Նրա «Մարատը եւ մարքիզ դը Սադը» պիեսի մազմանյանական բեմադրությունը չէր ստացվել
Օրերս կայացավ «Գոյ» փորձարարական թատրոնի ղեկավար Արմեն Մազմանյանի «Մարատ-Սադ» բեմադրության պրեմիերան՝ ըստ գերմանացի գրող եւ նկարիչ Պետեր Վայսի «Մարատը եւ մարքիզ դը Սադը» պիեսի: Սունդուկյան թատրոնի պատին փակցված հսկա ազդագրի վրա գրված էր, որ այն պրեմիերա է, որը ներկայացնում է հեղափոխական Մարատի կյանքն ու մահը, պատմվածք է՝ հոգեբուժարանի՝ սիրող դերասանների կողմից, մարկիզ դը Սադի ղեկավարությամբ:
Շատերը գիտեն, որ սադիզմ բառը գալիս է հենց մարքիզ դը Սադի անունից (1740-1814), որը շուրջ 30 տարի անցկացրել է բանտերում՝ մեղադրվելով սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Բանտերում էլ նա գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք կազմում են 15 հատոր: Ինչ վերաբերում է Պետեր Վայսին, նա անդրադարձել է Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկին՝ Ժան Պոլ- Մարատին: Վայսի «Մարատը եւ մարքիզ դը Սադը» պիեսը խաղացվել է աշխարհի բազմաթիվ բեմերում: Այն պրովոկացիոն, ագրեսիվ գրական նյութ է եւ պահանջում է հատուկ մոտեցում, մի բան, որ չէր հաջողվել բեմադրիչ Արմեն Մազմանյանին: Ու պարտադիր չէ լինել գիտական աստիճաններ ունեցող թատերագետ կամ պետական կոչումներով արվեստագետ՝ այդքանը հասկանալու համար. ինչպես Մազմանյանն է հաճախ կրկնում՝ պետք չէ իմանալ ֆրանսերեն, «տաքսի» բառը հասկանալու համար: Ինչեւէ, աշխատանք էր թափված, դերասանները ջերմեռանդորեն խաղում էին, նույնիսկ փոքրիկ առկայծումներ եղան, բայց դա չփրկեց բուն ներկայացումը: Այն, այսպես ասած, հում էր: Հիշեցնենք, որ ներկայացման մեջ գործողության վայրը հոգեբուժարանն է, հիվանդներն էլ խաղում են Մարատի սպանության պատմությունը, բնականաբար, հնչում են մտքեր՝ արյունահեղության, լուսավոր ապագայի, ազատության, հեղափոխության եւ այլնի մասին: Մի խոսքով, ներկայացումը յուրատեսակ բանավեճ էր հեղափոխության մասին՝ հեղափոխական մարքիզ դը Սադի եւ սադիստ Ժան Պոլ- Մարատի միջեւ:
Շուրջ 25 րոպե դերասաններից մեկը պատմում էր, թե ինչի մասին է ներկայացումը, փոխանակ 2 տասնյակ դերասանները դա անեին խաղի միջոցով: Տեսարանները կրկնում էին մեկը մյուսին, ու տհաճ էր անընդհատ լսել գոռգոռոցներ, թե մարդն արնախում գազան է, ամբոխն էլ՝ անասուն, որը շարունակ օգտագործվում է այս կամ այն անհատի կողմից: Անկեղծ ասած, դիմացա ընդամենը 1 ժամ 40 րոպե, բայց այդպես էլ ներկայացումը «չբացվեց», ասելիքն էլ փորձ էր արվում պարզունակ ձեւով հասցնել հանդիսատեսին: Փոքրիկ դահլիճը լեփլեցուն էր հրավիրյալներով, որոնք ձանձրանում էին, հորանջում, քչփչոցով դժգոհում, ներկա էին Մազմանյանի գործընկերներն այլ թատրոններից, նրա մտերիմները, որոնք անհարմար էին զգում դուրս գալ, ինչպես կողքիս նստած երկու տղամարդիկ: «Որ երգեցին՝ ուրեմն հեսա կպրծնի», «Որ տանջեցին, նշանակում է՝ ավարտվելու է», «Ամոթ ա, մի քիչ էլ մնանք, Մազը կնեղանա»,- նեղսրտել էին նրանք: Հրավիրվածներից ոմանք մեկ-երկու անգամ փռթկալու ճիգեր արեցին՝ քիչ թե շատ հաջողված փոքրիկ դետալների վրա: Դահլիճում էին նաեւ ներկա եւ նախկին նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Լեւոն Մկրտչյանը, որոնք մյուս մտերիմների պես հավանաբար կշնորհավորեն բեմադրիչին, կասեն՝ լավ էր: Բայց փաստն այն է, որ ներկայացումը չէր ստացվել: Գուցե պարոն Մազմանյանը կբողոքի, թե չենք ընկալել իր բեմադրությունը, կդժգոհի, որ աշխատելու պայմաններ չկան («Գոյը» Սունդուկյանի կտուրում է): Այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում՝ նույնը պիտի պնդեր նաեւ Ժիրայր Դադասյանը, բայց արի ու տես, որ նրա «անտուն» Մնջախաղի թատրոնը փայլուն ներկայացումներ է ծնում: Եվ հետո, ո՞վ է ասել, որ ներկայացումը պիտի գոհացնի միայն պրոֆեսիոնալներին, իսկ սովորական հանդիսատե՞սը…