Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ՊԻՏԻ ԶԻՋԵՐ

Մարտ 24,2009 00:00

«Ժառանգության» առաջարկած ժամկետում՝ մինչ մարտի 21-ը ժամը 18-ը, Հայ ազգային կոնգրեսը որեւէ պատասխան չտվեց այդ կուսակցության վարչության նոր առաջարկին, ըստ որի՝ Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-«Ժառանգություն» միասնական ցուցակը պիտի գլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրան պիտի հաջորդեր Լեւոն Տեր-Պետրոսյանը, 3-րդ տեղում՝ Զարուհի Փոստանջյանը եւ հետո նոր՝ Ստեփան Դեմիրճյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը մարտի 21-ի ասուլիսում իրենց առաջարկած այս նոր ցուցակն անվանեց «գերմրցունակ»: Մինչդեռ ՀԱԿ ներկայացուցիչները պնդում էին, թե իրենց ցուցակի առաջին երկու անձանց թեկնածություններն անփոփոխելի են:

Դրանից հետո «Ժառանգությունը» որոշեց չմասնակցել ընտրություններին: Երեկ տարածած հայտարարության մեջ կուսակցությունը մասնավորապես նշում է, թե այս ընտրությունները դիտարկում են որպես եւս մեկ հնարավորություն՝ մեր երկրում վերջապես «Երեւանի մասշտաբով ձեւավորելու ժողովրդի կողմից ընտրված լեգիտիմ իշխանություն»: Եվ դատապարտել են «իշխանածառա սպասարկող ԶԼՄ-ներում «Ժառանգության» ու Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին տարիներ շարունակվող պատվիրովի եւ անհիմն մեղադրանքները, ստի ու ապատեղեկատվության տեղատարափը, որը պարբերաբար ուժգնանում է հատկապես ընտրություններից առաջ, ինչպես նաեւ փաստելով վերջին շաբաթվա ընթացքում ՀԱԿ-ի լռելյայն խրախուսմամբ ընդդիմադիր որոշ ԶԼՄ-ների նույն արատավոր աշխատաոճի ընդօրինակման փորձերը»: Սակայն գիտակցելով, որ ընտրություններին ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առանձին մասնակցության դեպքում կտուժի ընդդիմությունը, եւ «հասկանալով, որ ստեղծված պայմաններում ընդդիմադիր այս երկու ուժերից մեկը պետք է զիջի»՝ կուսակցությունը որոշել է չառաջադրել սեփական ցուցակը ավագանու ընտրություններում եւ «կոչ անել իր ընտրողներին ու Երեւանի բոլոր քաղաքացիներին՝ իրենց ձայնը տալ ընդդիմության օգտին»: «Ժառանգությունը» վերահաստատում է «հանրային անկախ վերահսկողի իր վճռականությունը՝ համալիր պայքար տանել քաղաքացիների քվեներն անաղարտ պահելու, դրանց կեղծման բոլոր փորձերը կանխելու ուղղությամբ», եւ նշում, թե դիտելու են ընտրությունների ընթացքը՝ ներկայացնելով տեղ գտած խախտումների վերաբերյալ փաստերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել