Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սանկտ Պետերբուրգում ավարտված շախմատի Եվրոպայի կանանց անհատական 10-րդ առաջնությունում հայաստանցի Լիլիթ Մկրտչյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւայի հետ լրացուցիչ մրցամարտից հետո նվաճեց Հին Աշխարհամասի փոխչեմպիոնուհու կոչումը: Կանոնակարգի համաձայն՝ նրանց միջեւ անցկացված թայ-բրեքի առաջին պարտիայում սեւ խաղաքարերով հանդես եկող Կոսինցեւան հաղթանակ տարավ: Երկրորդ պարտիայում նրան բավարարում էր անգամ ոչ-ոքին, ինչին էլ հասավ:
Երկու հանդիպումների արդյունքում հաղթելով 1,5:0,5 հաշվով՝ Տատյանա Կոսինցեւան հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի՝ կրկնելով երկու տարվա վաղեմության իր ցուցանիշը: Բրոնզե մեդալի համար պայքարում Նատալյա Պոգոնինան (Ռուսաստան) առավելության հասավ վրաստանցի Մայա Լոմինեիշվիլու նկատմամբ:
Արոնյանն առաջատարներից է
Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները Ֆրանսիայում շարունակում են պայքարը «18The Amber Blindfold and Rapid Tournament» հեղինակավոր ավանդական մրցաշարում:
Հինգերորդ տուրում Լեւոն Արոնյանը «կույր» եւ արագ շախմատներում 1,5:0,5 հաշվով առավելության հասավ Նորվեգիայի ներկայացուցիչ Մագնուս Կարլսենի նկատմամբ եւ ընդհանուր հաշվարկում 6,5 միավորով լրացուցիչ գործակիցներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ուներ նաեւ ռուսաստանցի՝ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը:
Երեկ գրոսմայստերները շարունակում էին պայքարը: Մեր հանրապետության առաջատար շախմատիստի մրցակիցը ուկրաինացի Սերգեյ Կարյակինն էր, որն այս մրցաշարում այնքան էլ հաջող հանդես չի գալիս եւ նախորդ օրվա դրությամբ 4,5 միավորով հունգարացի Պետեր Լեկոյի հետ միասին բաժանում էր 10-11-րդ տեղերը: «Կույր» շախմատում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց նրա հետ: Ուշ երեկոյան նրանց պայքարը արագ շախմատում դեռ չէր ավարտվել:
Ուշ գիշերին հայտնի դարձավ, որ Լեւոն Արոնյանը երկու պարտիաների ընդհանուր հաշվարկով 1,5:0,5 հաշվով հաղթել է Կարյակինին եւ 8,0 միավորով ստանձնել միանձնյա առաջատարի դերը: Նա «պոկվել» է մյուսներից, քանի որ մերձակա մրցակից Վլադիմիր Կրամնիկը երկու անգամ ոչ-ոքի է արել Գատա Կամսկու հետ, իսկ մինչ այդ երրորդ տեղում ընթացող Մորոզեւիչը Կարլսենի հետ պայքարում վաստակել է ընդամենը կես միավոր:
Դժվար մենամարտ՝ «Տիկնիկի» հետ
Երեկ, ուշ գիշերին, թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 50,8 կգ քաշային կարգ) WBA/WIBA վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը Համբուրգի «Sporthalle» մարզասրահում չեմպիոնական գոտու հերթական պաշտպանության մենամարտն էր անցկացնելու: Նրա տիտղոսին հավակնում էր ամերիկացի Ելենա Ռիդը՝ ռինգում «Տիկնիկ Դոլ» մականունով:
Դատելով մարզական մականունից՝ ամերիկուհին պետք է որ առանձնապես դժվարություններ չհարուցեր «Մարդասպան թագուհի» Կենտիկյանի համար: Սակայն եթե նկատի ունենանք, որ նա միակ բռնցքամարտիկն է եղել, որը ժամանակին մենամարտը ոչ-ոքի է ավարտել լեգենդար Ելենա Հալմիկի հետ (54 հաղթանակ), այն էլ՝ վերջինիս ակտիվ մրցելույթների լավագույն տարիներին, պետք է ենթադրել, որ Սյուզի Կենտիկյանից հաղթանակի համար բավականին լուրջ ջանքեր էին պահանջվելու: