Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ոչինչ չունես, չես կարող խնայել»

Մարտ 24,2009 00:00

\"\"Մարդիկ չեն կարողանում նույն եկամուտով ապրել այնպես, ինչպես մի քանի ամիս առաջ

Հայաստանում դոլարի արժեւորման հետեւանքով թանկացան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, ինչի արդյունքում հազարավոր ընտանիքներ ստիպված եղան խիստ խնայողություններ անել, քանի որ նախկին եկամուտով չեն կարող ապրել այնպես, ինչպես նախկինում:

«Վերջին խնայողություններով հազիվ ձեթ, ալյուր, շաքարավազ ու մի քանի կիլոգրամ բրինձ եմ գնել, թե դրանով ինչքան յոլա կգնամ՝ չգիտեմ: Առաջ մեզ ծանոթ խանութներից գոնե նեղն ընկած ժամանակ «նիսյայով» բան-ման էինք առնում, հիմա արդեն խանութներն էլ «նիսյա» չեն տալիս, ասում են՝ առեւտուր չկա, փող չունեն, որ նոր ապրանք բերեն»,- «Առավոտին» պատմեց մրգավաճառ տիկին Գայանեն:

Իսկ տիկին Հեղինեն, որ հիմնական աշխատանք չունի եւ 5 հոգուց բաղկացած իր ընտանիքի գոյությունը պահպանում է «գաթա» թխելով ու վաճառելով, մեզ հետ զրույցում ասաց, որ նախկինում ավելի շատ փող էր աշխատում, քան հիմա. «Մարդիկ հիմա միայն ամենաանհրաժեշտ բաներն են առնում, ու ես արդեն չեմ կարողանում ընտանիքիս գոնե հացով ապահովել: Խնայելով էլ բան չի ստացվում: Չնայած պիտի ունենաս, որ խնայես, որ եկամուտ չունես՝ ի՞նչ խնայես»:

Դժվար իրավիճակում են հայտնվել նաեւ այն ընտանիքները, որոնք ունեն ուսանողներ կամ վճարովի համակարգում սովորող դպրոցականներ: Սահակյանների ընտանիքի հայրը, որ երկար տարիներ աշխատել է շինարարությունում եւ աշխատավարձով կարողացել է վճարել ոչ միայն ուսանող աղջկա ուսման վարձը, այլ նաեւ կերակրել ընտանիքը, արդեն 3 ամիս գործազուրկ է: Այս ընտանիքը մնացել է մոր աշխատավարձի հույսին, որը ռեստորանում ստացած 50 հազար դրամով պետք է ե՛ւ իր հինգ անձից բաղկացած ընտանիքին կերակրի, ե՛ւ վճարի դստեր ուսման վարձը:

Գետնանցումներում եւ մետրոյի կանգառներում դաշտային ծաղիկներ վաճառող Հասմիկ տատն էլ, որը միայնակ թոշակառու է, մեզ հետ զրույցում դժգոհեց, որ մինչ այժմ իր վաստակած գումարով կոմունալ վճարումներն է կատարել, իսկ ստացած թոշակով էլ կարողացել է մի կերպ «յոլա գնալ»: Հիմա արդեն թոշակը չի բավարարում սնունդ գնելու համար, իսկ ծաղիկների վաճառքից ստացված փողն էլ չի բավականացնի կոմունալ վճարումների համար, քանի որ 1 շաբաթից կթանկանան գազը, ջուրը եւ էլեկտրաէներգիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել