Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻ ՀՈՒՅՍՈՎ ԳՈՐԾԱՐԱՆ ԵՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

Մարտ 24,2009 00:00

\"\"Ոսկու արտադրությամբ զբաղվող «ԱՍՍԱԹ» ընկերությունը վստահ է, որ միայն Հայաստանում ամուսնացողները բավական են՝ իրենց արտադրանքը սպառելու համար:

Մեր հասարակությանը համոզելու համար, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա այնքան էլ լուրջ չի անդրադարձել, եւ մեր տնտեսությունը զգալի վնասներ չի կրել, վերջերս կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար այցելում են մարզերում գտնվող տարբեր ձեռնարկություններ եւ հայտարարում, որ ստեղծվել են բարենպաստ պայմաններ՝ արդյունաբերական մի շարք ոլորտների զարգացման համար:

Ֆինանսական ճգնաժամի պայմաններում աշխարհի մի շարք խոշոր արտադրական ձեռնարկություններ գոյատեւելու ուղիներ են փնտրում, սակայն պարզվում է, որ Հայաստանում եղած գործարանները ոչ թե ճգնաժամից տուժում են, այլ ծաղկում են եւ անգամ նոր գործարաններ են կառուցվում: Դա պարզվեց այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Մասիսի «ԱՍՍԱԹ» ոսկու վերամշակման գործարան: Վարչապետը հավաստիացրել էր, որ գործարանը կարող է ամսական մոտ 30 կիլոգրամ մաքուր ոսկի արտադրել, որն ամբողջությամբ կօգտագործվի տեղական ոսկերիչների կողմից:

«Առավոտը» մայրաքաղաքի մի շարք ոսկու շուկաներ այցելության ժամանակ պարզեց, որ ոսկյա իրերի պահանջարկը բավականին նվազել է: Մեզ հետ զրույցում «Վաղարշ եւ որդիներ» շուկայի առեւտրականներն ու ոսկերիչները հավաստիացնում էին, որ ճգնաժամի, դոլարի արժեւորման եւ գնաճի պատճառով իրենց գնորդները պակասել են. «Ի տարբերություն առաջվա, հիմա օրերով առեւտուր չի լինում: Մարդկանց ձեռքին փող չկա: Առաջ էնքան շատ էր գործը, որ նույնիսկ չէինք հասցնում ժամանակին պատվերը հանձնել»:

«Առավոտը» «ԱՍՍԱԹ» ընկերությունից հետաքրքրվեց, թե ոսկու պահանջարկի նվազման պայմաններում, արդյոք, ռիսկային չէ՞ արտադրանքի ծավալների ավելացումը, եւ, բացի այդ, տեղական շուկայում իրացման հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանա: Ընկերության տնօրեն Արամ Օսիկյանի հավաստմամբ. «Մենք պայմանագիր ունենք Երեւանի ոսկերչական գործարանի հետ, որ արտադրանքն ամբողջությամբ իրենք են գնելու: Իսկ ճգնաժամը չի ազդի, քանի որ միջազգային շուկայում, ի տարբերություն այլ մետաղների, ոսկու եւ արծաթի գները բարձրացել են»: Ոսկու ներքին պահանջարկի նվազման վերաբերյալ էլ պարոն Օսիկյանն ասաց. «Ճիշտ է, ոսկին թանկ է, ժողովրդի ձեռքը փող չկա, բայց մեր արտադրության ծավալն այնքան էլ շատ չէ, որ չսպառվի: Եթե միջինով հաշվենք եւ օրական 830 գրամ ոսկի արտադրենք, դա ի՞նչ է, որ չվաճառվի: Եթե մեկ զարդը միջինը 15 գրամ լինի, ու եթե 830-ը բաժանենք 15-ի, ապա օրական 55 հատ զարդ կվաճառվի ամբողջ Հայաստանում: Որքան էլ ժողովրդի ձեռքը փող չլինի, վիճակը վատ լինի, ամիսը մի 150 ընտանիք հարսանիք է անում, այսինքն՝ մեր արտադրածը դեռ մի բան էլ քիչ է»: Արամ Օսիկյանը նշեց, որ 30-35 կգ ոսկի պատրաստվում են ստանալ այն դեպքում, երբ ոսկու նոր մատակարարներ կներգրավեն: Նրա խոսքերով՝ շուտով կգործարկվի Հրազդանի ոսկու հանքաքարի վերամշակման գործարանը, որը ոսկու խտանյութ կմատակարարի «ԱՍՍԱԹ»-ին: Պարոն Օսիկյանը նախատեսում է Վայոց ձորում էլ նմանատիպ գործարան կառուցել: Պարզվում է, տեղական ոսկին դեռ մի բան էլ քչություն է անում: Ըստ ընկերության տնօրենի՝ իրենք ոսկու խտանյութ են ներմուծելու Ղազախստանից եւ Աֆրիկայից. «Ես խնդրել եմ վարչապետին, որպեսզի ոսկու խտանյութ պարունակող հումքը ազատվի ավելացված արժեքի հարկից: Ճիշտ է, զուտ եկամուտը շատ է, բայց երբ ծախսեր ենք անում, աշխատավարձեր, այլ հարակից ծախսեր, ապա գումար շատ քիչ է մնում, որպեսզի նորից կարողանանք շրջանառության մեջ դնել»:

Երեւանի ոսկերչական գործարանից էլ «Առավոտին» հավաստիացրին, որ գնելու են «ԱՍՍԱԹ»-ի արտադրած ամբողջ ոսկին եւ զարդեր պատրաստելուց հետո՝ իրացնելու: Մեր այն դիտարկմանը, թե ոսկու առեւտրով զբաղվողները մտահոգված են, որ պահանջարկ չկա, գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանն ասաց. «Այո, շուկան թուլացել է, բայց նման իրավիճակ 10 տարին մեկ լինում է: Դրա համար մենք պետք է հարմարվենք շուկային, այսինքն՝ արտադրենք թեթեւ ու համեմատաբար էժան զարդեր: Ասենք՝ քիչ գրամով, բայց գեղեցիկ դիզայնով զարդ: Բացի այդ, տեղական հումք ձեռք բերելով, ծախսերը կրճատվում են: Առաջ, երբ դրսից էինք ներմուծում, թանկ էր նստում: Համենայնդեպս, եթե անգամ այդ ամբողջը ներքին շուկայում չսպառվի, ապա կարող ենք արտերկրում իրացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել