Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւից զրկել են

Մարտ 24,2009 00:00

Գուրգեն Մահարու թիվ 39 շենքին կիպ կպած օբյեկտ են կառուցել՝ խախտելով քաղաքաշինական մի շարք նորմեր:

\"\"
Բնակելի շենքին կից երկհարկանի օբյեկտ են կառուցել:

Որքան էլ քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ այսուհետեւ վերահսկողությունը խստացվել է եւ մայրաքաղաքում այլեւս ապօրինի շինարարություն չի իրականացվելու, իսկ եղածներն էլ քանդվելու են, միեւնույն է, կան կառուցապատողներ, որոնք առանձնապես «լուրջ չեն ընդունում» պաշտոնյաների ասածները:

Արդեն երկու տարի է՝ Էրեբունի համայնքի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու 39 շենքին կիպ կպած երկհարկանի օբյեկտ է կառուցված: Անզեն աչքով էլ երեւում է, որ խանութը կառուցվել է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտումներով: Նախ՝ այն գտնվում է անմիջապես բազմաբնակարան շենքին կից եւ անգամ մեկ սանտիմետր հեռավորություն պահպանված չէ շենքի եւ օբյեկտի միջեւ, մինչդեռ, մասնագետների ներկայացմամբ, քաղաքաշինական նորմերով 6 մետր տարածությունը շենքերի միջեւ պարտադիր է, որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում հնարավոր լինի տեխնիկա անցկացնել այդ արանքով: Քաղաքաշինության մեկ այլ նորմով էլ արգելված է կառուցել այնպիսի կառույց, որը կփակի հարեւան բնակարանների լուսավորությունը: Գ. Մահարու 39 հասցեի օբյեկտը փակել է առաջին եւ երկրորդ հարկերի բնակարանների բնական լույսը:

«2 տարի առաջ մի քանի ամիս տնից բացակայեցի, երբ վերադարձա՝ արդեն էդ օբյեկտը կառուցված էր, հենց իմ քթի տակ: Մինչ այս կառույցը, մեր ննջարանը միշտ լուսավոր էր ու տաք, օրվա մի քանի ժամը արեւի լույսը սենյակը լավ ջերմացնում էր, իսկ հիմա այդ սենյակ չենք էլ ուզում մտնել, այնքան մութ է ու ցուրտ»,- «Առավոտին» դժգոհեց շենքի բնակիչ Նորիկ Վարդանյանը: Նա բազմիցս դիմել է քաղաքապետարանի տարբեր վարչություններ, որպեսզի ճշտի՝ օբյեկտը քաղաքաշինության նորմերին համապատասխա՞ն է կառուցված, սակայն նրան իրար հակասող պատասխաններ են տվել: Քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից Ն. Վարդանյանին պատասխանել են, որ վերոհիշյալ շենքի կցակառույցի իրականացման համար վերջին շրջանում վարչությունում ոչ մի քննարկում տեղի չի ունեցել, եւ արխիվային գրանցամատյանում ամրագրված շինարարության թույլտվության տվյալները բացակայում են, ուստի խնդրում են քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը հարցը տեղում պարզաբանել եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Իսկ մարտի 10-ին քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունը Ն. Վարդանյանին պատասխանել է. «Գ. Մահարու 39/1 հասցեում գտնվող 174.0 քմ մակերես ունեցող ձեղնահարկով երկհարկանի խանութը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Մ. Խաչատրյանին, որը օբյեկտը ձեռք է բերել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, նոտարական գրանցումով եւ դրանից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում»:

«Ես հո չէի՞ դիմել քաղաքապետարան, որ ինձ տեղեկացնեին, թե ում է պատկանում խանութը, դա ինձ չի հետաքրքրում, ինձ պետք է ասեին՝ շինթույլտվություն կա՞, թե՝ ոչ, նորմերի խախտում եղե՞լ է, թե՝ ոչ: 2 տարի պայքարում եմ, իմ իրավունքներն եմ պաշտպանում, իսկ քաղաքապետարանը անկապ պատասխաններ է տալիս: Բավական չէ՝ խախտումներով օբյեկտ է կառուցել, դեռ մի բան էլ շենքի սեփականության տարածքն է առգրավել ու ցանկապատել: Երկաթյա ցանկապատ է անցկացրել, ու ես չեմ կարողանում անգամ գազի իմ հաշվիչը ստուգել: Իսկ օբյեկտը մեր Գեւորգ Սարգսյանինն է, որը նախկինում քաղաքաշինության նախարարությունում է աշխատել, սա մեր բակի նույնիսկ 5 տարեկան երեխան գիտի»,- պատմեց Ն. Վարդանյանը:

Գ. Մահարու 39 հասցեում կառուցված խանութը շինթույլտվություն ունի՞, թե՝ ոչ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից հայտնեցին, որ նշյալ հասցեում շինթույլտվություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել