Փոխվարչապետը թեեւ «Նոստրադամուսը չէ», բայց կարծում է, որ ճգնաժամը շինարարությանը չի խոչընդոտի:
Երեկ աշխատանքային այցով Գյումրի ժամանած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երկու կարեւոր տեղեկատվություն հաղորդեց գյումրեցիներին: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում գյումրեցիների խոսակցության միակ թեման ձգձգվող բնակարանաշինությունը եւ Շիրակի մարզպետի հավանական փոփոխությունն է:
Փոխվարչապետը իր խոսքը սկսեց «բարի» լուրերով. տեղեկացրեց, որ կառավարությունը բնակարանաշինության համար 2 միլիարդ դրամի չափով կանխավաճար է փոխանցել, եւ որ «Գլենդել-հիլզը» ապրիլի 1-ից կսկսի շինարարական աշխատանքները: Այսպիսով, փոխվարչապետը փոքր-ինչ հանգստացրեց այն անօթեւաններին, որոնք արդեն իսկ սկսել էին անիծել իրենց հերթական անգամ «խաբողներին»:
Նշենք, որ «Գլենդել-հիլզի» պատասխանատուները եւս մասնակցում էին Շիրակի մարզպետարանում կայացած փակ խորհրդակցությանը, եւ նրանց տվյալներով՝ 1500 հոգի արդեն հաշվառվել է շինարարությունում որպես աշխատուժ: Մարզպետի փոփոխության մասին խոսակցությունների առնչությամբ էլ Արմեն Գեւորգյանն ասաց. «Այդպիսի հարցի տեղյակ չեմ, այդպիսի հարց չի քննարկվել»: Նշենք, որ հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին մարզպետ «կարգելուց ու հանելուց» հետո, այժմ էլ գյումրեցիները այդ աթոռին տեսնում էին ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանին, նույնիսկ մարզպետարանի որոշ պաշտոնյաներ պնդում էին, թե կառավարությունը նախորդ օրվա նիստով արդեն իսկ կատարել է այդ փոփոխությունը: Քանի որ Գյումրիի նորանշանակ հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը եւս մասնակցում էր խորհրդակցությանը, լրագրողները Ա. Գեւորգյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր անում նա այնտեղ: «Մենք հարկայինի պետի հետ քննարկում էինք Գյումրիի տրանսպորտային միջոցների գործունեության կարգավորման խնդիրը եւ ոնց որ թե արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ ոլորտում առնչվող հարցերը բացառապես օրենսդրության շրջանակներում պետք է կարգավորվեն, եւ ոնց որ թե քաղաքապետը եւ հարկայինի պետը պայմանավորվեցին, եւ ամեն մեկը գիտի իր անելիքը»,- ասաց փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետարանը մի քանի տարի առաջ հրաժարվեց ներքաղաքային երթուղագծերի համար մրցույթ հայտարարելուց, հարկայինի նորանշանակ պետն էլ, առիթն օգտագործելով, սկսել է ճոխ-ճոխ տուգանքների ենթարկել երթուղայինների վարորդներին: Իսկ ի՞նչ կասի փոխվարչապետը բյուջեի ծախսերի կրճատման եւ Շիրակի մարզում աշխատավարձերի ձգձգման մասին: Տեղեկացնենք, որ առողջապահական ոլորտի աշխատակիցները արդեն 3-րդ ամիսն է՝ աշխատավարձ չեն ստանում, մեկ ամիս առաջ նման պատմության մեջ էին հայտնվել նաեւ մարզի դպրոցները: «Նախ կրճատում բառը տեղին չէ օգտագործել, բյուջեի կրճատման մասին կարող եք խոսել այն ժամանակ, երբ Ազգային ժողովը համապատասխան որոշում կայացնի կամ կառավարությունը՝ իր իրավասության շրջանակներում, ինչքան որ ես աշխատում եմ կառավարությունում, համենայնդեպս՝ ըտենց որոշում չեմ հիշում: Երկրորդը ինձ համար մի քիչ անսպասելի հարցադրում է այն առումով, որ աշխատավարձերի խնդիրներ կան, ես Երեւան վերադառնալով կպարզեմ առողջապահության նախարարի հետ, էդ ի՞նչ խնդիր է, որ առողջապահական հիմնարկները աշխատավարձ չեն ստանում, դպրոցների մասով էլ կարծեմ նման խնդիր չպիտի լիներ, միայն փետրվարի սկզբին կարող էր լիներ ուշացումով, որովհետեւ պայմանագրերն էին վերաձեւակերպվում՝ 20 տոկոս բարձրացման հետ կապված, ուրիշ նմանատիպ խնդիր չպետք է լինի, եթե ըտենց խնդիր կա, ես կուզենայի իմանալ, թե որ դպրոցում է կոնկրետ աշխատավարձ ուշացել»:
Իսկ այն հարցին, թե 2 միլիարդ կանխավճարից հետո ի՞նչ է լինելու բնակարանաշինության վիճակը, հնարավո՞ր է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցվի այն, Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «էս պահի դրությամբ էդպիսի խնդիր չկա, ես Նոստրադամուս չեմ, չեմ կարող գուշակություններ կատարել, հիմա էն, ինչ-որ կատարվում է, ես հլը դեռ խնդիրներ չեմ տեսնում»: