Վանուշ Արզաքանյանին հաջողվել է իրացնողների ձեռքից փրկել միայն պատմական մեծ արժեք ներկայացնող սեղանը, որի շուրջ ժամանակին ճաշել է Նիկոլայ Առաջին ցարը:
Վանուշ Արզաքանյանը համբերատար սպասում է իր հերթին:
Արդեն երկու ձմեռ է՝ Վանուշ Արզաքանյանը կնոջ հետ տնակային պայմաններում է ապրում: Նրա ընտանիքը, հարյուրավոր բնակիչների նման, հանուն պետական շահի, վտարվել է Արամի 86 հասցեի իր տնից եւ այժմ համբերատար սպասում է մինչեւ որ որպես փոխհատուցում՝ իրեն նոր բնակարան կհատկացնեն:
«Մինչեւ Կոնդի ծայրը երաժշտությանս ձայնն է: Թող լսեն, էլի, մենք հո սոված փորներիս մենակ չենք լսելու: Ընկերներս ամեն ինչ էլ բերում են՝ հենց նեղն ենք ընկնում: Էս էլ գրել եմ, որ ավելի ուրախ անցնի օրներս»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վ. Արզաքանյանը, ու ձեռքով ցույց տվեց տնակի պատին փակցված «դատարկ ձեռքով դուռը չթակել» բովանդակությամբ ցուցանակը: Վ. Արզաքանյանը պատմեց, որ իրենց տունը, որը գտնվում էր շենքի կողքին, պատմական մեծ արժեք էր ներկայացնում, քանի որ այդտեղ տարիներ առաջ Նիկոլայ Առաջին ցարն է հյուրընկալվել. «Ու դիմադրում էի, գիտե՞ք, սաղ ժողովուրդը ցրվել էր, ես տնիցս դուրս չէի գալիս, ասում էի՝ ախր սա էդ տունը չի, որ պիտի քանդեք: Բայց ի՞նչ, մի օր էլ էկան, բուլդուզերը քցեցին ու ավերեցին: Ըսկի կնիկս չհասցրեց դուրս գա տնից: Վախից հազար ու մի հիվանդության տեր դարձավ»: Վ. Արզաքանյանի տունը իրացնելուց հետո՝ նրան մի փոքրիկ տնակ են տալիս ու զգուշացնում, որ այլեւս չդժգոհի. «Յորղան-դոշակս տվին գլխիս, ասին՝ գնա ու ապրի: Մինչեւ ուզում էի մի հարց լուծել, արդեն իմանում էին: Ասի՝ ավելի լավ է հանգիստ էստեղ ապրեմ, էլի»:
66-ամյա Վ. Արզաքանյանը հոգնել է տնակի անմխիթար պայմաններից բողոքելուց եւ դրանք բարելավելու նպատակով՝ տնակին կից զուգարան, խոհանոց ու նույնիսկ «օթյակ» է կառուցել, որտեղ հեռուստացույցից, «Յապոնչիկի» լուսանկարից եւ սոխի պահեստից բացի, տեղ է գտել նաեւ «պատմական» սեղանը, որի շուրջ ճաշել է Նիկոլայ ցարը: Տնակի մուտքի մոտ տարօրինակ ծաղկամաններ են տեղադրված: Վ. Արզաքանյանի պատմելով. «Դե, սրանք տանկի արդեն կրակած արկեր են: Գարնանը որ գաք, կտեսնեք, թե ինչ ծաղիկներ ունեմ: Դե, պետք է, չէ՞, շատ թե քիչ մարդավարի ապրենք: Թե չէ սկզբում թունելում էինք գնում զուգարան, բաղնիքը վեդրոյով էր, ամառն էլ կտոր էինք կապում՝ բացօթյա լոգանք էինք ընդունում»:
Վանուշ Արզաքանյանը կենսաթոշակի տարիքի է, բայց թոշակ չի ստանում, քանի որ բնակարանի քանդման ժամանակ բոլոր փաստաթղթերը կորցրել է. «Զոռով էս տարի անձնագիրս եմ վերականգնել, բայց դե ո՞նց անեմ էդ անտեր աշխատանքային գրքույկի հարցը: Պահակություն եմ անում էս շինհրապարակում, բայց դե էս գործն էլ է կանգնել ու փետրվարից աշխատավարձ չեն տվել»:
Վանուշ Արզաքանյանի կինը՝ տիկին Անահիտը, առողջական խնդիրներ ունի, սակայն հիմա բուժում չի ստանում, քանի որ. «Ամռանը մի երիկամս հեռացրին, ու հիմա էլ լավ չեմ, բայց եթե մի հատ գնամ բժշկի՝ մի ամիս պետք ա սոված մնամ»:
Համաձայն պայմանագրի՝ Վանուշ Արզաքանյանը պետք է կառուցվելիք 13 հարկանի շենքի 3-րդ հարկում 70 քմ բնակարան ստանա: «Էս ամառ իբր պետք է ավարտվեր շենքի կառուցումը, բայց էս կրիզիսի պատճառով շենքի շինարարությունը դադարեցրել են: Դեռ եսիմ ինչքան ենք մնալու էստեղ»,- ասաց նա: Վ. Արզաքանյանի կարծիքով, դա դեռեւս փոխհատուցում չէ, քանի որ ինքը նաեւ երկու ավտոտնակ եւ հող է ունեցել, որի դիմաց պետությունը չի էլ հատուցելու:
Մեր այցելության ժամանակ Վ. Արզաքանյանին մի մարդ էր հյուր եկել, որը ջանասիրաբար հետեւել էր դռան վրա փակցրած հայտարարությանը: Նա դատարկաձեռն չէր եկել եւ իր հետ սնունդ էր բերել. «Ընկերս էր, իմացավ աշխատավարձ արդեն չեմ ստանում, խանութից պանիր, հաց ու նման բաներ էր առել բերել: Մի հատ էլ էսա գրելու եմ, որ «Բյուջես ամբողջովին ճեղքվել է»: