Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցեխ մի շպրտեք մեծության վրա»

Մարտ 21,2009 00:00

\"\"Կամ գրական պուրիտանների ու գրականության մասին

«Այսօր նկատում եմ, որ մարդիկ ամեն ինչ անում են օրիգինալ երեւալու համար: Եթե հնարավորություն լինի էկրանի առջեւ հանվել, սիրով կհանվեն, միայն թե էկրանից երեւան: Ու հանկարծ էկրանին հայտնվում է ինչ-որ կերպար, որ փորձում է ուղղակի փոշիացնել մեծ գրողների ժառանգությունը: Քննադատել կարելի է նաեւ Շեքսպիրին, բայց ուղղակիորեն ցեխ շպրտել մեր կայացած արժեքի վրա, ես դա համարում եմ անթույլատրելի մի բան»,- նկատի ունենալով վերջերս Չարենցի ձեռագրերի մասին արվեստաբան Արման Գրիգորյանի հայտնած կարծիքը, երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց ԵՊՀ դասախոս, բանաստեղծ Վահե Արսենը: Վերջինս նշեց, որ երբ Վիոլետ Գրիգորյանը, Մարինե Պետրոսյանն ու էլի մի քանիսը լավ գործեր էին գրում, չէին երեւում ասպարեզում, բայց հենց կտրուկ անցում կատարվեց դեպի էրոտիկա, անմիջապես ամեն ինչ փոխվեց: Վահե Արսենը ցավում է, որ Ա. Գրիգորյանը նրանց հավասարեցնում է Չարենցին. «Ցավում եմ, որ այդ ամենն այսօր ներկայացվում է Չարենցին հավասար: Այն պարոդիաները, որոնք հաճախ կիրառվում են, վերածվում են ինքնապարոդիայի: Բանաստեղծությունն իր ուժը կորցնում է ու պարզապես դառնում բառակույտ: Էդ բառերը օդի մեջ փուչիկի նման ճախրում են, կյանքը չկարողանալով վերածել բառի, ընդամենը բառախաղ են անում ու դառնում մեծ պոետ»: Արվեստաբան Նազարեթ Կարոյանն էլ նշեց. «Ցավոք, մեր մշակույթն ինքն ընդունակ չէ իր մեջ մեծություններ ստեղծել: Հրանտ Մաթեւոսյանն էլ դարձավ Մաթեւոսյան՝ միայն շնորհիվ այն բանի, որ ռուսական սովետական մշակույթը տեր կանգնեց նրան: Լինի Չարենց, թե Սարյան, նրանք մեծություններ են դարձել ո՛չ հայկական միջավայրում, եւ մենք ընդամենը սպառողներն ենք ուրիշ մշակութային հասարակությունների մեծացրած ծագումով հայերի»:

Վ. Արսենն ուրախ է, որ Չարենցի անտիպ գործերը տպագրվել են. «Սա մեծ առաջխաղացում էր, եւ չի կարելի շատ հավակնոտ բարձունքից, որ իրականում բարձունք էլ չէ, քար նետել կայացած մեծության վրա»: Ըստ բանաստեղծի. «Հեռուստատեսությունն այսօր աղբ է փաթաթում ժողովրդի վզին, որ բերում ու դույլով լցնում են արկղի մեջ, եւ չկա ոչ մի հաղորդում արվեստի մասին: Հիմա եթե ես ասեմ՝ պետական մոտեցում չկա, կպատասխանեն՝ պետական մոտեցում պետք է չլինի, արվեստն ինքը պետք է իր ճանապարհը հարթի, դա պրոդուկտ է եւ այլն: Ես վիրավորվում եմ, որ արվեստին ասում են «պրոդուկտ», որովհետեւ դա պրոդուկտ չէ: Այսօր մեծանում են երեխաներ, որոնք ամբողջությամբ գողական արժեքներով են ապրում, պետության խնդիրը չէ՞, պետությունը վաղը էդ մարդկանց բանտ է լցնելու, բանտերում տեղ չի լինելու»: Ապա Վահեն օրինակներ է բերում. «Պետրոս Ղազարյանի հյուրը կամ Վիոլետն է, կամ Մարինեն, եւ սրանով ամեն ինչ եզրափակվում է: Մի՞թե չկան երիտասարդ գրողներ, քանդակագործներ, նկարիչներ, հրավիրեք, ախր դուք այդ ամենը ներկայացնում եք որպես պոեզիա, ինչը պոեզիա չի: Վիոլետը պոեզիա գրում էր ժամանակին, այսօր արդեն այդ պոռնոգրաֆիկ, էրոտիկ բաներն էլ են հնացած, ախր համաշխարհային մշակույթը դա վաղուց արդեն մարսել, դուրս է թքել: Բեռնարդ Շոուն հանճարեղ միտք ունի, ասում է՝ պուրիտանները ամենաայլասերվածներն են, քանի որ սեռական ակտը նրանց մոտ տեղի է ունենում ուղեղում, հիմա էսօրվա լավագույն համարվող գրողները ընդամենը պոռնոգրաֆ պուրիտաններ են, եւ սա մենք հրամցնում ենք որպես ժամանակակից գրականություն, արվեստ…»: Բանաստեղծը նշում է նաեւ, որ ելքը երիտասարդ սերնդի մեջ իրական արվեստի հանդեպ սեր ներարկելն է:

Բանավեճի մյուս մասնակից Նազարեթ Կարոյանը համարյա չխոսեց. այդպես էլ չէր հասկացել, թե ինչու են հրավիրել բանավեճի. «Չեմ հասկանում՝ ինչու ենք հավաքվել. մի փոքր սենյակում նստած իրար միս ուտելու մասին ենք խոսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել