելով, որ նույնիսկ դատավճիռը բողոքարկելու իմաստ էլ չեն տեսնում:

Տուժող Աբել Միքայելյանի եւ լրագրող Արթուր Սահակյանի (որին պատժելու համար էին սափրագլուխները եկել սրճարան) բացակայության հանգամանքն էլ Աննան տարօրինակ է համարում. չգիտի՝ նրանք խուսափում են իրենց հետ առերես հանդիպելո՞ւց, թե՞ վախեցել են եւ մեկնել են հանրապետությունից: «Իրական մեղավորները կամ իրենց տանը նստած են, կամ ռեստորանում իրենց հաղթանակն են տոնում»,- ասացին հարազատները, նկատելով, որ դատապարտվողներից Արմեն Սարգսյանի 6 ամիսն արդեն լրանում է եւ նա շուտով ազատ կարձակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել