Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԵ՞Լ ԵՆ

Մարտ 24,2009 00:00

Փաստաբանը պնդում է, որ տեսել է՝ Արման Բաբաջանյանին ազատելու օգտին կողմ էր քվեարկել Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հանձնաժողովի անդամների մեծամասնությունը:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով հանձնաժողովի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը երեկ դիմում է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահին՝ այդ հանձնաժողովում իր անդամակցությունը դադարեցնելու խնդրանքով: Սա յուրօրինակ բողոք է՝ այդ հանձնաժողովի մարտի 20-ի նիստում կատարվածի դեմ: Հանձնաժողովի քննարկմանն էր հերթական անգամ ներկայացվել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում պահվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդությունը։ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանն «Առավոտին» հայտնեց. «Անկախ հանձնաժողովի կողմից մերժվել է նշված միջնորդությունը ձայների պարզ մեծամասնությամբ»: Մինչդեռ ինքը՝ Արման Բաբաջանյանը պնդեց. «4 կողմ, 3 դեմ քվեով անցել է անունս, եւ հիմա պարզվում է, որ ես չկամ անցածների ցուցակում: Ձայների այդ պատկերին ականատես են եղել հանձնաժողովի անդամներ Նիկոլայ Բաղդասարյանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը: Փաստորեն քվեարկությունից հետո ցուցակը փոխել են»:

Տիգրան Մարտիրոսյանի հետ երեկ զրուցել չհաջողվեց, սակայն ՄԻՊ գրասենյակից տեղեկացանք, որ նա իրոք քվեարկել է Բաբաջանյանի օգտին:

Իսկ Նիկոլայ Բաղդասարյանը մեր զրույցի ընթացքում վկայեց, որ տեսել է փաստաթուղթ, որտեղ խմբագրի անվան դիմաց գրված էր՝ 4 կողմ, 3 դեմ. «Եվ միայն ես չէ, որ տեսել եմ: Այնտեղ անգամ այդ թեմայով խոսակցություն եղավ, որ Արման Բաբաջանյանին կողմ է քվեարկել մեծամասնությունը: Բայց ապացուցել չեմ կարող, քանի որ այդ ամենը չէր ձայնագրվում»:

Մինչդեռ Արսեն Բաբայանը հերքեց, թե հնարավոր էր տեսնել այն դատապարտյալների անունների ցանկը, որը ներկայացվել է պատժի կրումից վաղաժամկետ պայմանական ազատվելու. «Այդ տեղեկատվությունը որեւէ աղերս չունի իրականության հետ՝ այն պարզ պատճառով, որ անկախ հանձնաժողովում քվեարկությունը գաղտնի է, եւ որեւէ անդամ չի կարող տեսնել մեկ այլ անդամի որոշումը։ Հավանաբար, հանձնաժողովի փաստաբան անդամը որեւէ բան շփոթել է։ Այն հանգամանքը, որ անկախ հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, թե ինքը քվեարկել է Արման Բաբաջանյանի ազատման օգտին՝ չի նշանակում, որ ապահովված է եղել ձայների այն քանակը, ըստ որի՝ դատապարտյալը կարող է ներկայացվել պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման։ Նման միջնորդության համար անհրաժեշտ է նիստին մասնակցող եւ կողմ քվեարկած անդամների պարզ մեծամասնությունը։ Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն տեղեկությունը, թե ցուցակներից իբր հանվել է դատապարտյալի անուն-ազգանունը։ Նման բան գործնականում հնարավոր չէ իրականացնել, նմանատիպ տեղեկությունները երեւակայության արդյունք են։ Ցուցակները ստացվում են ՔԿՀ-ներից, եւ քննարկվում հանձնաժողովում»:

Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը, որը կատարվածի սեփական հետաքննությունն էր իրականացրել՝ մեր զրույցի ընթացքում ասաց. «Քվեարկելուց առաջ Արման Բաբաջանյանի մասին մեծամասնությունը լավ է արտահայտվել, բայց հետո դեմ են քվեարկել: Եվ Արման Բաբաջանյանն այս առումով առաջինը չէ՝ այդ մեթոդը գործում է միշտ»:

Մեր հարցին, թե ինքն իրոք տեսե՞լ է, որ քվեարկության արդյունքները 4-ն ընդդեմ 3-ի էին՝ Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Արսեն Բաբայանը հավանաբար լավ չի պատկերացնում գործընթացը: Բնական է, որ քվեարկելու ժամանակ մեկը մյուսի քվեաթերթիկը չի տեսնում: Բայց քվեաթերթիկները հաշվարկից հետո ամփոփվում են, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են ամփոփվել թվերը: Ես տեսել եմ ամփոփաթերթիկը: Եվ միայն ես չեմ տեսել՝ բնական է, որ բոլորն էլ տեսել են: Բան չունեմ ասելու՝ գործընթացն այնպիսին է, որ դա ապացուցելն անհնար է, թե կոնկրետ քանիսն են կողմ քվեարկել, քանիսը՝ դեմ: Որեւէ խոչընդոտ չկա՝ կարող են թեկուզ քվեաթերթիկը հանել ու փոխել կամ ամփոփաթերթիկի առաջին էջը փոխել, որտեղ գրված էր Արման Բաբաջանյանի անունը: Անհնար է փաստել՝ ճիշտը ե՞ս եմ, թե՞ նրանք: Գործընթացն այնպիսին չէ, որ չկարողանաս կեղծել, եթե ցանկանաս»:

Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ Փաստաբանների պալատի նախագահին երեկ հղված դիմումի մեջ իրեն հետ կանչելու խնդրանքից բացի՝ նաեւ առաջարկել է դիմել համապատասխան մարմիններին, որ այս գործընթացը փոփոխվի. «Բացի Արման Բաբաջանյանից՝ կան տասնյակ մարդիկ, որոնք կարող են տուժել նման ապօրինություններից: Նաեւ իրավական հիմնավորումներ եմ ներկայացրել, որ այդ գործընթացը հակասում է ԵԽ 2003 թ. հանձնարարականին, որտեղ ամրագրված է, թե յուրաքանչյուր կալանավոր պետք է իմանա պարզ եւ հստակ այն չափանիշները, որոնց հիման վրա իրեն կարող են ազատ արձակել: Մինչդեռ մեր գործող օրենսդրությամբ որեւէ չափորոշիչ սահմանված չէ, որոնց հիման վրա հանձնաժողովը կարող է եզրակացնել, թե տվյալ անձը պե՞տք է վաղաժամկետ ազատվի կամ ոչ»:

Իսկ Արման Բաբաջանյանը մեզ տեղեկացրեց, որ երեկ հանդիպել է Քրեակատարողական հիմնարկների վարչության վերահսկող դատախազ Շահում Տեր-Տիգրանյանին, որին ներկայացրել է կատարվածի վերաբերյալ իր հետաքննության արդյունքները. «Նրա հետ հանդիպումից հետո որոշեցի, որ դիմելու եմ ՀՀ նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին ու գլխավոր դատախազին, որին հայտարարություն եմ ներկայացնելու հանցագործության մասին: Պիտի խնդրեմ՝ գլխավոր դատախազը միջնորդի, որ հատուկ քննչական ծառայությունը գործ հարուցի կատարված հանցագործության վերաբերյալ: Այդ հանձնաժողովը ղեկավարող ՀՀ փոխոստիկանապետի գլխավորությամբ ու մասնակցությամբ (քանի որ առանց իր մասնակցության ուղղակի դա չէր կարող տեղի ունենալ) կատարվել է ապօրինություն, կեղծիք, որով իմ անունը դուրս է թողնվել անցածների ցուցակից»: «Ժամանակի» գլխավոր խմբագիրը հայտնեց նաեւ, որ հանձնաժողովի որոշումը բողոքարկելու է Էրեբունի համայնքի ընդհանուր իրավասության դատարան, որ բեկանվեն այդ քվեարկության արդյունքները. «Իշխանությունները եւ նրանց կամակատարները նույնիսկ այդքան մեծահոգություն չունեցան, որ պարզ մեծամասնությամբ անցնելուց հետո գոնե հնարավորություն տային ինձ ժամ առաջ հասնել իմ գործին եւ անցնել խմբագրի պարտականություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել