Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՅԱԿՆԵՐԸ ՀՆԱՐԵԼ ԵՆ ՔՆԵՑՆԵԼՈՒ «ՆՈՐ ՄԵԹՈԴ»

Մարտ 21,2009 00:00

Նյարդային խանգարում՝ դայակի պատճառով

«Ես աշխատում եմ մի քանի տեղ, այդ պատճառով տուն եմ գալիս երեկոյան: Տղաս ստիպված տանը մենակ է մնում 2-րդ դասարանից սկսած, բայց եթե ես քիչ աշխատեմ՝ երեխան կամ սոված կմնա, կամ կզրկվի պարապմունքների գնալու հնարավորությունից»,- պատմում է Քրիստինեն: Քրիստինեի բացակայության ժամանակ երբեմն երեխայի մոտ են մնում նրա տատիկն ու պապիկը: Սակայն՝ ոչ միշտ, քանի որ նրանք էլ աշխատում են օր ու գիշեր: «Ինձ շատ են առաջարկել դայակ վարձել, բայց լսել եմ, որ նրանք կարող են ծեծել ու վախեցնել երեխային: Այդ պատճառով նախընտրում եմ նրան թողնել հարեւանուհուս մոտ կամ էլ մենակ՝ իր գրքերի, խաղերի ու պարապմունքների հետ»,- ասում է Քրիստինեն:

Եթե Քրիստինեի նման մտածեր նաեւ մեր հաջորդ հերոսուհին՝ Շուշանը, ապա կխուսափեր այն քաոսից, որի մեջ ընկավ դայակի պատճառով.«Ամեն օր աշխատանքի գնալուս ժամին տղաս լաց էր լինում, թե՝ մամա, ինձ մենակ մի թող: Սկզբում մտածում էի, որ նա դեռ չի ընտելացել դայակին: Դայակն էլ բավական հաճելի ու խելացի կին էր թվում: Սակայն երբ նրա հայտնվելուց հետո Գրիգորիկս սկսեց աչքերն արագ թարթել, կակազել ու տարօրինակ շարժումներ անել, զգացի, որ ինչ-որ բան այն չէ: Մի օր էլ քնելուց առաջ ասաց. «Մամա, «բոբո ձյաձյան» էկավ»: Ես ասում էի՝ ոչ մի «բոբո ձյաձյա» էլ չկա: Բայց նա մատով ցույց էր տալիս. «Այ, հեն ա»: Երբ քունը չէր տանում՝ վախեցած գոռում էր. «Մամա, ինձ մի սրսկեք, բժշկին ասեք՝ թող գնա: Ես կքնեմ, մենակ թող ինձ չսրսկի»:

Շուշանը խոսել է դայակի հետ ու պարզել, որ Գրիգորիկին ցերեկը քնեցնելու համար նա հաճախ է բժիշկներին ու «բոբո ձյաձյային» «օգնության կանչել»: Արդյունքում՝ տղայի մոտ նյարդային խանգարում է առաջացել: Մանկաբույժի օգնությամբ այժմ նրա մոտ ամեն ինչ կարգին է: Բայց Շուշանը դայակից հրաժարվել է, ինքն էլ դուրս է եկել աշխատանքից, որպեսզի բուժման ընթացքում երեխայի հետ լինի:

Գործազուրկ դայակի հետ մեզ չհաջողվեց խոսել, չկարողացանք պարզել՝ նա իր երեխաներին դաստիարակելիս է՞լ նույն աշխատանքային մեթոդներն է կիրառել:

25-ամյա Աննան, ով ավարտել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, բայց այժմ դայակ է աշխատում, անկեղծորեն զարմացավ իմ հարցից, թե ինքն է՞լ է երեխաներին վախեցնում խելոք մնալու համար. «Ինչպե՞ս կարող եմ երեխաներին վախեցնել: Դայակը պետք է նաեւ մայր լինի երեխայի համար: Չէ՞ որ նրանք կարոտում են իրենց ծնողներին: Հաճախ երեխաներն ինձ հարցնում են. «Չլինի՞ մայրիկիս հետ բան է պատահել» կամ «Իմ մաման ու պապան ինձ չե՞ն սիրում»: Ես, իհարկե, բացատրում եմ, որ ծնողները նրանց շատ են սիրում: Պարզապես, ստիպված են շատ աշխատել հենց իրենց ապագայի համար: Այդ տարիքում կարեւոր է, որ երեխան զգա ծնողի գուրգուրանքը, սերն ու խնամքը: Դայակը չի կարող երեխայի համար հարազատ ծնող լինել, բայց երեխային սիրել ու խնամել՝ նա ուղղակի պարտավոր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել