«Նաբուկոն» հարցականի տա՞կ է
Հինգշաբթի օրը Բրյուսելում բացված Եվրամիության համաժողովը նվիրված էր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար ԵՄ-ի հատկացրած գումարների բաշխմանը: Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հայտարարել է, որ գումարները պետք է հատկացվեն միմիայն այն ծրագրերի համար, որոնք հնարավոր է իրականացնել մոտակա 1-2 տարվա ընթացքում: Այդպիսով հարվածի տակ է հայտնվում «Նաբուկո» գազատարի կառուցումը, որը պետք է սկսվի 2011-ին եւ ավարտվի 2014-ին: Միաժամանակ, ըստ ԵՄ էներգետիկայի կոմիսարի ներկայացուցչի՝ «Նաբուկո» ծրագիրը առաջնայիններից մեկն է, եւ էներգետիկայի համար ծախսվելիք 3,75 միլիարդ եվրոյից որոշ գումար կհատկացվի այդ ծրագրին: Գազամատակարարման ռուսական սխեմաներին այլընտրանք հանդիսացող «Նաբուկոն» պետք է տեղափոխի Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի գազը Ադրբեջանի, Վրաստանի եւ Սեւ ծովի տարածքով դեպի Եվրոպա: Արեւելյան Եվրոպայի երկրները, որոնք այս ձմեռվա ընթացքում մեծապես տուժել են ռուս-ուկրաինական գազային վեճից, Բրյուսելում պնդելու են, որ այդ ծրագրի համար գումարներ հատկացվեն: Ռուսաստանն, ընդհակառակը, ստեղծված իրավիճակն օգտագործում է՝ եւս մեկ անգամ հայտարարելու համար, որ «Նաբուկոն» մեռելածին ծրագիր է: Սակայն պետք է հաշվի առնել, որ ԵՄ-ն այդ ծրագրի գլխավոր ներդրողներից մեկը չէ. 8 միլիարդ եվրո արժողության ծրագրի «եվրոպական» մասը կազմում է մոտ 200-250 միլիոն՝ տեխնիկական-նախագծային աշխատանքների համար: Այդ գումարի բացակայությունը «Նաբուկոյի» համար ճակատագրական նշանակություն չի ունենա:
Ծովահենները կրկին նավ են բռնազավթել
Ուրբաթ օրը Սոմալիի ծովահենները բռնագրավել են հունական մի նավ, որը Սեւ ծովի նավահանգիստներից մեկից երկաթ էր տեղափոխում Հարավային Կորեա: Ըստ newsru.com-ի՝ Հունաստանի առեւտրական նավատորմի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ նավի վրա էր գտնվել 24 հոգանոց անձնակազմ՝ այդ թվում ազգությամբ ուկրաինացի երկրորդ մեխանիկ: Նախարարության ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ բռնագրավված «Տիտան» նավը շարժվում է Սոմալիի ափի ուղղությամբ, նշելով, սակայն, որ չունի տեղեկատվություն, թե ինչ միջոցներ են կիրառվելու ծովահենների դեմ: Վերջին շրջանում Սոմալիի ափերի մոտ նավերի վրա հարձակումը խիստ հաճախակի է դարձել:
Ծովահենները տիրացել են մի քանի միլիոն դոլարի՝ առգրավված նավերի համար փրկագին վերցնելով: Փետրվարի 22-ին Սոմալիի ափերի մոտ բռնագրավվել էր հունական «Սալդանխա» նավը, որը 22 նավաստիներով ուղեւորվում էր Սլովենիա՝ քարածուխով բեռնված: Հունվարին ծովահենները հարձակվեցին մեկ այլ հունական նավի վրա՝ Կամերունի ափերի մոտ, սպանելով նրա՝ ազգությամբ հույն նավապետին: Նույն ամսին եվրոպական զինվորական նավատորմը հետ մղեց ծովահենների հարձակումը հունական «Կրիտի եպիսկոպի» նավթային տանկերի վրա՝ Ադենի նեղուցում:
Թուրքական հետախուզության առաջնահերթությունները
Թուրքական հետախուզությունը հրապարակել է իր աշխատանքի առաջնահերթությունները: Ամենակարեւոր նպատակներից մեկն է՝ հետեւել Կովկասում Ռուսաստանի քաղաքականությանը, քանի որ հենց այդ տարածաշրջանն է թուրքական աշխարհաքաղաքականության տեսակետից առանցքայինը: Ինչպես հայտնում է «Սաբահ» թերթը, Թուրքիայի հատուկ ծառայությունները հիմնական շեշտը դնելու են արտաքին հետախուզության վրա, եւ այդ նոր ռազմավարության մեջ գլխավոր դեր է խաղում Ռուսաստանը: Կենտրոնական Ասիայի եւ Կասպիական ջրավազանի տարածաշրջանում թուրք հետախույզներին ամենաշատը հետաքրքրում է Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունը, այդ ոլորտում ռուս-չինական համագործակցությունը, ինչպես նաեւ՝ նավթատարերի եւ գազատարների կառուցումը: Կովկասում թուրքական հետախուզության առաջնահերթություններից են՝ Վրաստանի ջանքերը՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջանի հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Հարեւան երկրի հատուկ ծառայությունները հետեւելու են նաեւ Չինաստանի եւ Ճապոնիայի մրցակցությանը, Աֆղանստանում ահաբեկչական գործունեությանը եւ Իրանի միջուկային ծրագրին: