Մի քանի լրատվամիջոցներ հրապարակել էին, թե հակամարտությունների վերաբերյալ եռամսյա դասընթացներին մասնակցելու նպատակով այժմ Մեծ Բրիտանիայում գտնվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը վերադառնալուց հետո մտադիր է հայտարարել «Ժառանգությունից» դուրս գալու մասին եւ նույնիսկ վայր դնել պատգամավորական մանդատը՝ ի նշան քաղաքապետի ընտրություններում կուսակցության որդեգրած դիրքորոշման եւ Հայ ազգային կոնգրեսի հետ չմիանալու որոշման դեմ բողոքի: «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն այս կապակցությամբ ասաց «Առավոտին». «Մեզ զարմացնում է, թե որքան հեշտ են որոշ թերթեր տպագրում ակնհայտ սուտ տեղեկություններ այս կամ այն քաղաքական գործչի մասին՝ առանց նեղություն քաշելու ճշտել նրանից «լուրի» իսկությունը: Մեզ հաջողվել է կապվել Լոնդոնում գտնվող Ստեփան Սաֆարյանի հետ, եւ նա մեզ ասել է, որ տարածված տեղեկությունը ամբողջությամբ սուտ է: Նա նաեւ ասել է, որ ամբողջությամբ վստահում է իր թիմակիցներին եւ, գտնվելով ՀՀ-ից հեռու եւ չտիրապետելով ամբողջ տեղեկատվությանը, համաձայն կլինի «Ժառանգության» վարչության ցանկացած որոշման հետ»:
Հ. Գ. Երեկ «Ժառանգության» վարչության նիստը, որտեղ քննարկվել է հարցը՝ Երեւանի ավագանու ընտրություններին այդ կուսակցության մասնակցության ձեւի ու բովանդակության վերաբերյալ, տեւել է մինչեւ կեսգիշեր: Նիստի ավարտից հետո կուսակցության վարչությունը որոշում է կայացրել եւ արդեն պաշտոնական առաջարկով դիմել է ՀԱԿ-ին: Ըստ այդմ, կուսակցությունը՝ համարելով, որ ստեղծված իրավիճակից փրկության միակ տարբերակը՝ միասնական ցուցակով հանդես գալու, նաեւ ընտրություններում ներգրավելու համար այն ընտրազանգվածին, որը, «Ժառանգության» ձեւակերպմամբ՝ «որեւէ կերպ դժվարանում է ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին», այն է, որ ընտրական միասնական ցուցակը կազմվի հետեւյալ հերթականությամբ. Րաֆֆի Հովհաննիսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան, Զարուհի Փոստանջյան: Կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի ասելով, «Ժառանգությունը» ավագանու այլ առաջադրումներ չի անի, նա նաեւ գործադիրում տեղ զբաղեցնելու որեւէ ակնկալիք չունի, իսկ ՀԱԿ-ը ազատ կլինի ցուցակը իր հայեցողությամբ կազմելու համար:
«Ժառանգությունը» ՀԱԿ-ին խնդրել է առաջարկի վերաբերյալ պատասխան տալ մինչեւ այսօր, ժամը 18:00-ը: