Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիրը ստիպված փոխել են

Մարտ 21,2009 00:00

\"\"Վիլնյուսում ապրիլի սկզբին կայանալիք հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքը նույնպես անցկացնում է Երեւանում:

Նախապես ծրագրված էր մարտի 18-ից հավաքների վերջին փուլն անցկացնել Բելառուսի «Ստայկի» մարզաբազայում՝ տեղի ընտրանու հետ: Սակայն, հանգամանքների բերումով, մարզումներն այսօր շարունակվում են նույն տեղում: «Առավոտն» օրերս զրուցեց մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանի հետ:

– Ազգային հավաքականն ինչո՞ւ չմեկնեց Ստայկի:

– Համաձայն նախնական պայմանավորվածության, մենք Եվրոպայի առաջնության նախապատրաստության վերջին փուլում Բելառուսում պետք է համատեղ հավաքի լինեինք այդ երկրի ազգային հավաքականի հետ, որի դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում: Սակայն վերջին պահին նրանք փոխեցին իրենց հավաքների ժամկետները, ինչը մեզ չէր բավարարում: Դրա համար էլ մեր մարզչական խորհուրդը գերադասեց գրաֆիկից չշեղվելու նպատակով մնալ այստեղ: Հակառակ դեպքում՝ պետք է գնայինք այնտեղ եւ համատեղ հավաքներին ներգրավվեինք մարզումների կեսից:

– Դա ծրագրի խափանում չէ՞:

– Ինչ-որ չափով՝ այո: Բայց, կարծում եմ, տղաներն իրենց առջեւ դրված խնդիրները կկատարեն:

– Ովքե՞ր են հրավիրվել վճռորոշ հավաքին:

– Հիմնականում առաջին համարները եւ նրանց գլխավոր մրցակիցները: Որպես կանոն, մեր նախորդ հավաքներին մասնակցում էին նաեւ մեր լավագույն երիտասարդները: Բայց այս անգամ նրանց մարտի 27-ին մեկնարկող Հայաստանի երիտասարդական առաջնությանը նախապատրաստվելու հնարավորություն է ընձեռվել, որն այդ տարիքային խմբի համար տարվա կարեւորագույն մեկնարկներից է:

– Ովքե՞ր են Վիլնյուսում պաշտպանելու մեր երկրի մարզական դրոշի պատիվը:

– Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Ռոման Ամոյանը՝ 55 կգ քաշային կարգ, Յուրի Պատրիկեեւը՝ 120 կգ, ինչպես նաեւ Արտակ Հարությունյանը՝ 60, Խոսրով Մելիքյանը՝ 66, Արսեն Ջուլֆալակյանը՝ 74, Դենիս Ֆորովը՝ 84, Արման Գեղամյանը՝ 96:

– Ձեր նշած բոլոր ըմբիշներն այս հավաքին մասնակցո՞ւմ են:

– Այո: Բայց Յուրան եւ Դենիսը նախապատրաստվում են անհատական ծրագրով: Դենիսը վերջին հավաքի ժամանակ այստեղ էր: Մարզավիճակը բավականին լավ էր: Հիմա նա մեր միակ ըմբիշն է, որ մեկնել է Ստայկի եւ այնտեղ Բելառուսի հավաքականի հետ է մարզվում: Յուրան Կրասնոդարում է: Ֆեդերացիան իր միջոցներով հատուկ նրա համար մարզումային մրցակիցներ է հրավիրել Ռուսաստանից, Իսրայելից: Բավականին լուրջ ըմբիշներ են, աշխարհի երիտասարդների չեմպիոններ: Սա լուրջ քայլ է մեր երկու լեգեոներականների համար, ինչը կատարում է ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը:

– Որքան հասկացա, ֆեդերացիան անում է անհրաժեշտ ամեն ինչ: Իսկ դոպինգի հետ կապված հավանական խնդիրները ուշադրությունից չե՞ն վրիպել:

– Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն ունի իր բժիշկը՝ Զավեն Հարությունյան, եւ մերսողը՝ Թելման Սարգսյան: Երկուսն էլ տիրապետում են իրենց մասնագիտությանն, ու նրանց աշխատանքից գոհ ենք: Նրանք մշտապես հավաքականի հետ են: Բժիշկն ունի ՎԱԴԱ-ի արգելած դեղամիջոցների ցանկը: Նա է որոշում, թե ըմբիշներն ի՞նչ վիտամիններ պետք է օգտագործեն:

– Պաշտոնական մրցումների մեկնելուց առաջ դոպինգ-ստուգում անցկացնո՞ւմ եք:

– Արդեն ասացի, որ հավաքականի բժիշկը իրավիճակը վերահսկում է: Մենք նրան հավատում ու վստահում ենք: Մինչեւ այսօր լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն չի եղել: Հուսով ենք, որ այդպես էլ կշարունակվի:

– ՎԱԴԱ-ն շատերին է իր գաղտնի այցելություններով անակնկալի բերել: Նրանց հանձնաժողովը ձեզ «հյուր» եկե՞լ է:

– Մեր ֆեդերացիան ՎԱԴԱ-ի հետ մշտական կապի մեջ է, այդ թվում՝ նաեւ նախարարության եւ օլիմպիական կոմիտեի միջոցով: Միայն մի օրինակ բերեմ. գործող կարգի համաձայն՝ մենք նրանց մշտապես տեղյակ ենք պահում, թե մեր թիմերը ե՞րբ եւ որտե՞ղ են լինելու: Հասկանալի է, գիտենք, որ նրանց մասնագետները ցանկացած վայրկյանի կարող են ներկայանալ: Ու դրան պատրաստ ենք: Ով տեղյակ չէ, թող իմանա. եթե ՎԱԴԱ-ի ներկայացուցիչները ցանկացած երկիր (այդ թվում՝ նաեւ Հայաստան) երկու անգամ գան ու թիմին, առավել եւս, իրենց ուզած մարզիկին տեղում չգտնեն, իրավասու են հավաքականը, անգամ ֆեդերացիան որակազրկել:

– Մեզ հաճա՞խ են այցելել:

– Բնականաբար՝ այո: Միայն Յուրի Պատրիկեեւին, նրա անունն եմ տալիս, որովհետեւ իմ սանն է, անցած տարի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու պահից սկսած, էլ չեմ խոսում օլիմպիական «բրոնզի» մասին, մոտ 18 անգամ ՎԱԴԱ-ն ստուգել է:

– Եվրոպայում մեդալ կունենա՞նք: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը երբեք նախապես խոստումներ չի տալիս:

– Եվ ճիշտ էլ անում է: Եկեք հետեւենք նրա սկզբունքին, բայց հուսալով, որ երբ Վիլնյուսից վերադառնանք, «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորողներ կլինեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել