Գիրք յոթերորդ
Գլուխ քսանյոթերորդ
ԵՐԵՐՈՒՆ ՀԱՆԳՐՎԱՆ
Էս պահի դրությամբ, փաստորեն, միակ գործող պատմիչը ես եմ, եւ չնայած էս գրածս ընդամենը հատուկենտ մարդիկ են կարդում, էս առումով է՛լ են սփոփանքիս պաշարները չափազանց մեծ, որովհետեւ երբ Խորենացին ու մյուսները Հայոց պատմություն էին գրում, էս հատուկենտ ընթերցողներից էլ էին զրկված, ու երեւի նաեւ է՛ս հանգամանքի պատճառով է Խորենացին ողբացել, ու երեւի առավել սաստիկ կողբար, եթե կռահեր, որ իր գրած պատմությունը շատ դարեր անց ու հիմնականում «Սովետական գրող» հրատարակչության միջոցով է հայ ընթերցողին հասնելու, ու հիմա էս բաները մտածելով՝ սկսում եմ հասկանալ ու համոզվել, որ հայ պատմիչներից ամենաբախտավորը հենց ես եմ՝ ոչ միայն էն պատճառով, որ արդեն իսկ ընթերցողներ ունեմ, այլեւ էն պատճառով, որ էս գրածներս ընդամենը տարիուկես ուշացումով են ընթերցողիս հասնում, որովհետեւ գրողի ու պատմիչի համար ամենամեծ ողբերգությունը նախ ընթերցող չունենալն է, ապա եւ՝ չափազանց ուշացումով ընթերցողներ ունենալը, եւ էս երկրորդ հանգամանքը ողբերգություն է ո՛չ միայն գրողի ու պատմիչի համար, այլեւ ու առաջին հերթին՝ ընթերցողի, որովհետեւ եթե մենք Խորենացու ու մյուսների գրածները ճիշտ ժամանակին կարդացած ու հասկացած լինեինք, միգուցե շատ ու շատ ողբերգություններ շրջանցած լինեինք, եւ ահա էս բաների մասին մտածելով՝ մտովի ավելի ու ավելի եմ կարեւորում էս վիպասանությունս, ու հիմնականում էս զբաղվածությունս է պատճառը, որ ընդդիմադիր դաշտում ինձ հատկացված աթոռը մշտապես թափուր է, ու էս մշտական զբաղվածությունս հիմնավոր պատճառ է, որ նաեւ իշխանամերձ աթոռներից խուճապահար փախչեմ, եւ, փաստորեն, փախչելուս ու թաքնվելուս միակ ապահով տեղն էս վեպիս անսահման ու անսպառ տարածքներն են, ուր գոնե մասնակիորեն ու ժամանակավորապես ազատագրվում եմ ինձ բոլորեքյան շուրջկալած բարդույթներից, եւ չնայած ընդդիմությունից ու իշխանությունից հավասարապես եմ ինքնամեկուսացվել, երկուսն էլ շարունակաբար ու հավասարապես ինձ օգնում են ավելորդ բարդույթներս թոթափելու հարցում, որովհետեւ եթե ընդդիմադիրներն ինձ ժամանակ առ ժամանակ չհիշեին եւ ինձանից որոշակի նախաձեռնություն չակնկալեին, ես ինձ ավելի անլիարժեք կզգայի՝ քան հիմա եմ զգում, եւ եթե էս վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանություններն ինձ ոչ մի անգամ պաշտոն կամ դեպուտատություն առաջարկած չլինեին, վերստին ինձ անլիարժեք ու արհամարհված կզգայի, բայց ես ոչ թե իրենց մերժել ու մերժում եմ, այլ պարզապես խոսակցությունը ցրում ու կտուրն եմ գցում, որովհետեւ եթե ուղղակի մերժեմ, պիտի մտածեն՝ կատարյալ ապուշ եմ եւ իրենցից պակաս եմ փող, փառք ու համբավ սիրում, մինչդեռ իրականում իրենցից ավելի փողասեր եմ, եւ դա է պատճառը, որ ոտս ոչ մի կերպ բուքմեյքերականներից չի կտրվում, բայց, այսուհանդերձ, փառքն ու մանավանդ համբավն ինձ բացարձակապես չեն հետաքրքրում, եւ դա է պատճառը, որ երբ բուքմեյքերական որեւէ տարածքում խաղընկերներս գրող ու մտավորական լինելս իմանում էին, ես ինձ անմիջապես այլ տարածք էի տեղափոխում, ու հիմա էս մասին անցյալ ժամանակով եմ խոսում, որովհետեւ էսօրվա դրությամբ բոլոր էդ տարածքներում էլ արդեն գիտեն, որ ո՛չ միայն մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեջ են խաղամոլներ պատահում, այլեւ՝ գրողների, բայց ես արդեն էդ տեղերի իմ ներկայացուցչական ներկայությանը միանգամայն հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ էդ տեղերի բոլոր խաղամոլներն էլ արդեն հանգիստ են ինձ վերաբերվում՝ վերջնականապես համոզված ու հավաստիացած, որ իրենց պես ու իրենց հավասար կրվող մեկն եմ, եւ ես ինձ էստեղ ավելի լավ եմ զգում, քան, ասենք, Գրողների միությունում, եւ չնայած էս տարածքներում էլ նախանձողներ ունեմ, եւ չնայած էս տարածքներում էլ են շատ գրելուս համար նախանձում, բայց, ի տարբերություն գրողների, էստեղի կոլեգաներս ո՛չ միայն շատ գրելուս համար են ինձ նախանձում, այլեւ՝ լավ գրելուս համար, որովհետեւ բուքմեյքերական էս տարածքներում էլ է գրիչս չափազանց բեղուն՝ մանավանդ շաբաթ ու կիրակի օրերին, քանի որ շաբաթ ու կիրակի համարյա բոլոր խաղերի վրա եմ խաղադրույքներ դնում, ու էս առումով պիտի նաեւ ասեմ, որ խաղադրույք գրելն էլ ոտանավոր կամ վեպ գրելու պես անշնորհակալ զբաղմունք է՝ մանավանդ է՛ն դեպքերում, երբ գրածդ նախապես ցույց ես տալիս խաղընկերներիդ, որովհետեւ երբ գրածդ նախապես ցույց ես տալիս ու հետո պարզ է դառնում՝ որ շահել ես, հաջորդ անգամ արդեն քեզնից պոկ չեն գալիս ու հաջորդ գրածդ մեկին մեկ արտագրում են՝ ինչպես մաթեմատիկայից թույլերս էինք մեր դասարանի Երեմից մաթեմատիկայի խնդիրներն արտագրում, բայց, բոլոր դեպքերում, մաթեմատիկան չափազանց ճշգրիտ երեւույթ է՝ մանավանդ ֆուտբոլի եւ այլ մարզաձեւերի համեմատ, եւ բուքմեյքերականների արտագրողներն անհաջողությունից ապահովագրված չեն, եւ էստեղ շատ հաճախ քեզնից արտագրողը քեզ հետ միասին է տուժում, եւ չնայած արտագրությամբ շահելու դեպքերն էլ քիչ չեն, այդուհանդերձ, որպես կանոն, արտագրելով շահելու դեպքում քեզնից արտագրողը քեզնից առանձնապես շնորհակալ չի լինում, մինչդեռ արտագրությամբ պարտվելու դեպքում մի քանի օր մուննաթով է բարեւում՝ եթե, իհարկե, բարեւում է, եւ եթե բարեւում է՝ ընդգծված արհամարհանքով է բարեւում՝ ինչպես գրողական միջավայրի արտագրողներն են օրիգինալի հեղինակներին ընդգծված արհամարհանքով բարեւում, ու էդ պատճառով արդեն քսանհինգ տարուց ավելի է՝ գրող կոլեգաներիս գրածներս նախքան տպագրելը ցույց չեմ տալիս, եւ չնայած լավ արտագրողները տպագրվելուց հետո էլ են լավ արտագրում, եւ չնայած լավ արտագրողները տպագրվածից հետո էլ են մուննաթով ու արհամարհանքով բարեւում, այդուհանդերձ, գրողների մեջ մի առանձնահատուկ ու ուրույն տեսակ էլ կա, որ տպագրածդ նախ հրապարակավ քննադատում՝ հետո նոր է արտագրում, եւ մարդկային էդ տեսակը նաեւ բուքմեյքերականներում է առավոտից իրիկուն ծվարած, բայց էս վերջիններից առանձնապես չեմ խրտնում, որովհետեւ, էսօրվա դրությամբ, բուքմեյքերականն իմ վերջին ու միակ հանգրվանն է, եւ չնայած գրողական ու ներքաղաքական կյանքից վերջնականապես չեմ կտրված, այդուհանդերձ, ուր էլ գնում եմ՝ իրիկունները բուքմեյքերական որեւէ տարածք եմ վերադառնում, ու երեկ երեկոյան էլ՝ Առաջինի առաջին հանրահավաքից ուղիղ հրապարակի բուքմեյքերական վերադարձա, բայց, նախքան վերադառնալս, վերստին համոզվեցի, որ Առաջինն իր բանավոր խոսքը վերջնականապես է հասցրել գրավոր խոսքի մակարդակին, եւ չնայած ես եմ ամբողջ կյանքում ձգտել բանավոր ու գրավոր խոսքերի նույնացմանը, Առաջինը դեռեւս ութսունութին էր դրան հասել, բայց՝ հակառակ կողմից. այսինքն, ինքը ոչ թե իր գրավոր խոսքն է հասցրել իր բանավորի մակարդակին, այլ, ճիշտ հակառակը, ու երեւի նաեւ դա էր պատճառը, որ երեկ Առաջինի առաջին հանրահավաքում հավաքվածները վերստին երանության մեջ էին, ու մեր գրական ոսկեղենիկի բաղադրիչները հիմնավորապես ու վերջնականապես էին հղկված, եւ իր խոսքը, ինչպես միշտ, բարեհունչ «է» օժանդակով էր համեմված, եւ ոչ մի դեստրուկտիվ «ա» չկար, եւ բոլորն էին հմայված ու գայթակղված, որովհետեւ մեր փողոցային տղերքն անգամ մեր գրական «է»-երի ու մեր առօրյայից բացակայող բառերի հանդեպ հատուկ պատկառանք ունեն, եւ դա բոլորը գիտեն, եւ մինչեւ անգամ ես եմ դա քաջ գիտակցում, այլապես հեղինակային էս հատվածներս էլ «ա»-երով կգրեի, բայց, այսուհանդերձ, էս նրբությունները մեջներիցս ամենից լավ առաջին նախագահն է հասկացել, եւ իր ժամուկեսանոց խոսքից դուրս թռչող միակ բառը «մայմունությունն» էր, բայց Առաջինը նախապես իրազեկեց՝ «Վանոն կասեր՝ մայմունություն», եւ եթե ինքը չասեր, մենք երեւի ինքնուրույն էլ գլխի կընկնեինք, որովհետեւ էդ «մայմունությունն» Առաջինի տեքստից ճչալով դուրս էր թռչելու՝ խաթարելով հանրահավաքի ողջ էներգետիկան, բայց դույն էներգետիկան ամենեւին չխաթարվեց, որովհետեւ Առաջինն, այնուամենայնիվ, հղումը կատարեց, եւ երբ հանրահավաքն ավարտվեց, ու Աբովյանով հրապարակի բուքմեյքերական էի իջնում, ամբողջ ճանապարհին մտածում էի, որ, փաստորեն, ես ու Առաջինը միեւնույն նպատակին ենք ձգտել, այն է՝ գրավորի եւ բանավորի ներդաշնակության ու նույնացման, ու էս բանը մտածելով ու հասկանալով՝ հասկացա նաեւ, որ իրականում ոչ թե Առաջինն ու Սերժն են հակադիր բեւեռներում, այլ՝ Առաջինն ու ես, որովհետեւ, չնայած երկուսս էլ նույն նպատակին ենք ձգտել, այնուամենայնիվ, միանգամայն տարբեր արդյունքների ենք հասել, եւ եթե Առաջինի ստացած արդյունքն ակնհայտ էր եւ պսակվեց հանրահավաքի էներգետիկայով, իմ արդյունքն ընդամենն էն էր, որ օպերայից հրապարակի «Եվրոֆուտբոլ» տանող ամբողջ ճանապարհին մտածում էի, որ եթե նախագահական մրցակցությունն իմ ու Առաջինի միջեւ լիներ, պայքարն առավել գաղափարական կլիներ, եւ հրապարակի ցայտաղբյուրների մոտ արդեն ինձ պատկերացրի Առաջինի հետ հեռուստադեբատի մեջ մտած, եւ կառավարական շենքին նայելով մտածեցի՝ եթե նախագահ լինեի, է՛դ շենքում կնստեի եւ ոչ թե նախագահականում, բայց հրապարակի ժամացույցին նայելով՝ մեկից սթափվեցի ու խեղճացա, որովհետեւ համաձայն հրապարակի ժամացույցի՝ Մորեսմոյի ու Խանտուկովայի թենիսն արդեն ավարտված պիտի լիներ, եւ եթե Մորեսմոն հաղթած լիներ, իմ դրած երեսուն հազարը հիսուն հազար դառած կլիներ, իսկ եթե Մորեսմոն պարտված լիներ, ես ո՛չ միայն երբեւէ նախագահի թեկնածու չէի դառնա, այլեւ երկու ժամ առաջվա համեմատ՝ ֆինանսական ահավոր ճգնաժամի մեջ կհայտնվեի, ու էդ բանը մտածելով՝ անմիջապես արագացրի քայլերս, չնայած լավ էլ հասկանում էի, որ եթե Մորեսմոն տանուլ տված լիներ, քայլերիս արագությունից արդյունքը չէր փոխվելու, եւ էդ բանը մտածելով ու հասկանալով՝ ոչ թե դալանով ու կարճ ճանապարհով գնացի, այլ ճանապարհս դիտմամբ երկարացնելով՝ կինո «Երեւանի» կողմով գնացի, որովհետեւ երկու օր առաջ էդ ճանապարհով գնացել ու շահել էի, եւ էդ կողմով ճանապարհս արհեստականորեն երկարացնելով՝ կինո «Երեւանի» մոտերքում հաճելիորեն մտածում էի, որ շանսերս դեռեւս հիսուն-հիսուն են, որովհետեւ բուքմեյքերներն էդ երկուսի շանսերն էդ օրն էդպես էին գնահատել, եւ չնայած Մորեսմոյի վարկանիշն էդ պահի դրությամբ Խանտուկովայից ահագին բարձր էր, բուքմեյքերները երեւի հաշվի էին առել, որ էդ եզրափակիչի ճանապարհին Խանտուկովան Շարապովա ու Կուզնեցովա էր թռցրել. այսինքն, էդ օրն ու էդ պահին ինքը գերազանց մարզավիճակում էր, ու էդ հանգամանքն ուշացումով գիտակցելով ու հաշվի առնելով՝ «Էրեբունի» հյուրանոցի բակում արդեն մտածում էի, որ փոխանակ խաղադրույքս լավ մարզավիճակում գտնվող սիրունի՛ վրա դնեի, ընդհակառակը, վատ մարզավիճակում գտնվող գեշի՛ վրա եմ դրել. այսինքն, եթե Խանտուկովան հաղթած լիներ, գեղագիտական ու տղամարդկային տեսանկյունից էլ որեւէ արդարացում չէի ունենալու, ու էս բաները մտածելով՝ մտա «Եվրոֆուտբոլ» եւ Խչոյի դեմքի նամռոտ արտահայտությունից անմիջապես գլխի ընկա, որ իմ գեշոն է հաղթել, որովհետեւ ինչքան էլ խաղադրույքդ թաքուն դնես, միեւնույն է, Խչոն դեմքիդ արտահայտությունից անմիջապես գլխի է ընկնում՝ ում վրա ես դրել, ինչպես որ՝ մյուսներս Խչոյի դեմքի ողջ դժկամությունից ենք մեր շահած լինելը կռահում ու իմանում, եւ երբ ներս մտնելով՝ Խչոյին նամռոտ տեսա, շատ ուրախացա, եւ երբ ինքն ասաց՝ «աչքդ լույս, Մորեսմոն կրեց», ես շատ հանգիստ ասացի՝ «գիտեմ», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «որտեղի՞ց գիտես», եւ ես ժպտալով ասացի՝ «միտինգի ժամանակ ասեցին», եւ Խչոն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞վ ասեց», եւ ես ժպտալով ասացի՝ «Լեւոնը», եւ Խչոն հարցրեց՝ «ի՞նչ Լեւոն», եւ ես ասացի՝ «Տեր-Պետրոսյան», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էլի ձեր գրողներն իշխանության ե՞ն ուզում գան», եւ ես ասացի՝ «Լեւոնը գրող չի՝ գիտնական ա», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեկ ա՝ ժողովուրդը դժվար թե իրան ձեն տա», եւ ես ասացի՝ «ղարաբաղցիներին էլ դժվար ձեն տան», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Լեւոնն իրանց իշխանության բերեց, հիմի էլ հետ ա ստանում», եւ ես ասացի՝ «իրանց գործն ա», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարեւորն էն ա, որ Մորեսմոն կրեց», եւ ես հարցրի՝ «հեշտ կրե՞ց», եւ Խչոն ասաց՝ «մինչեւ կրեց՝ կյանքներս գնաց» եւ մտահոգ ավելացրեց՝ «ես էլ էի իրա վրա հինգ հազար դրել», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց հեչ ուրախ չես», եւ Խչոն ասաց՝ «էսօր ուրիշ բաների վրա շատ եմ կրվել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ իմանայի կկրի, մի քսան հազար կդնեի՝ հետ կգայի», եւ ես ասացի՝ «նախօրոք որ իմանանք ինչ ա ըլնելու՝ ամեն օր կկրենք», եւ Խչոն հարցրեց՝ «դո՞ւ ինչքան էիր դրել», եւ ես ասացի՝ «ինձնից լավ գիտես», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց կարամ իմանամ», եւ ես ժպտալով ասացի՝ «զգում ես՝ ով ինչ ա դնում», եւ Խչոն ժպտալով ասաց՝ «մեղավոր ե՞մ, որ զգում եմ» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «զգում եմ՝ ով ինչ ա դրել, բայց գումարի չափը չեմ կարում զգամ», եւ ես հարցրի՝ «ո՞նց ես զգում՝ ով ինչ ա դրել», եւ Խչոն պատասխանեց ու ասաց՝ «դեմքերի արտահայտությունից եմ զգում» եւ խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «հենց որ Մորեսմոն աչոկ էր կորցնում՝ դեմքդ ծռմռվում էր», եւ ես ասացի՝ «սկզբում շատ վատ էր խաղում, դրա համար էլ չդիմացա՝ դուս էկա», եւ Խչոն ասաց՝ «շատ էլ ճիշտ արիր. մինչեւ կրեց՝ կյանքներս գնաց», եւ ես հարցրի՝ «բա ո՞նց ա, որ չես զգում՝ ով ինչքան գումար ա դրել», եւ Խչոն պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ մարդն ինչքան էլ դրած ըլնի՝ նույն ձեւով ա հուզվում», եւ ես ժպտալով ասացի «իսկական հոգեբան ես», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «մարդ պարապությունից ամեն ինչ էլ կդառնա», եւ ես հարցրի՝ «էլի չես աշխատո՞ւմ», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «էս աշխատանք չես համարո՞ւմ», եւ ես ասացի՝ «սրանով տուն չես պահի», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «ոչ թե տուն չես պահի, այլ՝ տունդ վերջնական կքանդես» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ասում ես՝ միտինգում ինչ էին ասո՞ւմ», եւ ես ասացի՝ «Լեւոնը մի ժամից ավել խոսաց», եւ Խչոն ասաց՝ «որ իմանամ ժողովրդին աշխատանքով կապահովի՝ ձենս իրան կտամ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էդ ընտրություններն էս ստավկեքի պես են. մեկի վրա ստավկա ես դնում, հետո հասկանում ես, որ սխալվել ես», եւ ես ասացի՝ «լավ ա, որ գոնե Մորեսմոյի հաշվով չսխալվեցինք», եւ Խչոն ասաց՝ «մինչեւ կրեց՝ հոգիս դուս էկավ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ճիշտ արիր, որ գնացիր. իզուր տեղը պիտի ներվերդ քայքայեիր», եւ ես ասացի՝ «էդ Մորեսմոն իսկական շաքարի բուն ա», եւ Խչոն հարցրեց՝ «երեւի դու էլ էիր իմ չափ դրել», եւ ես հարցրի՝ «ինչի՞ց ես ենթադրում», եւ Խչոն ասաց՝ «որ ավել դրած ըլնեիր, կմնայիր՝ ստրախովկա կանեիր», եւ ես ասացի՝ «էս օնլայններին ներվերս չեն դիմանում» եւ ավելացրի՝ «համ էլ՝ Լեւոնը տասը տարի չէր խոսել. հետաքրքիր էր՝ ինչ ա ասելու», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ ոչ մի կապ չունի. մեծ փող որ դրած ըլնեիր՝ ստրախովկի համար կմնայիր», եւ ես ասացի՝ «լավ ա չմնացի. ստրախովկա որ անեի՝ տակը բան չէր մնա», եւ Խչոն ասաց՝ «ես որ քիչ էի դրել, ստրախովկի վարիանտ չունեի», եւ ես ասացի՝ «որ շատ դնեիր՝ կրվածդ հետ կգար», եւ Խչոն ասաց՝ «վերջին հինգ հազարս էր», եւ ես ասացի՝ «էս էլ զբաղմունք չի. թարգելու վախտն ա», եւ Խչոն ասաց՝ «մինչեւ ուրիշ զբաղմունք չճարես՝ չես թարգի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու գոնե գիրքմիրք ես գրում. ես որ ըստեղ չգամ՝ ո՞ւր պիտի գնամ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «գիրք գրելու համար ինչ-որ բան ստանո՞ւմ ես», եւ ես ասացի՝ «հոնորար եմ ստանում», եւ Խչոն հարցրեց՝ «հոնորարը փող ա, չէ՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Խչոն հարցրեց՝ «ինչի՞ մասին ես գրում», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «էս մեր ստավկեքի», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, էս ստավկեքի մասին գրելով՝ էս կրվածներիդ տեղը հանում ես», եւ ես հարցրի՝ «բայց ի՞նչ գիտես, որ կրվում եմ», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըստեղ կրող չկա» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «բացի ինձանից», եւ ես ոչինչ չասացի, որովհետեւ Խչոն էն բացառիկ խաղամոլներից է, ովքեր ո՛չ թե շարունակ իրենց կրվելուց ու կրվածից են խոսում, այլ, ընդհակառակը, շահելուց ու շահածից, եւ չնայած իր շահելն առանձնապես չենք տեսել, ինքը էն մարդկանցից է, ովքեր համարում են, որ բուքմեյքերական խաղերի ասպարեզում խելքը շատ մեծ ու էական նշանակություն ունի, ու էս ասպարեզում իր շահած լինելը շարունակաբար նշելով ու շեշտելով՝ Խչոն, փաստորեն, հենց իր խելոք լինելն է նշում ու շեշտում, բայց Խչոն Խչո չէր լինի, եթե էդքանով բավարարվեր ու չշեշտեր, որ միայն ինքն է էս խաղերից շահած. այսինքն, ինքը ոչ թե խելոք է, այլ՝ բոլորից է խելոք, եւ Խչոն Խչո չէր լինի, եթե չպարզեր ու չիմանար՝ էդ օրն ինչքան փող եմ դրել Մորեսմոյի վրա, եւ երբ ինքն ինձ միտինգից ու գրականությունից հարցուփորձ էր անում, ես հասկանում էի ու գիտեի, որ էդ պահին իր հետաքրքրության ու հետաքրքրասիրության ողջ դիապազոնն էդ օրվա՝ Մորեսմոյի վրա դրված իմ խաղադրույքի չափն էր, բայց Խչոն Խչո չէր լինի, եթե սովորական մահկանացուների պես սովորական ձեւով հարցներ՝ «Մորեսմոյի վրա ինչքա՞ն էիր դրել, եւ Խչոն սովորական մահկանացուներիս պես սովորական ձեւով չի հարցնում ոչ միայն էն պատճառով, որ ինքն իսկապես սովորական մահկանացու չի, այլեւ էն պատճառով, որ իր՝ սովորական մահկանացու չլինելու հանգամանքն իրեն շարունակական եւ շուրջօրյա հաճույք ու հրճվանք է ապահովում, եւ Խչոն փոխանակ ինձ հարցներ՝ «Մորեսմոյի վրա ինչքա՞ն էիր դրել», ինձ միանգամայն այլ բան հարցրեց՝ «որ Լեւոնը գա՝ Վանոյին էլ ա՞ բերելու», եւ ես ասացի՝ «երեւի», եւ Խչոն հարցրեց՝ «պռոստը բերելու ա՞, թե՞ էլի Էմվեդեի մինիստր ա նշանակելու», եւ ես ասացի՝ «միտինգում էդ մասին ոչ մի բան չասեց», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա՝ չէր ասի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս անգամ որ իրանք գան, երեւի քեզ էլ մի բան հասնի», եւ ես հարցրի՝ «ինձ ի՞նչ պիտի հասնի», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պաշտոնից բանից», եւ ես ասացի՝ «ես ոչ մի պաշտոն չեմ ուզում», եւ Խչոն խորամանկ ժպտալով հարցրեց՝ «կուլտուրայի մինիստր էլ չես ուզի՞», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «չէ», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «բա ի՞նչ պաշտոն կուզես», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «քո պաշտոնը», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «իմ պաշտոնը ո՞րն ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ես էլ եմ ուզում՝ քո պես ամեն օր կրեմ», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «շա՜տ մեծ պաշտոն ես ուզում» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «էդ պաշտոնը քեզ ոչ Լեւոնը կարա տա, ոչ էլ՝ Սերժը», եւ ես ժպտալով հարցրի՝ «բա ո՞վ կարա տա», եւ Խչոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «Աստված» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ ճիշտն ուզում ես իմանաս՝ Աստված էլ չի կարա տա», եւ ես ասացի՝ «ամեն ինչ Աստծո ձեռին ա», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ամեն ինչ Աստծո ձեռին ա, ճիշտ ա, բայց Աստված մի անգամ ա խելք բաժանում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ծնվելուդ մոմենտին ինչքան տվեց՝ էդ ա. հետո չի ավելացնում կամ պակասացնում», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «բա ո՞նց պիտի անեմ», եւ Խչոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ստիպված պիտի կուլտուրայի մինիստր դառնաս», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «կուլտուրայի մինիստրին խելք պետք չի՞», եւ Խչոն ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «էդ ունեցածդ լրիվ հերիք ա», եւ ես ծիծաղելով ասացի՝ «քո չափ խելք որ ունենայի՝ պրեզիդենտ էլ կդառնայի», եւ Խչոն ժպտալով հարցրեց՝ «Ամերիկայի՞, թե՞ Ռուսաստանի», եւ ես ծիծաղելով ասացի՝ «Հայաստանի», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «Հայաստանի համար էդ ունեցածդ լրիվ հերիք ա», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ վերեւներից ես բռնացնում», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «դե լավ. որ շատ ես խնդրում՝ Հայաստանի պրեզիդենտի պաշտոնով կբավարարվեմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «մի քիչ էլ իջի», եւ Խչոն ծիծաղելով հարցրեց՝ «ինչքա՞ն իջնեմ», եւ ես ասացի՝ «իմ ու քո մակարդակին հասի», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «իմ մակարդակին հասնելու համար ոչ թե պիտի իջնեմ, այլ պիտի բարձրանամ», եւ ես ժպտալով ասացի՝ «դե լավ. իմ մակարդակին հասի», եւ Խչոն մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով հարցրեց՝ «Մորեսմոյի վրեն ինչքա՞ն էիր դրել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «ինձնից լավ գիտես», եւ Խչոն զարմացած հարցրեց՝ «ո՞նց կարամ իմանամ», եւ ես ժպտալով ասացի՝ «դեմքիս արտահայտությունից», եւ Խչոն նեղսրտած ասաց՝ «քեզ նոր չասեցի՞, որ դեմքի արտահայտությունից չեմ կարում գումարի չափը որոշեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «լավ ա՝ գոնե էդքանը խոստովանում ես», եւ Խչոն մտահոգ ասաց՝ «ինչ որ ճիշտն ա՝ էդ եմ ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «բա էլ ո՞նց ես պրեզիդենտների հետ համեմատվում», եւ Խչոն ասաց՝ «գիտես թե՝ իրանք պոզովպոչով ե՞ն. իրանք էլ են մեր պես սովորական մարդ», եւ ես ժպտալով հարցրի՝ «քեզ սովորական մարդ ե՞ս համարում», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ սովորական չըլնեի, չոտկի կզգայի՝ Մորեսմոյի վրեն ինչքան փող ես դրել», եւ ես ասացի՝ «բայց զգացել ես, որ Մորեսմոյի վրա եմ դրել», եւ Խչոն ասաց՝ «էդքանն ամեն մարդ էլ կարա զգա», եւ ես ասացի՝ «բայց չեն զգում», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ ուղղությամբ մի քիչ աշխատեն՝ կզգան», եւ ես ժպտալով ասացի՝ «մենակ դու ես էդ ուղղությամբ աշխատում», եւ Խչոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հատուկ չեմ աշխատում. ինքնիրան ա ստացվում», եւ ես ժպտալով ասացի՝ «գիտեմ», եւ Խչոն ծիծաղելով ասաց՝ «ձեր պես էգոիստ չեմ, որ մենակ իմ մասին մտածեմ»: