Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱՄՆ ԻՆՔՆԱՄՓՈՓ ԷՐ ԴԱՐՁԵԼ

Մարտ 24,2009 00:00

Օժանդակ դպրոց հաճախելը հաշմանդամի վրա բացասաբար է անդրադառնում

\"\"
Արամը հրաժարվել էր նկարել, երաժշտություն լսել ու
մարդկանց հետ շփվել:

«Արամը, երբ մանկապարտեզ էր հաճախում, իրեն շատ ավելի լավ էր զգում, շփվում էր երեխաների հետ եւ անգամ ընկերներ ուներ, չէր մեկուսանում, սիրում էր նկարել, առաջին նկարը «Ալիսան հրաշքների աշխարհում»-ն էր, բայց Արամն ամեն ինչ նկարում էր իր պատկերացմամբ եւ իր գույներով, հակառակ գրքում տրված նկարների, ավելի շատ սիրում էր հեռուստացույց դիտել ու երաժշտություն լսել, ամեն ինչի նկատմամբ ուշադիր էր ու բազմապիսի հարցեր էր տալիս, բայց բժիշկը որոշեց, որ Արամը չի կարող սովորել հանրակրթական դպրոցում ու ստիպված տեղափոխեցինք հատուկ դպրոց»,- «Առավոտի» հետ զրույցում պատմեց Արամ Իվանյանի մայրը՝ Մարիետա Դանագուլյանը: Տիկին Մարիետայի խոսքերով, հատուկ օժանդակ դպրոցը, որտեղ հաճախել է Արամը, միայն բացասաբար է անդրադարձել նրա առողջության վրա, նա ավելի ինքնամփոփ է դարձել:

«Եթե մանկապարտեզում Արամը շփվում էր երեխաների հետ, դպրոցում սկսեց բոլորից մեկուսանալ, էլ չէր նկարում, օժանդակ ութամյա դպրոցի ուսուցիչներն անգամ ուշադրություն չէին դարձնում, ոչ ոք նրանով չէր հետաքրքրվում, իսկ նա միայն ուշադրության կարիք էր զգում, ուղղակի նրա հետ պետք է լինեին այնպես, ինչպես՝ մնացածի: Ամերիկացի բժիշկ Նաջարյանը խորհուրդ տվեց, որ նրա հետ անընդհատ խաղեր խաղան, որպեսզի ինքնամփոփ վիճակից կարողանա դուրս գալ, մենք էլ սկսեցինք անընդհատ բառախաղ խաղալ, ու այդ խաղերի շնորհիվ Արամը շատ քաղաքների ու մայրաքաղաքների անուններ սովորեց»,- ասաց տիկին Մարիետան:

Որպեսզի Արամը ինքնադրսեւորվելու հնարավորություն ունենա, հաճախել է «Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա: Տիկին Մարիետայի պատմելով՝ դրանից հետո Արամի կյանքում կարեւոր շրջան է սկսվել, քանի որ նա կրկին սկսել է նկարել: 2003-ի մայիսին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվել է Արամ Իվանյանի համակարգչային 147 նկարներից բաղկացած առաջին անհատական ցուցահանդեսը:

«Ցուցահանդեսի նպատակը նաեւ այն էր, որ հասարակության լայն խավերը իմանան, որ հաշմանդամ երեխաները նույնպես շնորհալի են: Ցուցահանդեսը տեւեց 20 օր, եւ այդ օրերի ընթացքում Հայաստանում էին Լիոնի հայ-ֆրանսիական անկարողների (հաշմանդամների- խմբ.) ասոցիացիայի (ALFHA) ներկայացուցիչները: Տեսնելով եւ բարձր գնահատելով Արամի աշխատանքները՝ նրանք Ֆրանսիայի Լիոն քաղաքում կազմակերպեցին ցուցահանդես: Նկարները Լիոն ուղարկվեցին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ: Այդ ժամանակ Արամի ուրախությանը չափ ու սահման չկար, անգամ նկարների մի մասը ցուցահանդեսի ժամանակ գնեցին»,- մեզ հետ զրույցում պատմեց Արամի մայրը:

Այսօր 23-ամյա Արամի միակ նախընտրելի զբաղմունքը համակարգիչն է, նա ժամերով նստում է համակարգչի առաջ ու նկարում, երբեմն զայրանում ու ամբողջ նկարները ջնջում:

«Լինում է, որ Արամը բոլոր նկարները վառ գույներով է ներկում, ու ամեն ինչ պայծառ է երեւում, բայց լինում են օրեր, որ նա միայն գորշ գույներով է նկարում, հոգեբանն ասում է, որ գույները կախված են նրա հոգեվիճակից, յուրաքանչյուր գույն իր նշանակությունն ունի: Նրա նկարները շատ տարբեր են. հիմնականում զինվորներ է նկարում, տանկեր, հաշմանդամ՝ գամված սայլակին, անգամ Ազգային ժողովն է պատկերել, եւ իր պատկերացմամբ՝ մի քանի պատգամավոր քառակուսի գլուխներով են: Հիմա Արամը հաճախում է կույրերի երեկոյան դպրոց, նույնիսկ այնտեղ ընկեր ունի՝ Արմանը, որն Արամի ամենասիրելի ընկերն է, նա նույնպես մտավոր խնդիրներ ունի, բայց չնայած դրան՝ ունի բացարձակ լսողություն եւ շատ լավ երգում է: Արամը տեսողության հետ կապված եւս խնդիրներ ունի: Կարճատես է»,- ասաց Արամի մայրը:

Նշենք, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթություն իրականացնող ուսումնական հաստատության ֆինանսավորման հիմնական աղբյուրները պետական եւ համայնքային բյուջեներն են, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց (ներառյալ՝ օտարերկրյա պետությունների) կատարած ներդրումները, սեփական միջոցները, որոնք գոյացել են ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեությունից եւ այլ աղբյուրներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել