Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի ցուցակը դարձել է կռվախնձոր

Մարտ 24,2009 00:00

Եվ իր թվաքանակով ՀՀԿ-ի ընտրացուցակից հետո ամենամեծն է

Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խորհրդարանական կուսակցությունը, Հայ ազգային կոնգրեսի հետ տապալված բանակցություններից հետո, անցած կիրակի օրը որոշում կայացրեց չմասնակցել Երեւանի ավագանու՝ մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին եւ իր ընտրողներին ու բոլոր երեւանցիներին կոչ արեց իրենց ձայնը տալ ընդդիմությանը, քաղաքական իրավիճակը փոփոխվեց եւ հստակեցվեց: Համենայնդեպս, այդպես կարծում են ՀԱԿ-ում՝ նկատի ունենալով այն, որ այդ ընտրություններին ընդդիմությունը, փաստորեն, ոչ թե առանձին- առանձին, այլ մեկ ճակատով է մասնակցում՝ ի դեմս Կոնգրեսի: Վերջինս, ի դեպ, կիրակի օրը ԿԸՀ-ին՝ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացրել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի՝ 18 կուսակցություն-կազմակերպությունների միասնական ընտրական համամասնական, 167 հոգուց բաղկացած ցուցակը: Վերջինս կազմվել է այբբենական կարգով եւ այն հույսով, որ այդպես հնարավոր կլինի զերծ մնալ հնարավոր շահարկումներից: Սակայն, ինչպես պարզ դարձավ երեկ, Կոնգրեսին մաս կազմող առանձին ուժերի ներկայացուցիչներ եւ անհատներ դժգոհ են ՀԱԿ-ի համամասնական ցուցակում իրենց զբաղեցրած տեղերից: Նման դժգոհություն երեկ հայտնել է, օրինակ՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, թեեւ դրանից հետո էլ ինքնաբացարկ չի հայտնել կամ ՀԱԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել:

Հիշեցնենք, որ Հայաստանի գլխավոր մարքսիստը Կոնգրեսի համամասնական ցուցակում 22-րդն է: Մեր այն հարցին, թե՝ բացի Դ. Հակոբյանից, կա՞ն էլի անհատներ կամ կուսակցության առաջնորդներ, ովքեր դժգոհ են ցուցակում իրենց զբաղեցրած տեղերի առնչությամբ, ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանն ասաց, թե՝ կարող են լինել, բայց առայժմ անուններ չմատնանշեց: «Առավոտի» տեղեկություններով, սակայն, երեկ ԿԸՀ-ին իր ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացրել Կոնգրեսի համամասնական ցուցակում 156-րդ հորիզոնականում հայտնված «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Նորիկ Նորիկյանը:

Այս տեղեկությունը երեկ նա հաստատեց «Առավոտի» հետ զրույցում՝ միաժամանակ ձեռնպահ մնալով որեւէ մեկնաբանություն անելուց: Տեղեկություններ կան նաեւ, որ առաջիկա երկու օրերին համանման քայլ կարող են անել էլի մի քանի անհատներ:

Դառնալով ՀԱԿ-ի համամասնական ցուցակին՝ նշենք, որ այնտեղ առաջին հորիզոնականում, ինչպես արդեն հայտնի է, ՀՀ առաջին նախագահ եւ Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, երկրորդում՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, երրորդում՝ Լեւոն Զուրաբյանը, եւ ըստ հաջորդականության՝ Խաչիկ Քոքոբելյան՝ ՀՀՇ, Սուրեն Աբրահամյան՝ «Հանրապետություն», Լյուդմիլա Սարգսյան՝ ՍԴՀԿ, Աշոտ Ադամյան, Մասիս Այվազյան՝ ՀՀՇ, Դավիթ Առաքելյան՝ ՀՀՇ, Հրանտ Բագրատյան՝ «Ազատություն», Մանուել Գասպարյան՝ ԺՈՒԿ, Վարդան Գրիգորյան՝ ԺՈՒԿ, Գուրգեն Եղիազարյան՝ ՍԴՀԿ, Լյովա Եղիազարյան՝ «Հանրապետություն», Նորիկ Եղիազարյան՝ «Հանրապետություն», Արտակ Զեյնալյան՝ «Հանրապետություն», Ռուբեն Թորոսյան՝ «ԳԽ-96», Վահագն Խաչատրյան՝ «Այլընտրանք», Ռուզան Խաչատրյան՝ ՀԺԿ, Վլադիմիր Կարապետյան եւ այլք: ՀԱԿ-ի համամասնական ցուցակը եզրափակում են ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու վարչության անդամ Արամ Մանուկյանը, որոնք, սակայն, որեւէ դժգոհություն չեն հայտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել