Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուրավոր մարդիկ՝ 65 տեղի համար

Մարտ 24,2009 00:00

ԿԸՀ-ն ամփոփեց ցուցակները

Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրություններին առաջադրման համար սահմանված ժամկետում՝ մինչեւ մարտի 22-ի ժամը 18.00-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողով անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայաստանի Հանրապետական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Ժողովրդական, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը: Ըստ ԿԸՀ-ի տվյալների, ՀՀԿ-ի 181 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ցուցակում երկրորդը մայրաքաղաքի Ավան համայնքի ղեկավար Տարոն Մարգարյանն է, երրորդը՝ «ԱՍԴ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Հրաչ Պողոսյանը:

ԲՀԿ-ի 122 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Ցուցակում երկրորդը Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանն է, երրորդը՝ ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի դասախոս Մարգարիտա Մաթեւոսյանը:

ՀՅԴ-ի 51 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Ցուցակում երկրորդը ճարտարապետ Ալբերտ Աճեմյանն է, երրորդը՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը:

«Օրինաց երկիր» կուսակցության 74 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է ՕԵԿ-ի փոխնախագահ, ԱԺ-ի ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ցուցակում երկրորդը ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ, «Նաիրի» բ/կ նյարդաբանության կլինիկայի ղեկավար Հենրի Բակունցն է, երրորդը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոֆեսոր Գրիգորի Վահանյանը:

ԺԿ-ի 20 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է ԺԿ-ի առաջնորդ Տիգրան Կարապետյանը: Ցուցակում երկրորդը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանն է, երրորդը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի բժշկական-կենսաբանական ֆակուլտետի դեկան Հրաչիկ Վարդապետյանն է:

Հայաստանի աշխատանքային սոցիալիստական կուսակցության 29 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը: Ցուցակում երկրորդը ՍՊԸ տնօրեն Աշոտ Մուղնեցյանն է, երրորդը՝ ՀՀ քաղաքաշինության նախարարության բաժնի պետ Յուրիկ Մատինյանը:

Հայ ազգային կոնգրեսի 167 հոգուց բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ցուցակում երկրորդը Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, երրորդը՝ ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել