ՕԲԱՄԱՆ ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ԻՐԱՆԻՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իրանի իշխանություններին ուղղված տեսաուղերձ է տարածել, որում առաջարկել է պաշտոնական Թեհրանին վերսկսել հարաբերությունները՝ միջազգային հանրության մեջ արժանի տեղ գրավելու նրա իրավունքն ընդունելով: «Մենք ունենք լուրջ տարաձայնություններ, որոնք ժամանակի ընթացքում խորացան, այժմ իմ վարչակազմն ուզում է վարել այնպիսի դիվանագիտություն, որը հաշվի կառնի հարցերի ողջ ներկապնակը եւ ուղղված կլինի կառուցողական կապերի ստեղծմանը»,- ասել է Օբաման: Նոր էջից հարաբերություններ սկսելու համար Օբաման առաջարկում է Իրանին պատասխանատու քաղաքականություն վարել՝ առանց սպառնալիքների: ԱՄՆ նախագահը Թեհրանին խաղաղ գործողությունների կոչ է արել, որոնք ցույց կտան Իրանի ժողովրդի ողջ մեծությունը: Եվ այդ մեծությունը, Օբամայի համոզմամբ, արտահայտվում է ոչ թե քանդելու, այլ՝ կառուցելու, արարելու ընդունակության մեջ: Ամերիկայի նախագահի տեսաուղերձը տեղադրված է Սպիտակ տան կայքում եւ ուղեկցվում է պարսկերեն լուսագրերով: Այդ քայլը համընկել է Իրանում նշվող Նովրուզ տոնի հետ, որով արձանագրվում է գարնան սկիզբը:
ՀԱՓՇՏԱԿՎԵԼ Է 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի VIP սրահին մոտ գտնվող ավտոկանգառում հանդուգն հարձակում է կատարվել դաղստանցի մի գործարարի վրա: Քարիմլա Մագոմադովն՝ իր թիկնապահների հետ միասին, նստում էր ինկասացիայի «Նիվա» ավտոմեքենան, երբ այդ պահին նրանց մոտեցավ մի «Աուդի», որի պետական համարանիշները համընկնում էին Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի անձնական մեքենայի համարներին: Հետագայում պարզվեց, որ այդ համարանիշերը կեղծ էին: «Աուդիից» դուրս եկան «Կալաշնիկով» ինքնաձիգներով զինված չորս տղամարդ եւ պառկեցնելով «Նիվայի» ուղեւորներին գետնին, Մագոմադովից խլեցին երկու պայուսակ, որտեղ գտնվում էր մոտ $1 միլիոն գումար, եւ անհետացան: Հարձակումը տեւեց մոտ 30 վայրկյան: Ոչ բիզնեսմենը, ոչ էլ նրա թիկնապահները չեն տուժել: Մոսկվայի իրավապահները գտնում են, որ հանցագործությունը հստակորեն ծրագրավորված էր, եւ հանցագործներն աշխատում էին ուղղորդված: Քննիչները ենթադրում են նաեւ, որ հանցագործությանը մասնակցել են կա՛մ օդանավակայանի աշխատակիցները, կա՛մ էլ գործարարի ծանոթները: Չի բացառվում նաեւ, որ կողոպուտն իրականացրել են հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատողները: Դա է հուշում կատարված հանցագործության բնույթը:
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԱՃՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ներքին Սաքսոնիայի քրեագիտության ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ յուրաքանչյուր յոթերորդ գերմանացի դպրոցական թշնամական զգացումներ ունի օտարազգիների նկատմամբ: Ընդ որում, ինչպես հայտնում է «Իզվեստիա» թերթը, պատանիների 4,9%-ը եւ աղջիկների 2,6%-ը աջ արմատական կազմակերպությունների մաս են կազմում: Իրավիճակն առանձին սրություն է ձեռք բերում այն պարագայում, երբ Գերմանիայում գրանցված է 8 մլն միգրանտ, որը կազմում է բնակչության 10%-ը: Գերմանիայի ներքին գործերի նախարարության պատվերով արված ուսումնասիրության համաձայն՝ դեռահասների անհանդուրժողականության հիմնական պատճառն այն է, որ, նրանց կարծիքով, երկրի տարածքում ապրող այլազգիների մեծամասնությունը «քրեական տարրեր են» կամ էլ՝ «չեն հարստացնում գերմանական հասարակության մշակույթը»: Հետաքրքիր է, որ օտարների նկատմամբ անհանդուրժողականությունն առավել ուժեղ է այն տարածքներում, որտեղ ամենաքիչն են այլազգիները: Ըստ փորձագետների, երիտասարդության ձգտումը դեպի աջ արմատական կազմակերպությունները պայմանավորված է հասարակական կյանքից նրանց մեկուսացմամբ: Այդ կազմակերպությունները դեռահասներին առաջարկում են կազմակերպված ժամանց եւ գեղեցիկ սիմվոլիկա: