ՀՀ վճռաբեկ դատարանում՝ լռության միամսյակ
5 տարի առաջ Հրանտ Տեր-Հակոբյանը $92 հազարով վաճառել է իր՝ Այգեստան 9-րդ փող. թիվ 103 սեփական տունը: Նա այդ գումարի մի մասով 2005թ. Թելման եւ Արթուր Յոլչյաններից (5600 դոլարով) գնում է Շենգավիթի 3-րդ փող. 14 տան մի մասը, վերակառուցում այն: Հ. Տեր-Հակոբյանի մահից հետո տան վերանորոգման աշխատանքներն ավարտին են հասցնում նրա աղջիկները՝ Անահիտ եւ Անի Տեր-Հակոբյանները, որոնք էլ տնօրինում են տունը: Սակայն հետագայում Թելման եւ Արթուր Յոլչյանները կտրականապես հրաժարվում են տան առուծախից եւ ամեն ինչ անում են, ըստ Տեր-Հակոբյանների, որպեսզի աղջիկները դուրս գան բնակարանից: Տեր-Հակոբյանները հայտնում են, որ իրենց հայրը գումարը վստահել է Յոլչյաններին՝ հետագայում տան առուծախը ձեւակերպելու պայմանով, իսկ նրանք գումարը յուրացրել են:
Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան են դիմում Անահիտ եւ Անի Տեր-Հակոբյաններն՝ ընդդեմ Թելման Յոլչյանի՝ նոր ստեղծված անշարժ գույքի, ինչպես նաեւ վերանորոգման համար կատարված ծախսերի պահանջով: Թելման Յոլչյանն էլ հակընդդեմ հայց է ներկայացնում Անահիտ եւ Անի Տեր-Հակոբյանների դեմ՝ պատասխանողներից հօգուտ հայցվորի գումարի բռնագանձման պահանջի մասին: Անցյալ տարվա ապրիլի 23-ի դատական նիստում հայցվորները դատարանին հայտնեցին, որ իրենց հայրը գնել է վիճելի տան մի մասը (22,6 քմ), որը եղել է անբարեկարգ, կիսակառույց շինություն, բնակության համար ոչ պիտանի եւ իրենց հանգուցյալ հոր կողմից, հակընդդեմ հայցվորի համաձայնությամբ, այնտեղ կառուցվել է սանհանգույց, ննջասենյակ, նոր տանիք, անցկացվել են ջրագիծ եւ կոյուղի, փոխվել են էլեկտրական լարերը, տունը պարսպապատվել է, բացվել է նոր մուտք, եւ տեղադրվել են նոր պատուհաններ, տան մակերեսը դարձվել է 52,7 քմ, ինչի արդյունքում արժեքը ավելացել է շուրջ 5 834 462 դրամով: Ա. Տեր-Հակոբյանի ներկայացուցիչը դատարանից խնդրեց Թելման Յոլչյանից, հօգուտ իր վստահորդի, բռնագանձել 4 900 000 դրամ՝ որպես նոր ստեղծված գույքի եւ վերանորոգման աշխատանքների համար ծախսերի հատուցում, իսկ Յոլչյանների հակընդդեմ հայցը մերժել:
Վերջիններս դատարանին հայտնեցին, որ 2005թ. վիճելի բնակարանը վարձակալությամբ տրվել է Հ. Տեր-Հակոբյանին՝ ամսական $100-ով, սակայն առաջին մեկ տարվա վարձավճարի փոխարեն վարձակալած բնակարանը վերակառուցելու պայմանով, տրվել է նաեւ հաշվառվելու համաձայնություն: Թ. Յոլչյանը հայտնեց, որ երբ Հ. Տեր-Հակոբյանը բուժման նպատակով գտնվել է հիվանդանոցում, եկել են հայցվորները (աղջիկները), ներկայացել, որ նրա դուստրերն են եւ պետք է սենյակը մաքրեն: Հ. Տեր-Հակոբյանի մահից հետո ինքն առաջարկել է ազատել բնակարանը, սակայն նրա դուստրերը մինչ այսօր այն ապօրինի զբաղեցնում են, չնայած 2007թ. նոյեմբերի 1-ի վճռով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը բավարարել է իր հայցը՝ Տեր-Հակոբյաններին նշված տնից վտարելու պահանջը:
Թեպետ Յոլչյանը պահանջում էր Տեր-Հա կոբյաններից հօգուտ իրեն բռնագանձել 1 000 000 դրամ՝ որպես 2006թ. ապրիլի 1-ից մինչեւ 2007թ. դեկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածի համար վճարվելիք վարձավճար, սակայն նաեւ հայտնեց, որ պատրաստ է հրաժարվել դրանից, եթե Տեր-Հակոբյաններն ազատեն բնակարանը:
Դատարանը վճռեց Թ. Յոլչյանից՝ հօգուտ Տեր-Հակոբյանների բռնագանձել 4900000 դրամ, իսկ հակընդդեմ հայցը մերժել:
Թ. Յոլչյանը վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեց ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան, որը վերադարձվել է: Սակայն 2008-ի հունիսի 18-ին վերաքննիչ բողոքը կրկին վարույթ է ընդունվում եւ կայացվում է որոշում, որով Թ. Յոլչյանի բողոքը մասնակի բավարարվել է: Վերաքննիչ դատարանը որոշել է Տեր-Հակոբյանների հայցն ընդդեմ Թ. Յոլչյանի՝ որպես նոր ստեղծված անշարժ գույքի, ինչպես նաեւ վերանորոգման համար կատարված ծախսերի գումարի հատուցման պահանջի մասին, մերժել եւ նրանցից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 94 000 դրամ՝ սկզբնական հայցի եւ 147 000 դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար հետաձգված պետտուրքի գումար, բռնագանձել նաեւ 41 100 դրամ՝ հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի:
Տեր-Հակոբյանները դիմել են վճռաբեկ դատարան, սակայն բողոքը վերադարձվել է: Նրանք մեկ ամիս առաջ կրկին դիմել են վճռաբեկ դատարան, մատնանշելով նոր ի հայտ եկած հանգամանքներ, սակայն վճռաբեկը մինչ օրս ոչ վարույթ վերցնելու մասին է տեղյակ պահում, ոչ դատական նիստ նշանակելու, ոչ էլ բողոքը վերադարձնելու: Ի դեպ, Տեր-Հակոբյանները դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն, ներկայացնելով փաստեր, որոնց հիման վրա պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել Ֆելիքս Մկրտչյանին, Աշոտ Հովհաննիսյանին, Վարդան Տեր-Հակոբյանին, որոնք, չարաշահելով իրենց հոր վստահությունն ու ալկոհոլի նկատմամբ հակվածությունը, նրանից կորզել էին $60-70 հազար: