Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՐԲ ԷԼ ՉԿԱ ԵԼՔ ՈՒ ՃԱՐ՝ ԽԵՆԹԵՐԸ ԿԳՏՆԵՆ ՀՆԱՐ»

Մարտ 24,2009 00:00

\"\"Առաջիկա ընտրությունները կեղծելու եւ բռնություններ գործադրելու պարագայում Վարդան Մալխասյանն իշխանություններին խոստանում է՝ «խոսել իրենց լեզվով»:

«Ամենակարեւորն այն է, որ մենք Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատում ենք եւ վստահ ենք, որ շարժումն ինքը կհասցնի հաղթական ավարտին»,- «Առավոտի» հետ զրույցում ողջունելով Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ի եւ առաջին նախագահի մոտեցումները՝ ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը: Իրեն այդ պայքարի նվիրյալ զինվոր համարելով՝ մեր զրուցակիցը իրավունք է վերապահում բոլոր ընդդիմադիրներին միասնության կոչ անելու. «Եթե միասնություն չլինի՝ հաղթանակը դժվարությամբ կլինի, ժողովրդի վստահությունը կկորցնենք»:

Ըստ որոշ տեղեկությունների, իշխանություններն արդեն իսկ սկսել են «նախապատրաստվել» ընտրություններին, մասնավորաբար՝ Երեւանի մետրոպոլիտենի վարչությունում աշխատակիցների ցուցակներ են հավաքում՝ անձնագրային տվյալներով, թաղային հեղինակություններին են մոբիլիզացրել՝ բակերում բնակչության շրջանում «աշխատանք տանելու» համար: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ արդյոք մտավախություն չկա՞, որ մայրաքաղաքային նշանակության այս ընտրությունները նոր «մարտի 1»-ի կհանգեցնեն, քանի որ երաշխիք չկա, որ մեկ անգամ խաղաղ ցուցարարների վրա զենք բարձրացրած մարդը դա չի անի երկրորդ անգամ: «Չի բացառվում, որովհետեւ ինչքան մենք հանդուրժում ենք այս չարիքի իշխանության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործած հանցանքներն ու այլանդակությունները՝ ծնվում են նոր եւ ավելի մեծ հանցանքներ: Մենք հանդուրժել ենք «հոկտեմբերի 27»-ից սկսած. մարտի մեկից մեկ տարի է անցել՝ անընդհատ խոսում ենք, թմբկահարում, վերլուծում, բայց այդ ստոր, թշնամական արարքին համարժեք պատասխան չի տրվել: Եթե հանդուրժենք դա, այո, ավելի մեծ ոճրագործություն կծնվի: Այս իշխանությունները հասկացել են, որ հայ ժողովուրդն իրենց ատում է, իրենք էլ ժողովրդին են ատում եւ գիտեն, որ մաքուր պայքարի դեպքում չեն կարող ժողովրդի քվեն ստանալ: Իրենց պայքարը միշտ եղել է կրիմինալ, դավադիր, գաղտագողի, գիշերով են սրանք հարձակվում ժողովրդի վրա, որ կարողանան բռնություններով, վախեցնելով ու սպառնալով ժողովրդին ենթարկեցնել իրենց: Նույնն էլ այս ընտրությունների պարագայում՝ պիտի կեղծեն, ջարդեն, փշրեն»,- ասում է Վարդան Մալխասյանը:

«Առավոտի» հարցին՝ բիրտ ուժի դեմ անզեն առճակատումից ի՞նչ ակնկալիքներ կարող են լինել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ակնկալիքները մեծ են, որովհետեւ համաժողովրդական պայքարի թափը մեծանալու է: Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտավարության մեջ խորիմաստ մոտեցումներ կան: Մեր շարժման, այսպես ասած, գիտակից-աջակիցների թիվը մեծանում է: Այս ճգնաժամը, թշվառությունը նաեւ նպաստում են, որ մարդիկ վերլուծեն իրավիճակը: Երբ շարժումը մեծ թափ ստացավ, այդ պայմաններում իրենք էլ չեն կարող մասսայական կեղծիքներ անել»: Կդառնա՞ն մայրաքաղաքային նշանակության այս ընտրությունները Սերժ Սարգսյանի իշխանության վերջի սկիզբը: «Կարծում եմ»,- փաստում է մեր զրուցակիցը՝ հավելելով. «Ես ականջալուր եմ առաջին նախագահի կոչերին (խոսքը վերջին հանրահավաքում հնչեցրած թեզերի մասին է- Ն. Գ.), բայց եթե այս անգամ էլ փորձեցին կեղծել ու պղծել՝ ես վերջնականապես կկատարեմ իմ ընտրությունը՝ այս իշխանության հետ պետք է պայքարել իրենց զենքով: Եթե իրենք բռնություն կկիրառեն, մենք պետք է փոխենք մեր մարտավարությունը: Այս պայքարը ազգային-ազատագրական է: Մարտի 1-ը մեզ դրա դասերը տվեց: Մի բուռ անազգ-անհայրենիք թափթփուկներ գրավել են մեր բիբլիական երկիրը եւ մեզ ուտում, քայքայում, պղծում են: Ղարաբաղյան ազգային-ազատագրական պայքարի շարունակությունն է սա, եւ չի բացառվում, որ մեկ ամիս հետո հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի վճռական կոչեր անի: Մենք ցանկանում ենք այս չարիքի իշխանությունից առանց նոր զոհերի եւ ավերածությունների ազատվել, բայց որ դանակը ոսկորին հասավ՝ ինչպես Սարդարապատի մասին երգում է ասվում՝ «Երբ էլ չկա ելք ու ճար՝ խենթերը կգտնեն հնար»: Վերաձեւելով հանրահայտ միտքը, որ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չպետք է դնել՝ Վարդան Մալխասյանն ասում է. «Երբ նպատակդ ազնիվ է, գալիս է մի պահ, երբ, այո, դրան հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չպետք է դնել: Իսկ մեր նպատակը երկիրը փրկելն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել