Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտ 21,2009 00:00

Օբաման կդառնա մանկական գրող

Բարաք Օբաման երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց 5 օր առաջ «Crown Publishing Group» հրատարակչության հետ կնքել է մանկական գիրք հրատարակելու՝ 500 հազար դոլարի պայմանագիր: Այս մասին հայտնի է դարձել նախագահի օգնականների կողմից կազմված՝ ֆինանսական գործունեության մասին դեկլարացիան Սենատ հանձնելուց հետո: Մասնագետները նշում են, որ չկա որեւէ օրենք, որն արգելի ընտրված կամ արդեն պաշտոնը ստանձնած նախագահին կնքել նման գործարքներ: Սա Սպիտակ տան պատմության մեջ առաջին դեպքն է. մինչ այժմ նախագահները հրատարակել են իրենց գրքերը երկրի ղեկավարի պոստը թողնելուց հետո:

Գիտնականները մոտենում են մարդկանց «մտքերը կարդալուն»

Գիտնականները հաստատում են, որ իրենց առաջին անգամ հաջողվել է հասկանալ, թե ինչ է կատարվում մարդու ուղեղում՝ մտածելու ընթացքում, գրում է «CyberSecurity»-ն: Մասնագետները հայտնում են, որ առայսօր մտածելու պրոցեսը հասկանալի էր միայն տեսականորեն, այժմ այն ամրագրված է նաեւ գործնականում: Հիպոկամպը, որն ուղեղի մի մասն է, հաճախ անվանում են ներքին հիշողություն, հետազոտողներին թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են որոշակի տվյալներ պահպանվում ուղեղում եւ անհրաժեշտության դեպքում օգտագործվում: Հետազոտողներն ուսումնասիրել են 4 կամավորների, որոնց «ներմուծել» են եռաչափ վիրտուալ տարածք: Երբ մարդիկ առաջին անգամ տեսել են շրջապատը, աշխատել է ուղեղի մի մասը, այսինքն՝ սկսվել է ինֆորմացիա գրանցելու պրոցեսը, դրանից հետո միացել է մյուս մասը եւ սկսվել է տվյալները կարդալու պրոցեսը: Լոնդոնի համալսարանական քոլեջի նյարդաբաններն ասում են, որ հիպոկամպի նեյրոնները առանձնապես ակտիվ են եղել, երբ մարդը շարժվել է անհայտ վիրտուալ տարածքով: Հետազոտողները գտնում են, որ հիշողության հետ աշխատելու պրոցեսին կարելի է հետեւել նույնիսկ գլխուղեղում արյան հոսքով: Երբ մարդն առաջին անգամ տեսնում է որեւէ «օբյեկտ», արյան հոսք է կատարվում դեպի ուղեղի առաջնային մաս, իսկ երբ պետք է օբյեկտը «հանել հիշողությունից», արյան հոսքը գնում է դեպի ետեւի մաս: «Զարմանալի է, բայց ուղեղի ակտիվության ուսումնասիրություններով մենք կարողացանք ասել, թե կոնկրետ որ վիրտուալ սենյակում էր գտնվում հետազոտվողը. տվյալները վերլուծող ուղեղի այս կամ այն հատվածը մատնել է հետազոտվողին»,- ասում է պրոֆեսոր Էլեոնոր Մագուայրը: Այս ամենի հետ մեկտեղ, գիտնականները հավաստում են, որ առայժմ դեռ շատ հեռու է այն պահը, երբ, վերլուծելով ուղեղի ակտիվությունը, անսխալ կարող են ասել, թե ինչի մասին է մտածում մարդը:

Մոլդովական չինովնիկներին կստուգեն «ստի դետեկտորով»

Մոլդովայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, երկրի ղեկավար Վլադիմիր Վորոնինը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ չինովնիկներն աշխատանքի ընդունվելիս պետք է ստուգվեն «ստի դետեկտորով»: Դա արվում է կոռուպցիայի եւ պրոտեկցիոնիզմի դեմ պայքարելու նպատակով: Պարտադիր թեստավորման պետք է ենթարկվեն ներքին գործերի նախարարությունում, տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնում, ինֆորմացիայի եւ անվտանգության, պետական պահպանության, մաքսային եւ սահմանային ծառայություններում, պաշտպանության նախարարությունում, ինչպես նաեւ դատախազությունում աշխատել ցանկացողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել