Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻՆ ՄԱՅՐ Է ՊԵՏՔ

Մարտ 24,2009 00:00

\"\"Ըստ ՕԵԿ-ականների՝ այդ դերակատարությունը կարող է ստանձնել Հեղինե Բիշարյանը

«Օրինաց երկիր» կուսակցության Երեւանի կառույցի ընդլայնված համաժողովում ՕԵԿ-ը դարձյալ փորձեց ապացուցել, որ իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Օրինացականները միակն էին, ովքեր Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցության եւ իրենց համամասնական ցուցակի մասին հայտարարեցին հրապարակավ, բուռն եւ երկարատեւ ծափերով եւ` «դուխը տեղը», ինչպես մեզ բացատրեց մի հայտնի օրինացական: Կառավարության նիստերի դահլիճում հավաքվել էին մայրաքաղաքի բոլոր կառույցների ներկայացուցիչները: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը դահլիճ մտավ վերջին շարքերի կողմից, եւ մինչ նա եւ նրան ուղեկցող կուսակցականները շարժվում էին դեպի նախագահություն, դահլիճը մի մարդու պես ոտքի էր կանգնել եւ ծափերով, «Օ-րի-նաց, օ-րի-նաց» գոչելով ողջունում էր Անվտանգության խորհրդի քարտուղարին: Պարոն Բաղդասարյանի մոտ 40 րոպեանոց ելույթը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Անվտանգության խորհրդի քարտուղարը մեկ առ մեկ վերհիշեց, թե ինչ էր ասում ՀԱԿ ներկայիս ղեկավարը մեկ տարի առաջ իր հասցեին, ինչու ինքը չմիացավ նրան, ինչու «լեւոնականները» սկսեցին արշավ Արթուր Բաղդասարյանի դեմ եւ ինչու է հիմա ՀԱԿ-ը մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին: Արթուր Բաղդասարյանը ներկա իրավիճակը գնահատեց «բարդ եւ պատասխանատու», ասաց, որ առաջին անգամ են քաղաքական ուժերը մասնակցում բացառապես համամասնական ընտրակարգով ընտրությունների, եւ այդ պատճառով էլ պետք է ավելի ակտիվ լինել:

Ըստ ՕԵԿ նախագահի, բոլոր անցած ընտրություններում ընտրողները իրենց կուսակցությանը ձայն են տվել «ոչ թե փողի եւ զոռբայության ուժով, այլ՝ հավատի ուժով, որի շնորհիվ էլ անցած ընտրություններում մեզ ձայն տվեց 300 հազար ընտրող: «Օրինաց երկիրը» հավատարիմ է իր ընտրողի ձայնին, հավատարիմ է իր ընտրողի յուրաքանչյուր քվեին»: Արթուր Բաղդասարյանը հայտարարեց նաեւ. «Մենք երեկվա ուժ չենք եւ ոչ էլ սոսկ ներկա, մենք ապագա ենք, մեր քվեն համոզմունքի քվե է, մեր քվեն ջիգյարով քվե է»: Ասաց նաեւ, որ ճիշտը այն ճանապարհն էր, որը ժամանակին ՕԵԿ-ը ընտրեց. «Մենք ընտրեցինք մեր երկրի կառուցման ճանապարհը, մեր ժողովրդի հետ մենք խոսում ենք բաց, շիտակ, ազնիվ (ծափեր դահլիճում- Մ. Ե.)», եւ նորից վերադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հարց տվեց. «Մենք այս շանտաժի ձեռքը հո կրակը չե՞նք ընկել»։ Նկատեց, որ այն, ինչ ժամանակին արվում էր ՕԵԿ-ի հետ, հիմա ՀԱԿ-ը փորձում է կատարել «Ժառանգության» հետ. «Ով մեզ հետ չէ, սրիկա է կամ տականք, տրամաբանությամբ»: Վերհիշելով մեկ տարի առաջ կատարված ողբերգական դեպքերը՝ ՕԵԿ նախագահը իր կուսակիցներին ասաց. «Ես չէի պատրաստվում իմ վրա վերցնել հազարավոր մարդկանց արյան մեղքը, հազարավոր ընտանիքների որբացման մեղքը: 10 մարդ է զոհվել մարտի 1-ին, ամբողջ աշխարհում՝ աղմուկ, իսկ եթե զոհվեր հազա՞ր հոգի, ո՞վ էր պատասխանատու՝ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, որն իր առանձնատնից կառավարում էր, ո՞վ էր կրելու քաղաքական պատասխանատվությունը, ո՞վ էր կրելու իրավական պատասխանատվությունը: Մենք նման պատասխանատվություն կրելու ոչ մի ցանկություն չունեինք եւ այս դահլիճում նստած յուրաքանչյուր մարդ: Ես միայնակ որոշում չեմ կայացրել, մենք որոշումը ընդունել ենք միասին, ընդունել ենք որոշում, մեր որոշումը եւ ճիշտ էր, եւ արդարացի է (խոսքը մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալու մասին է- Մ. Ե.)»:

Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում գտնվող երիտասարդ քաղաքական գործիչ Պապին Թոխյանը հայտարարեց, որ այսօր կարեւորը երիտասարդներին հետաքրքրող հարցերի լուծումն է, երիտասարդներին աշխատատեղերով ապահովելը, բնակարանային խնդիրների լուծումը: Ներկայացնելով երիտասարդներին հուզող այլ խնդիրներ եւս՝ Պապին Թոխյանը նաեւ նկատեց. «Արդեն այն աստիճանի ենք հասել, որ բուհեր մտնելը դարձել է ավելի դժվար, քան, ասենք, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ»,- դահլիճը համամիտ էր եւ ծափահարեց: Պապին Թոխյանը ասաց նաեւ. «Գործ եւ հավատ. սա է մեր հաջողության միակ գրավականը եւ կայուն քաղաքական երաշխիքը»:

Մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի ցուցակն առաջնորդող Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ինքը կուսակցության զինվորն է: Հակադարձելով որոշ լրատվամիջոցներում հայտնված լուրերին, թե ՕԵԿ-ում տարաձայնություներ կան, տիկին Բիշարյանն ասաց. «Մեր քաղաքական ուժի մեջ երբեք տարաձայնություններ չեն լինում, եւ մենք որոշումների մեջ անսասան ենք»: Որպես կին՝ նա դիմեց կանանց, մայրերին եւ քույրերին եւ կոչ արեց. «Միանալ մեզ՝ միասին պայքարելու Երեւանի համար, լուծելու Երեւանի առաջացած բոլոր խնդիրները, Երեւանը մեր տունն է, իսկ երեւանցիները՝ մեր ընտանիքի անդամները, եւ մենք միասին պետք է կառուցենք նոր Երեւան»:

Հովհաննես Մարգարյանը՝ որպես «հայրաքաղաքի» ներկայացուցիչ, իր կուսակից ընկերներին բացատրեց, որ կարեւորը թեկնածուի սեռական պատկանելությունը չէ, այլ՝ նրա ներքին ուժը, հիշեցնելով ասացվածքը՝ «Առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ», եւ հավելեց. «Իսկ էգ առյուծն ավելի լավ է, քան որձ շակալը»: Կուսակցության կոնֆերանսը ընդունեց հայտարարություն. «ՕԵԿ շարքերը մարտունակ են եւ պատրաստ՝ լուրջ հաջողություններ գրանցելու Երեւանի ավագանու ընտրություններում: Մենք վստահ ենք, որ ինչպես միշտ, այնպես էլ առաջիկայում կունենանք ժողովրդի վստահության քվեն, քանի որ երբեւէ հուսախաբ չենք արել մեր ընտրողին եւ հետեւողական աշխատանքով իրականություն ենք դարձրել մեր նախընտրական խոստումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել