Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որոշ ընկերներ

Մարտ 21,2009 00:00

Հիլարի Ռոդհամ Քլինթոնը արժեզրկում է Պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը:

Պետքարտուղար Հիլարի Ռոդհամ Քլինթոնը շարունակում է արժեզրկել Միացյալ Նահանգների՝ մարդու իրավունքների պաշտպանության դիվանագիտական ավանդույթը: Ասիա իր առաջին օտարերկրյա շրջագայության ժամանակ նա արհամարհանքով էր արտահայտվել Չինաստանի կոմունիստական կառավարությանը առնչվող մարդու իրավունքների խնդրի բարձրացմանը, նշելով, որ «այդ հարցերը չեն կարող բախվել» տնտեսական, անվտանգության կամ բնապահպանական խնդիրների հետ: Անցած շաբաթ Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա կատարած այցի ժամանակ նա «խմբագրեց» Պետդեպարտամենտի՝ ամերիկյան երկու խնդրահարույց դաշնակիցներին՝ Եգիպտոսին եւ Թուրքիային առնչվող զեկույցը:

Միացյալ Նահանգների՝ Եգիպտոսի վերաբերյալ փետրվարի 25-ին հրապարակած վերջին զեկույցի համաձայն՝ «2008-ին կառավարությունը շարունակում էր բավարար չափով չհարգել մարդու իրավունքները եւ բոլոր ոլորտներում առկա էին լուրջ չարաշահումներ»: Զեկույցն անդրադառնում էր անվտանգության ուժերի կողմից կտտանքների կիրառմանը եւ մամուլի, միավորումների եւ կրոնի ազատության սահմանափակմանը: Այդ եզրակացությունների վերաբերյալ Քլինթոնին հարցեր տրվեցին Եգիպտոսում՝ Շարմ Էլ-Շեյխում, ալ-Արաբիա արբանյակային ցանցին տված հարցազրույցի ժամանակ: Պատասխանելիս՝ նա որեւէ մտահոգություն չհայտնեց, թե վիճակը վատթարանում է. «Մենք այդ զեկույցները հրապարակում ենք բոլոր երկրների վերաբերյալ,- ասել է նա:- Հուսով ենք, որ այն կընդունվի այն ոգով, որով առաջարկվել է, որ մենք բոլորս էլ կատարելագործման հնարավորություն ունենք»:

Քլինթոնին այնուհետեւ հարցրին, թե, արդյոք, որեւէ կապ կա՞ զեկույցի եւ նախագահ Հուսնի Մուբարաքի՝ Վաշինգտոն այցելելու ակնկալվող հրավերի միջեւ: «Դա որեւէ կերպ փոխկապակցված չէ,- պատասխանել է նա՝ ավելացնելով:- Նախագահին եւ տիկին Մուբարաքին իմ ընտանիքի բարեկամ եմ համարում: Այնպես որ, հուսով եմ նրան հաճախ տեսնել այստեղ՝ Եգիպտոսում, ինչպես նաեւ՝ Միացյալ Նահանգներում»:

Նոր պետքարտուղարը Թուրքիայում անակնկալ մատուցեց մամուլի ազատության լիբերալ աջակիցներին, որոնք այժմ շրջափակված են վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի կառավարության կողմից: Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ «պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ վարչապետ Էրդողանը, տարվա ընթացքում հայտարարություններ են արել, որոնք կարծր քննադատության են ենթարկել մամուլի եւ մեդիաբիզնեսի գործիչներին, մասնավորապես, իշխող կուսակցության մեջ կոռուպցիայի մասին հրապարակումների հետ կապված»: Դա հիմնականում մեղմ գնահատական էր. Էրդողանի կառավարությունը սպառնալից արշավ էր սկսել Թուրքիայի մամուլի առաջատար միջոցների դեմ՝ վերջինիս ներկայացնելով $500 մլն հարկահաշիվ՝ խորամանկություն, որը համեմատվել է անկախ մամուլի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքի հետ:

Թուրք լրագրողը Քլինթոնին հարցրեց, թե ի՞նչ է նա ասել պարոն Էրդողանին, երբ վերջինս բողոքել է Պետդեպարտամենտի զեկույցից: Պետքարտուղարը պատասխանել է. «Իմ արձագանքն այն էր, որ մենք ամեն տարի հրապարակում ենք այդ զեկույցը, եւ ես լիովին հասկանում եմ… որեւէ քաղաքական գործիչ չի ցանկանում, որպեսզի մամուլը քննադատի իրեն»: Եվ ավելացրեց. «Ընդհանուր առմամբ, կարծում ենք, Թուրքիան վիթխարի առաջընթաց է գրանցել խոսքի ազատության եւ կրոնի ու մարդու իրավունքների ազատության ուղղությամբ, եւ մենք հպարտ ենք դրանով»:

Փաստորեն, Պետդեպարտամենտը իր զեկույցում պնդում է, որ Թուրքիան հեռացել է խոսքի ազատությունից, իսկ Եգիպտոսում մարդու իրավունքները նույնպես ավելի են վատթարացել: Նշանակություն չտալով այդ փաստերին՝ տիկին Քլինթոնը վատ ծառայություն է մատուցել իր իսկ գերատեսչությանը եւ ազդանշան ուղարկել ողջ աշխարհի ղեկավարներին, որ իրենց չարաշահումները լրջորեն չեն ընդունվելու ԱՄՆ վարչակազմի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել