Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրեն մեղավոր չի ճանաչում

Մարտ 21,2009 00:00

\"\"Ցմահ ազատազրկում՝ կեղծ ցուցմունքների հիման վրա

Ցմահ ազատազրկման դատապարտված Հենրիկ Հովնիկյանը երեկ «Առավոտի» միջոցով փորձել է հրավիրել ՀՀ նախագահի ուշադրությունը իր քրեական գործի վրա. «Մեծարգո նախագահ, գտնվում եմ ծայրահեղ իրավիճակում եւ միայն Դուք կարող եք անդրադառնալ այս չարաբաստիկ գործին, ինչը որոշիչ կլինի ինձ համար, քանի որ տուժող կողմը «Ավիասերվիսի» տնօրենն է: Իսկ այդ կառույցի սեփականատիրոջը Դուք քաջ ծանոթ եք»: Հ. Հովնիկյանը հայտնում է, որ, իր հավաստի տեղեկություններով, վերոհիշյալ անձը ասել է, թե չի խառնվում աշխատակցի խնդիրներին, այսինքն՝ ոչ մի ճնշում չի գործադրում դատական գործընթացներին: Սակայն մտահոգված է, քանի որ հանգուցյալ Ա. Խալաթյանի ազգականները զբաղեցնում են բարձր պաշտոններ ԱԱԾ-ում, դատախազությունում եւ ձեռնարկությունների սեփականատերեր են: Ըստ Հ. Հովնիկյանի, նրանք դատարանի վրա ճնշում են գործադրել, ինչի արդյունքում դատավորները, վախից դրդված չարաշահելով իրենց պաշտոնը, անհիմն պատժաչափ (ցմահ ազատազրկում) են սահմանել իր համար: «Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել դատավոր Կարինե Ղազարյանի հայտարարությանը. չփորձեք ճնշումներ բանեցնել դատարանի վրա՝ հասարակական օբյեկտներում նստելով ու զանգեր կատարելով ու դատարանի փոխարեն որոշելով, թե մեղադրյալի համար ինչպիսի պատժաչափ սահմանել: Եթե տիկին Ղազարյանը որոշել էր բոլորիս ցմահ դատապարտել, ապա ի՞նչ իմաստ ուներ բոլորիս ներկայությամբ նման հայտարարություն անել»,- գրում է դատապարտյալը:

Հ. Հովնիկյանը հայտնում է, որ դատարանը հաշվի չառավ իրեղեն ապացույցները: Նա համոզված է, որ եթե հաշվի առնվեր, կփոխվեր իր կարգավիճակը. «Ինձ մեղադրում էին փաստաթղթերի կեղծման, առեւանգման եւ շահադիտական դրդումներով սպանության մեջ: Ամբողջ քրգործը կազմված է մի անձի կեղծ ցուցմունքների վրա եւ դատարանը ստիպված էր փաստաթղթերի կեղծման մասով ինձ արդարացնել: Դատարանը չկարողացավ ապացուցել այն, ինչում ինձ մեղադրում էին՝ իբր փակել եմ Ա. Խալաթյանի բերանը եւ երկու ձեռքով խեղդել նրան՝ պոլիէթիլենային պարկը գլխին եւ մետաղաճոպանը պարանոցին փաթաթած: Սա միանշանակ սուտ է, քանի որ մատնադրոշմային փորձագետները վերը նշված առարկաների վրա իմ մատնահետքերը չեն հայտնաբերել եւ չէին էլ կարող հայտնաբերել, քանի որ նման արարք չեմ կատարել»: Ինչ վերաբերում է իր՝ սպանության ակտիվ կազմակերպիչներից մեկը լինելուն, պարզապես թյուրիմացություն է, քանի որ ինքը հանգուցյալին չի ճանաչել եւ նրա հետ կապ չի ունեցել: Նա գտնում է, որ այս թյուրիմացությունը կատարվել է «քննչական խայտառակ գործողությունների արդյունքում», ինչը զարմանալի չէ, քանի որ հեղինակները Աբովյանի տարածքի ոստիկաններն են, որոնցից մի քանիսին կաշառակերության պատճառով հեռացրել են համակարգից, իսկ ոմանք դեռ աշխատում են: Զարմանալին այն է, որ վերաքննիչ դատարանը նման առկա փաստերով մերժել է գործը վարույթ վերցնել: Հ. Հովնիկյանը դիմելով ՀՀ նախագահին, գրում է. «Պարոն նախագահ, եթե վճռաբեկ դատարանն էլ հաշվի չառնի սույն փաստերը եւ բողոքս արժանացնի նույն ճակատագրին, ապա կհամոզվեմ, որ Հայաստանում որոշ պաշտոնյաներ թքած ունեն օրենքների ու Սահմանադրության վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել